Սերգեյ Փարաջանովի 95- ամյակին նվիրված «Կինոյի տաճար» բացառիկ ինստալացիոն ցուցադրությունը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ նախաձեռնել էր լեհ-բրիտանացի պրոդյուսեր և կինովերականգնման փորձագետ Դենիել Բըրդը, մեր իրականության մեջ բոլոր առումներով բացառիկ մի երևույթ էր: Կինոյի նախկին տաճարում ծես էր. «Սայաթ -Նովա» ֆիլմը վերջապես հիսնամյա ժխտման ժանգից մաքրվում էր՝ թվային վերականգնումից հետո ֆիլմից դուրս մնացած դրվագների եզակի ինստալացիոն ցուցադրությամբ: Սպասում էի մեծ ազդավահանակի, բայց ինստալացիայի վայրն ինձ ցույց տվեց «Այրարատ-Ռոսիայի» մշտական «ռեզիդենտ»՝ կենսախինդ մի առևտրական: Ժամը չորսը չկար, երբ մտա քանդուքարափ կինոդահլիճ, որտեղ Փարաջանովին նվիրված ֆիլմ էր ցուցադրվում. ժամանակն իրոք հարաբերական է դառնում, երբ հայտնվում ես մի վայրում, որտեղ բազմաթիվ էկրաններից միաժամանակ վրադ է թափվում Սերգեյ Փարաջանով՝ կինոյի քրմի օրհնությունը: Փարաջանովի կախարդանքին գումարվել էր Դենիել Բըրդ անունով կինոմիսիոների, ճարտարապետ Թարխանյանի և իհարկե Մանսուրյանի ու Սայաթ-Նովայի հմայանքը:
Ժամանակի, տարածության, ճարտարապետության, հնչյունի, գույնի, լույսի, շարժման, «փերֆորմանսի», մանրանկարչության, կոլլաժի, «կինոգեղանկարչության» ու ինստալացիայի կախարդանքը զորեղ էր. ես բառացիորեն չէի կարողանում լքել սրահը: Ժամը ութին մոտ էր, ցուցահանդեսն արդեն փակվում էր. դանդաղ քայլերով իջա աստիճաններով ու դեպի ելքն ուղղվելով՝ տեսա Դենիել Բըրդին՝ ֆոտոխցիկը ձեռքին:
-Շնորհակա՜լ եմ. դու՞ք եք ընտրել ցուցադրության վայրը,- հարցրի:
-Այո, ասացի, որ կհամաձայնեմ միայն այստեղ ցուցադրելու պայմանով:
Կարդացեք նաև
Բարեկիրթ օտարը մեզ տան ճամփեն է ցույց տալիս, մարդի՜կ…
Այնքա՜ն հարց ունեի, բայց անհարմար էի զգում ժամանակ խլել. ի զարմանս ինձ՝ Դենիելը պատրաստակամությամբ գտավ այդ ժամանակը: Պատմեց, որ վերականգնման ու թվային մշակման աշխատանքը հիմնականում ոչ մանուալ՝ ավտոմատիզացված է եղել, և իր խոսքերով՝ «այդպես շատ ավելի լավ է. Փարաջանովի հանճարեղ մոնտաժին այլ ձեռք դիպչել չէր էլ կարող:» Իհարկե, երաժշտության մասին պիտի՛ հարցնեի. մաեստրո Մանսուրյանին խնդրել են վերագտնել ֆիլմի երաժշտությունը, քանի որ պահոցներում հնչյունային նյութի փնտրտուքն ապարդյուն է եղել: Տարիների փորձով իմաստնացած մաեստրոն ասել է. «Հետ բերեք հանգուցյալ հնչյունային օպերատոր Յուրի Սայադյանին, և դա հնարավոր կլինի:» Նոր կապեր են հաստատվում նաև ձայնուղու (soundtrack) վերականգնման նպատակով, որոնց մասին ինձ իրավունք չեմ վերապահում հայտնել: Միով բանիվ՝ մեծ գործ և դեռ սպասվող հսկայածավալ աշխատանք՝ մինչև նախագծի հաղթական ավարտը: Բըրդն ասաց, որ տարեսկզբին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է այնքանն, ինչքանն արդեն մշակված է եղել, իսկ Երևանում մի քանի նոր դրվագներ էլ են հայտնվել. դրանք անսովոր դիտանկյունից կարելի էր վայելել սրահի անկյունային «կինովիհերի» հատակում տեղադրված կրկնակ էկրաններից: Ճակատագրի հեգնա՜նք. տեսնես՝ կինոյի պատմության մեջ կա՞ էլի մի ֆիլմ, որը կես դար անց դեռ բացահայտման մեջ է՝ մաս առ մաս…
1966-ին նկարահանած «Կիևյան որմնանկարների» արգելանքից հետո, որում, ի դեպ, «Նռան գույնի» հետ բացառիկ նման ու զուգահեռ կադրեր կան (տեսահոլովակը` ստորև), պարզ էր, որ մերկ կանանց պատկերող դրվագները պիտի դուրս մնային:
