Ասում է սահմանադրագետ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գեւորգ Դանիելյանը
«Եթե պետք է կենտրոնանաք միայն դատական իշխանության վրա եւ փորձենք առաջնահերթությունը պատկերացնել դատական իշխանության կտրվածքով, դա, միանշանակ, անընդունելի է, եթե անգամ «վեթինգն» իրականացվի միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ սահմանադրությանը լիարժեք համապատասխան»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով «վեթինգ»-ի սպասվելիք գործընթացին, ասաց սահմանադրագետ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գեւորգ Դանիելյանը: Հիշեցնենք՝ իշխանությունը հայտարարում է, որ «վեթինգը» վերապահվելու է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, դատավորների ընդհանուր ժողովին եւ ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմնին:
Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Իշխանության մյուս ճյուղերի կողմից մեկ այլ ճյուղի(որն առանց այդ էլ կախվածության հետ կապված խնդիրներ ունի) հանդեպ գործընթացը սկսելն անընդունելի է: Սա իմ տեսակետը չէ, այլ համընդհանուր մոտեցում: Եթե խնդիրը վերաբերում է պետական ծառայողների «վեթինգին» առհասարակ, սա արդեն այլ հարց է: Սրա հետ կարելի է համաձայնել եւ ասել, որ այն համընդհանուր խնդիր է, բայց կենտրոնանալ դատական իշխանության վրա, խոցելի է, եւ նշանակում է, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները նախաձեռնում են մի գործընթաց, որը խոցելի է դարձնելու դատական իշխանությունը՝ անկախ դրա որակից եւ ընթացքից: Հոգեբանական նախատրամադրվածությունն ինքնին հանգեցնելու է հետեւանքների: Չի կարելի թույլ տալ ունենալ կախյալ դատական համակարգ՝ բաղկացած միայն յուրայիններից»:
Մյուս կողմից, ըստ Գեւորգ Դանիելյանի, անգամ եթե «վեթինգի» գործընթացն իրականանա նշյալ կերպ՝ մեծ ուշադրություն պետք է դարձնել ընթացակարգերին եւ թե մասնակցության ինչ չափաբաժին կունենա նշյալ երեք մարմիններից մեկը կամ մյուսը. «Եթե հարցադրումների այն մասը, որի չի վերաբերի Բարձրագույն դատական խորհրդին, օրինակ՝ գույքային-ֆինանսական հարաբերությունների հստակեցումը, պետք է արձանագրել, որ ԲԴԽ-ն մասնագիտացված չէ նման հարցերում, ոչ էլ իր կարգավիճակով կարող է այդ հարցերի պատասխանները տալ: Նույնը վերաբերում է դատավորների ընդհանուր ժողովին: Իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովն, օրինակ, կարող է այս դեպքում միջամտել՝ չխաթարելով դատական իշխանության եւ դատավորների անկախությունը: Կկարողանա՞ն դա անել եւ մշակել այնպիսի ընթացակարգեր, որպեսզի դա ապահովվի: Եթե այո, որեւէ մեկը դրան դեմ չի լինի»:
Կարդացեք նաև
Դառնալով Բարձրագույն դատական խորհրդին՝ Գեւորգ Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ բոլոր արդյունքները պետք է կենտրոնանան այդ կառույցում. «Դատավորների ընդհանուր ժողովն ու հակակոռուպցիոն հանձնաժողովն իրավասու չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ դատավորների կարգավիճակի վերաբերյալ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրություն են անում, հանձնաժողովներ ձեւավորում: Դատավորի կարգապահական պատասխանատվության եւ նրա կարգավիճակի հետ կապված հարցերը պետք է կենտրոնանան միայն ԲԴԽ-ում: Այն չի կատարի ինքնուրույն հետազոտություններ եւ ուսումնասիրություններ, բայց արդյունքների գնահատականը տալը պետք է վերապահվի միայն իրեն: Առհասարակ, ճիշտ կլինի, եթե «վեթինգի» գործընթացը վերաբերի բոլոր պաշտոնյաներին: Նման գործընթացներում ցնցումների չեն գնում, այլ ստեղծում են մեխանիզմ, որով հնարավոր է հասնել այս պահին նշանակված բոլոր պաշտոնյաներին: Դա պետք է արվի ոչ թե միանվագ, այլ մշտական, որովհետեւ պաշտոնյան այսօր կարող է համարվել վստահելի, իսկ հետո՝ կասկածներ առաջացնի: Փորձը ցույց է տալիս, որ «վեթինգի» միանվագ գործընթացը խիստ կասկածներ է առաջացնում»:
Մեկնաբանելով այն փաստը, որ ԲԴԽ անդամների մի մասը, այդ թվում՝ ինքը, վերջերս հրաժարական ներկայացրին, Գեւորգ Դանիելյանը շեշտեց. «Հաշվի առնելով այն, որ հանրության մի անորոշ հատվածի մոտ կար անվստահություն դատավորների 20-25%-ի հանդեպ, ինչն արտահայտվեց Բարձրագույն դատական խորհրդի դեմ, ասացինք՝ հարգելիներս, տալիս ենք հրաժարական եւ հնարավորություն, որպեսզի ձեւավորվի վստահության առավել բարձր ցուցիչ ունեցող կազմ, բայց մենք չտեսանք, որ դա արվեց: Հետեւաբար, եթե սա պետք է արվեր, մեր հրաժարականներն ինչ-որ տեղ անիմաստ էին: Աննա Մարգարյանը, որը բարձրակարգ իրավաբան էր եւ հանրության կողմից ընդունված, ընդամենը համարձակություն էր ունեցել որոշակի հարցերի վերաբերյալ իր սկզբունքներն ու ինքնուրույն տեսակետները հայտնելու՝ չսիրաշահելով, եւ նա չընտրվեց ԲԴԽ անդամ, մինչեռ նրան պետք է նուրբ ձեռքբերում համարեինք, նա պետք է տեղ գտներ ԲԴԽ-ում: Դրանից կշահեր ԲԴԽ-ն, ինչպես նաեւ՝ քաղաքական ուժը, որը ցույց կտար, որ որեւէ նախապաշարումներ չունի: Մյուսներին առիթ կունենամ անդրադառնամ, բայց տպավորություն չունեցա, թե ԲԴԽ-ից գնացին անվստահելիները, եւ եկան՝ վստահելիները: Թող բոլորը սա ընդունեն: ԲԴԽ անդամների դիրքորոշումների բազմազանությունը վտանգավոր չէ, դրանից պետք չէ խորշել: Որքան տարաբնույթ լինեն դիրքորոշումները, այնքան այդ կառույցն առողջ կլինի, այլապես ճահճացում կունենանք»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
13.07.2019