Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գառնի»-ում թևածում էր Կոմիտասի և Թումանյանի շունչը. անցկացվեց հոբելյանական համերգ

Հուլիս 15,2019 12:42

Հայաստանի երեք առաջատար երաժշտախմբեր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես եկան Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված համերգով: Հուլիսի 14-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված երեկոյին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Համերգը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը նվիրված էր Կոմիտասին, այդ հատվածում երաժշտախմբերը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, երկրորդ մասը նվիրված էր Թումանյանին, այն ղեկավարեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Համերգի մեկնարկն ազդարարվեց Կոմիտասի ձայնով, այնուհետև հնչեցին կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ:  Ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ: «Գառնի»-ի տարածքում տեղակայված էին մեծ էկրաններ, որոնցով ունկնդիրը ոչ միայն հետևում էր համերգին, այլև Կոմիտասին և Թումանյանին առնչվող ինքնատիպ տեսաշար էր տեսնում, որում ներկայացված նյութերի մեծ մասը հանրությանը ներկայացվում էր առաջին անգամ: Երաժշտախմբերի ելույթներն ամբողջացնում էին ինքնատիպ լուսային էֆեկտները:

Երկու ժամ տևողությամբ մեծամասշտաբ երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես եկան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը(դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել այս համերգային երեկոյին: Իրականացվել է ծավալուն կազմակերպչական աշխատանք՝ հավուր պատշաճի կազմակերպելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված այս մեծամասշտաբ համերգը: Վստահ ենք՝ համերգային երեկոն դուր եկավ մեր ունկնդրին, և մեր ունկնդիրն այն դեռ երկար կհիշի: Այս համերգը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված տարվա ամենամեծ ծրագրերից էր»,-ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031