https://www.facebook.com/lucineh.hovanissian/videos/1189887164365861/
Սակայն ապշեցուցիչն այն է, որ փոքր բյուջեի պայմաններում ստեղծված բացառիկ գեղեցիկ այլ դրվագներ ևս դեն են նետվել, և դա հենց հեղինակի՛
ձեռքով: Ինչու՞… Պատճառը կարծեմ՝ լոկ «Կիևյան որմնանկարների» արգելքն ու 1968-ի «Պրահայի գարունով» առավել խստացված խորհրդային գրաքննությունը չէր, այլև Խորհրդային Հայաստանի մթնոլորտը: Այն, որ Խորհրդային Միությունում ազգային վառ դիմագծով ֆիլմ պետք չէր, ևս պարզ էր, սակայն Սայաթ-Նովան գրաքննության իմաստով հետապնդվող անուն չէր, ընդհակառակը՝ կարող էր ծառայել ազգերի բարեկամության խորհրդահաճո գաղափարին, մինչդեռ այդ անունն էլ գրաքննության առարկա դարձավ՝ ֆիլմի հնչյունային մոնտաժի ժամանակ: Փարաջանովագետ Ջեյմս Սթեֆենը մի ուշագրավ դիտարկում է արել. ըստ նրա՝ հայերեն տարբերակում տուժել է նաև ֆիլմի ձայնուղին (soundtrack): Սթեֆենը որպես օրինակ մեջբերում է բրուտագործի դրվագը՝ նշելով, որ ուշադիր հետևելիս ակնհայտ են բրուտի արտաբերած բառերը. «Սայաթ–Նովա, ե՛րգի: Սայաթ–Նովա, մե՜ռի:»*
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, բնականաբար, համակարգի երկաթե բռունցքն էր, իսկ ավելի ուշ շրջանում փարաջանովյան «Սասունցի Դավիթ» նախագիծը մերժող Կարեն Դեմիրճյանը կարող էր Փարաջանովի խորհրդավոր ենթատեքստերում խճճվել, բայց ժամանակի մտավորական սերուցքը պարտավո՛ր էր հասկանալ, ընդունել Սայաթ-Նովա-Աննա չկայացած տիեզերական միության հրեղեն բովում ինքն իրեն բացահայտող պոետ-ռեժիսորին, բայց չկարողացավ. թե՞ չցանկացա՞վ… Չէ՞ որ Փարաջանովը 1964-ին նկարահանած «Հրեղեն ձիեր» ֆիլմից հետո արդեն միջազգային համբավ ունեցող վարպետ էր: Իսկ էլի քանի՞սն են նույն բախտին արժանացել հայոց մեջ…
Հիշողությանս մեջ մեխվել է մաեստրո Մանսուրյանի՝ Կոմիտասին նվիրված մի գրքի առաջաբանի անդրանիկ տողը. ինչո՞ւ մեկնեց Կոմիտասը: Իսկ օրեր առաջ հենց ինստալացիայի առիթով մաեստրոն ասաց հետևյալը. «Փարաջանովը միայն «Նռան գույնը» ֆիլմով հաստատեց հայի չափազանց լինելու միտքը։»
Այո՛, բայց հանճարի «պատիժն» էլ չափազանց էր՝ ընդհուպ մինչև «Սայաթ-Նովա» անունը ֆիլմից հանելը, մինչդեռ պրոֆանների չափազանցությունները թե՛ այն օրերին, թե՛ հիմա ոչ միայն խոչընդոտների չեն բախվում, այլև չգրված օրենքի կարգավիճակի են ձգտում: Ո՛րչափ պիտի Փարաջանովն ազդված լիներ, որպեսզի ի հավելումն գրաքննության «կոտորածի»՝ ինքն իր ձեռքով դուրս նետեր նման չքնաղ մի դրվագ. ահավասիկ՝ գահավիժող Տիրամոր դեմքը:
՛՛ И не выдержал лик позора и рухнул на камни алтаря. И пробился родник в алтаре, из которого Саят-Нова испил воды, чтобы победить… ՛՛
Սա հատված էր Փարաջանովի հեղինակած սցենարից, որն ի դեպ, թարգմանվել է, և ըստ Դենիել Բըրդի՝ օգտագործվելու է ապագա փաստագրական ֆիլմում, երբ բոլոր դրվագների թվայնացումն ավարտվի:
Վերջաբանի փոխարեն
Երբ գարին լինի քանց ընկուզ մի…
Նժդեհին դավողը հայ էր, Կոմիտասին հիմարանոցում պահ տվողը հայ էր, Փարաջանովի արվեստը կացնահարողն էլի նույն հայն էր, որ գետ–անգետ՝ միացավ արտաքին ոսոխին: Ինքն իր մեծերին մեռցնելով՝ դեռ որքա՞ն պիտի հայը մեռցնի ինքն իրեն՝ դատարկ սալին զարկելով ու Արտավազդի փայը տալով…
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան, երաժիշտ, թարգմանիչ
* www.jamesmsteffen.net/2014/09/the-color-of-pomegranates-restored/