Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք` ֆրանսիացիներս,  շատ զգացված ենք նրանով, թե որքան եք դուք սիրում Ֆրանսիան, ինչպիսի սեր եք տածում ֆրանսիացի ժողովրդի հանդեպ և ինչպես եք կարողանում պատշաճ կերպով քարոզել ֆրանսիական արժեքները. Ժոնաթան Լաքոթ

Հուլիս 15,2019 12:13

Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն ու բազմաթիվ այլ հյուրեր մասնակցեցին Մասիսի Ֆրանկոֆոնիայի բուլվարում կայացած միջոցառմանը` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին:

Միջոցառումը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի ու Մասիսի երիտասարդական կենտրոնի կողմից AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Դեսպանը հյուրերի հետ մասնակցել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշներով կազմակերպված երթին` ի նշան հայ-ֆրանսիական բարեկամությանը, որով էլ ազդարարվել է միջոցառման մեկնարկը: Այնուհետև տեղի է ունեցել «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» խորագրով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը, որի քվեարկությանը մասնակցել է նաև Ժոնաթան Լաքոթը:

«Այս պահին Ֆրանսիայի հանրապետությունը Ֆրանսիայում զուգահեռաբար տոնում է հուլիսի 14-ը` մեր ազգային տոնը, և այդ  ամբողջն ուղղորդվում է Էյֆելյան աշտարակում կազմակերպված հրավառությամբ, բայց կարծում եմ, որ այս ջերմությունը, արևն ու տաքությունը ոչ մի բանով չեն զիջում տոնը հավուր պատշաճի նշելու այս փոքր քաղաքում` Մասիսում, որը կարողացել է մեզ պարգևել AFFA բարեգործական հիմնադրամը: Հավատացեք, որ մենք` ֆրանսիացիներս,  շատ զգացված ենք նրանով, թե որքան եք դուք սիրում Ֆրանսիան, ինչպիսի սեր եք տածում ֆրանսիացի ժողովրդի հանդեպ և ինչպես եք կարողանում պատշաճ կերպով քարոզել ֆրանսիական արժեքները», -ասել է դեսպանը:

Հյուրերը շրջել են Ֆրանկոֆոնիայի բուլվարում և հետևել կավագործության ու նկարչության վարպետության դասին, որից հետո համերգային ծրագրով սկսվել է միջոցառման երկրորդ հատվածը: Համերգային ծրագիրը լեցուն էր Հանրապետական գվարդիայի լարային քառյակի նվագակցությամբ Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերի կատարումներով, որով հիացած էր հանդիսատեսը:

«Հայաստանը շատ ջերմ ու քաղցր երկիր է: Հաճելի էր Մասիսում բացօթյա համերգ ունենալ, հատկապես Արարատի ներքո,  հանդիսատեսը շատ լավն էր: Հայերն առանձնանում են իրենց հմայքով: Մասիսի համար մեծ հնարավորություն է ունենալ Ադիբեկյան հիմնադրամ, որը շատ բան է անում քաղաքի և հայ-ֆրանսիական բարեկամության համար»,- ասել է Ժերեմի Դելվերը:

Միջոցառումը եզրափակվել է ֆոտոմրցույթի քվեարկության արդյունքների ամփոփումով և շքեղ հրավառությամբ:

 

Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:

Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և  կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում մինչև  18 տարեկան 120  երեխա:

Ալվարդ Հարությունյան, Մասիսի զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031