Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական գազը՝ Երեւան-Թեհրան նոր քննարկումներում

Հուլիս 15,2019 12:00

«Թեհրանը հաստատակամ է զարգացնելու եւ խորացնելու Երեւանի հետ հարաբերությունները ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը: Կողմերը նաեւ քննարկել են Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Հունիսի 30-ից հուլիսի 3-ը Փաշինյանի որոշմամբ Թեհրան պատվիրակություն գործուղվեց, որը մասնակցեց Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլք: Մհեր Գրիգորյանը հանդիպել էր Հասան Ռոհանիին եւ նրան տեղեկացրել էր, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

«Թեհրանը հաստատակամ է զարգացնելու եւ խորացնելու Երեւանի հետ հարաբերությունները ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներում»,- ասել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռոհանին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը նաեւ նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների, հատկապես Հայաստանի հետ: Նա նաեւ ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացումը արագացնելու կարեւորությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել էին նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության զարգացման եւս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները, ինչպես նաեւ մտքեր էին փոխանակել էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:

Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ուշագրավ տեղեկություն է հայտնել, թե Հայաստանը Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով: Այս ամսվա սկզբին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը, ում հետ հանդիպել էր Մհեր Գրիգորյանը, իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում ասել էր. «Իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է աճել, ներկայում բազմակողմանի բանակցություններ են ընթանում «սվոպ» տարբերակով՝ ապրանքների դիմաց գազի առաքում սկսելու համար»:

Այս պահի դրությամբ, իհարկե, հայ-իրանական պայմանավորվածություններ չկան, սակայն Գրիգորյանն ասել է. «Ես, այս պահի դրությամբ այն, ինչ որ քննարկել ենք, չէի անվանի պայմանավորվածություն, որովհետեւ, այնուամենայնիվ, մեր պայմանավորվածությունները դեռեւս թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է։ Նաեւ, իհարկե, քննարկվել է նման հարց, եւ էս հատվածով բանակցությունները կշարունակվեն։ Մոտ ժամանակներում իրանական կողմից այցելելու է մասնագետների խումբ, այս հարցի քննարկումը կարծում եմ՝ կշարունակվի։ Էս պահի դրությամբ ավելի կոնկրետ թվայնացված որեւիցե տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետեւ հանդիպման ընթացքում էդ թեման ընդամենը բացվեց, որը մինչ օրս բացված չէր, ի դեպ, չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, բայց էս թեման նոր է բացվել։ Թեման մշակման կարիք ունի, որովհետեւ ինքնին ինքը բավականին հետաքրքիր թեմա է, որը կարծում եմ՝ կունենա բանակցային զարգացումներ»։

Այսինքն, Իրանից սպառման համար գազ ձեռք բերելու եւ դրա դիմաց ապրանքներով վճարելու, փոխհատուցելու թեման հայ-իրանական բանակցություններում տեղ ունի: Գրիգորյանը հաստատեց այդ տեղեկությունը, սակայն՝ հավելելով. «Բայց, իհարկե, այդ իմաստով էստեղ մեզ անհրաժեշտ է նաեւ գնահատել մեր պոտենցիալը էլեկտրաէներգիայի։ Մեր համար, իհարկե, ամենացանկալի տարբերակը մաքսիմալ ներմուծված գազի դիմաց արտահանել էլեկտրաէներգիա, որովհետեւ մեր հզորությունների եւ պայմանավորվածության բալանսը թույլ է տալիս դրա արդյունքում տարիֆների վրա դրական ազդեցություն ունենալ»։

Իսկ հարցին՝ գազի գինը հնարավո՞ր է իջնի, Գրիգորյանը պատասխանել է. «Իհարկե, որովհետեւ, եթե զգում եք, խոսքը վերաբերում է նրան, որ համախառն էներգետիկ համակարգում է էֆեկտ ստացվում, եւ անկախ գազի գնից այդ էֆեկտը տարածվում է բոլոր սակագների վրա»։

Այսպիսով, հարցը դեռեւս քննարկման փուլում է, ապագայում բանակցությունների առարկա կդառնա, իսկ թե ինչպես կավարտվեն իրանական կողմի հետ բանակցությունները՝ ցույց կտա ժամանակը: Հայտնի է, որ իրանական կողմին հայ բանակցողները նախկինում մշտապես համարել են բարդ, սակայն հուսալի ու վստահելի բանակցողներ: Ինչ արդյունքներ կգրանցի Փաշինյանի կառավարությունը՝ ապագայի հարց է:

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների ներկայիս բարդ փուլում, իհարկե, կարեւոր է նաեւ Հայաստանի գործընկերներ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների մակարդակով, սակայն մշտապես նշվել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները միանգամայն ընկալելի են: Երկու ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա, նշել էր. «ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է հարավային սահմանը, կարեւոր է առեւտրի եւ անվտանգության համար: Մենք չենք խնդրում, որ Հայաստանը դադարեցնի Իրանի հետ իր առեւտուրը: Մենք շահագրգռված չենք այս երկրի եւ շատ կարեւոր հարեւանի միջեւ օրինական առեւտրին միջամտությամբ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031