Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ արտիստականությամբ օպերային երգչուհի, որ նախընտրում է իր «հագով» ներկայացումները

Հուլիս 15,2019 11:00

Օրերս Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կայացավ հեղինակավոր թատրոնների եւ նվագախմբերի ցանկալի հյուր, 2019թ. լոնդոնյան «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը: Հիշյալ մրցանակաբաշխությունում երգչուհին հաղթող է ճանաչվել նաեւ 2016թ. «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում:

Հանրահայտ օպերային երգիչներ Իրենա Միլկյավիչույտեի եւ Գեղամ Գրիգորյանի դուստրն առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ 2006թ. Անուշի դերերգով Տիգրանյանի համանուն օպերայում, որտեղ Սարոյի կերպարը մարմնավորում էր հայրը: Այս ներկայացմամբ նշվում էր Գեղամ Գրիգորյանի ծննդյան 55-ամյակը: Հետո արդեն Հասմիկ Գրիգորյանը Երեւանի օպերային բեմում երեւաց 1-2 անգամ՝ ոչ ավելի: Հիշարժան է նրա երեւանյան համերգներից մեկը, որտեղ նա Ռուբինշտեյնի «Դեմոն» օպերայից դուետով հանդես եկավ Դմիտրի Խվորոստովսկու ընկերակցությամբ:

Այսօր երգչուհին պահանջված է Ստոկհոլմի Թագավորական, Հռոմի Օպերային, Լոնդոնի «Քովեն Գարդեն», Սանկտ Պետերբուրգի Մարիինյան, Մոսկվայի Մեծ ու Միխայլովյան եւ այլ հեղինակավոր թատրոնների կողմից (բոլորը չես թվարկի):

Հասմիկ Գրիգորյանն ու Կոնստանտին Օրբելյանը Երեւանյան բեմում

Անդրադառնալով երեւանյան մենահամերգին ու քանի որ այն դեռ երկար կհիշվի ունկնդրի կողմից, բարձրարվեստ երգչուհուն դիտարկենք այլ տեսանկյունից: Համերգի սկզբում դեռ կուլիսներից մինչեւ բեմի կենտրոն հասնելը, իսկ այդ օրը սոպրանոյի գործընկերն էր թատրոնի նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ եւ երգչախումբը (խմբավար՝ Հրաչ Բորյան), երգչուհին մի գերագույն հմայքով լցրեց հանդիսականով լեփ-լեցուն դահլիճը: Իսկ այդ պահին հանդիսականի «պրպտող միտքը» փորձում էր հասկանալ, թե դա ի՞նչ զորություն է, որ մինչ համերգի սկսվելը, մինչ երգչուհու առաջին ստեղծագործության մեկնաբանությունը (Ռիխարդ Շտրաուս՝ «Հինգ երգ», որին հաջորդեցին Տատյանայի նամակի տեսարանը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, Ջրահարսի արիան Դորգոմիժսկու համանուն երկից, Անուշի արիան եւ այլն), որ նման «հորձանուտի» մեջ ընկան:

Իսկ կուլիսից դեպի առաջնաբեմ քայլող ազատ ու ձիգ կեցվածքով, ազնվական զուսպ պահվածքով, արժանապատիվ ու անշտապ քայլվածքով, բարեժպիտ, բարեհոգի նայվածքով, պարզ, բայց շքեղ բեմական հագուստով, բարձրաշխարհիկ, կարծես տասնյակ տարիների ապրելակերպով հղկված կանացիությամբ… անմիջապես գրավեց դահլիճը: Փաստենք, որ նման կախարդիչ հմայք ամեն արվեստագետ չի ունենում, դա միգուցե աստվածային կա՞յծ է, որը ճառագում է ոչ այնքան աչքերից, որքան հայացքից, ոչ այնքան ժեստերից, որքան պահվածքից… Դա հենց արտիստականությունն է, որպես կանոն, բնածին մի որակ, ինչը շատ հաճախ դժվար է ձեռք բերել աշխատանքով: Դա ռիթմի զգացողության նման մարդու մեջ ի ծնե կամ լինում է, կամ ոչ: Այս որակները տեսանելի էին Հասմիկ Գրիգորյանին դեռեւս մինչեւ բեմի կենտրոն գալը: Համերգի ընթացքում արվեստագետի արտիստականությունը մի նոր ու կախարդիչ հմայք հաղորդեց ստեղծագործությունների կատարմանը:

Հայրիկի հետ

Համերգային ծրագիրը ներկայացնելուց հետո երգչուհին երախտիքը հայտնեց երկու սիրված արիաների կատարմամբ եւս (Պուչինիի երկու օպերաներից՝ Մադամ Բաթերֆլայի արիան՝ համանուն օպերայից եւ Միմիի արիան՝ «Բոհեմից»):

Ժամանակին լուսահոգի Գեղամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում առանց մանրամասնելու ասել էր, որ շատ կուզենար Երեւանում դուստրը հանդես գար Բաթերֆլայի դերերգով:

Ամուսնու՝ Վասիլի Բարխատովի հետ

Հասմիկ Գրիգորյանի երեւանյան ասուլիսից հետո տարաբնույթ խոսակցությունների առիթ է դարձել երգչուհու հնչեցրած միտքը, թե առաջնություն է տալիս ռեժիսորների այն հրավերներին, որոնք իրենց բեմադրությունը ձեւում են իր «հագով»: Այս կապակցությամբ նկատենք, որ ամուսինը՝ ռեժիսոր Վասիլի Բարխատովը, գոնե իր որոշ բեմադրություններ իրականացրել է, նկատի ունենալով հենց սեփական կնոջը: Օրինակ՝ Մարիինյան թատրոնում Դորգոմիժսկու «Ջրահարսը», Վերդիի «Օթելլոյում» Դեզդեմոնայի դերերգը, Միխայլովյան թատրոնում Վագների «Թռչող հոլանդացին» ներկայացման մեջ Սենտան, Չայկովսկու «Եվգենի Օնեգինում»՝ Տատյանան եւ այլն: Տեղին է նկատել, որ մեծանուն որոշ օպերային դիվաներ, օրինակ՝ Մարիա Կալլասը, պարզապես արգելել է ռեժիսորին իր պրեմիերայից հետո տվյալ դերերգի մեկնությունը Մոնսերատ Կաբալյեի կողմից…… Հարցին, հնարավո՞ր է «նոր» Անուշով առաջինը ձեզ տեսնենք, եթե այդ օպերայի համար հայտարարված ռեժիսորների մրցույթում հաղթողը իր բեմադրությունն իրականացնի՝ նկատի ունենալով ձեզ, Հասմիկ Գրիգորյանը ժպիտով պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Բայց ռեժիսորը պետք է սպասի գոնե մի քսան տարի, քանի որ հյուրախաղային գրաֆիկս անհավանական խիտ է: Երեւանի օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել նոր ռեժիսուրայով «Անուշի» բեմադրությանը»:
Հետաքրքրությանը, թե հնարավո՞ր է երբեւէ իրականացնի հոր երազանքը՝ վոկալի ակադեմիայի հիմնումը Երեւանում, երգչուհին ասաց. «Այո՛, բայց չեմ կարող այս պահին գոնե մոտավոր ժամկետ նշել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031