Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչի մասնակցությամբ առեւանգման գործով տուժողը դժգոհ է

Հուլիս 15,2019 10:30

Իրա Խ.-ն երկու տարի առաջ՝ 2017թ.-ին ՀՔԾ-ում հաղորդում էր տվել իրեն առեւանգելու, իր փաստաթղթերը հափշտակելու մասին: Վերջինս ՀՔԾ-ում հայտնում է, որ իր նկատմամբ կատարված հանցագործությանը մասնակից է նաեւ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը: Ահա, թե ինչու է գործի նյութերը նախապատրաստվում հատուկ քննչական ծառայությունում:

ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնական հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ Գ.Հակոբյանի որոշմամբ տուժող է ճանաչվում Իրա Խ.-ն:

Տուժողը հայտնում է, որ «Մարզի՝ վարույթն իրականացնող քննիչի կողմից գործադրված սպառնալիքների եւ հոգեբանական ճնշման ազդեցության տակ հրաժարվել է ինչպես առեւանգման, այնպես էլ առեւանգմանը հիշյալ պաշտոնատար անձի մասնակցության վերաբերյալ նախկինում հայտնած հանգամանքներից», ահա թե ինչու, չվստահելով մարզային քննչականին, նա չի հայտնում, որ առեւանգելուց հետո իր բնակարանից անհետացել է 17 000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՔԾ պետին առընթեր ՀՔԾ քննիչը քրեական գործ հարուցելու մասին իր որոշմամբ արձանագրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը, լինելով պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներից ելնելով, Արմեն Միրզոյանի օժանդակությամբ կազմել եւ շրջանառության մեջ է դրել մի փաստաթուղթ, որում մտցրել է «ակնհայտ սուտ տեղեկություններ եւ կատարել է կեղծ գրառումներ»: Նշյալ անձանց նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին:

Մեղադրական եզրակացության համաձայն. «Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Ալեքսանյանը հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությամբ օժտված պետական պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով իր վարույթում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ 20142715 քրեական գործի նախաքննության ընթացքում նույն գործին առնչվող Արմեն Միրզոյանի օժանդակությամբ կազմել եւ քրեական գործին կցելու եղանակով շրջանառության մեջ է դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր եւ իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ կատարել կեղծ գրառումներ»:

Վարուժան Ալեքսանյանի 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ իրեղեն ապացույց են ճանաչվել գործով տուժող Իրա Խ.-ի անձնական իրերը, այդ թվում՝ 1600 ԱՄՆ դոլարը: Նշված գումարից 700 ԱՄՆ դոլարը Իրա Խ.-ին այդ պահին չվերադարձնելու շահադիտական նպատակով, ինչպես նաեւ իրեղեն ապացույց ճանաչված մյուս իրերն արագ վերադարձնելու տուժողի խնդրանքը չմերժելու եւ իր հետ քրեական գործի քննության ընթացքում մտերմացած, հետագայում որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Միրզոյանի հետ հարաբերությունները չվատթարացնելու անձնական այլ դրդումներով. Վարուժան Ալեքսանյանը նույն օրը 2015թ. հոկտեմբերի 19-ի թվագրմամբ Արմեն Միրզոյանի ներկայությամբ եւ օժանդակությամբ կազմել է «իրեղեն ապացույցն ի պահ հանձնելու մասին» կեղծ բովանդակությամբ արձանագրություն:

Քննիչ Վարուժան Ալեքսանյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր ներառել նաեւ դատավարական գործողությանը ընթերակաների մասնակցության վերաբերյալ, այդ հարցում, ըստ գործի նյութերի, նրան օժանդակել, տեղեկատվություն է տրամադրել Արմեն Միրզոյանը, որն ինչպես տուժող Իրա Խ.-ն է տեղեկացնում «Առավոտին», իր հարեւանն էր, քննիչին հայտնելով իր մտերիմների` աբովյանցիներ Տիգրան Սարգսյանի եւ Արթուր Գրիգորյանի կենսագրական տվյալներն ու բնակության վայրերը:

Մեղադրանքի կողմի համաձայն, ավագ քննիչը ընթերակաների մասնակցության մասին կեղծ տեղեկություններ մտցնելուց բացի, «կատարել է նաեւ ակնհայտ կեղծ գրառում իրեղեն ապացույց ճանաչված 1600 ԱՄՆ դոլարն, իբրեւ, ամբողջությամբ այդ պահին Իրա Խ.-ին պահ հանձնելու-վերադարձնելու վերաբերյալ, իրականում, սակայն, այդ գումարից Իրա Խ.-ին այդ պահին վերադարձրել է միայն 900 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 700 ԱՄՆ դոլարը վերադարձրել է արձանագրությունը կազմելուց միայն երկու ամիս անց»: Գործը մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում է 2017թ. հունիսի 30-ից: Իրա Խ.-ն դժգոհ է դատական գործընթացից:

Դատավոր Հ. Ավագյանը 9 դատական նիստ անցկացնելուց հետո բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը, հետեւյալ պատճառաբանությամբ:

«Գտնում եմ, որ նշված քրեական գործը չի կարող շարունակվել քննվել իմ վարույթում: Քրեական գործը քննելիս եւ համապատասխան դատական ակտեր կայացնելիս ականատես եմ եղել այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ:

Տվյալ դեպքում, հարկ է արձանագրել, որ թիվ ԿԴ2/0040/01/17 քրեական գործով ամբաստանյալ Արմեն Միրզոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը գնահատելու եւ այդ մեղադրանքի վերաբերյալ գործն ըստ էության լուծող օբյեկտիվ դատական ակտ կայացնելու համար առանցքային նշանակություն կարող է ունենալ դատախազ Վ. Միլիտոնյանի 2017 թվականի մայիսի 23-ի՝ թիվ 20142715 գործով քրեական հետապնդում չիրականացնելու մասին Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Հակոբյանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերացնելու մասին, որոշման իրավաչափության հարցի գնահատումը։ Այդ որոշման դեմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազին ներկայացված բողոքում Իրա Խ.-ն նշել է, որ նշված որոշումն ինքը չի ստացել, այն իրեն տրամադրվել է միայն 2017 թ. մայիսի 12-ին, ինչի կապակցությամբ խնդրել է բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարել, որպիսի միջնորդությունը դատախազի որոշմամբ բավարարվել է։ Դատական քննությանը մասնակցել է նաեւ տուժող Իրա Խ.-ն՝ իր ներկայացուցչի հետ միասին»: Ինքնաբացարկն ընդունած դատավորը նշում է, որ ծանոթ է եղել տուժողի ցուցմունքներին, փաստական տվյալներին. «Տուժողը ցուցմունք է տվել նաեւ այն մասին, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Հ. Ավագյանի կողմից վերը նշված դատական ակտերը հրապարակելուց հետո, երբ դուրս են եկել դատարանի շենքից, Արմեն Միրզոյանն իրեն ասել է, որ տեսար՝ ինչ արեցի, ում պետք էր, ինչքան պետք էր փող տվեցի, իմ հարցերը լուծեցի»։

Ըստ այդմ, դատավորը հայտնել էր. «Նկատի ունենալով՝ տուժող Իրա Խ.-ի հայտնած փաստական տվյալներն իրենց մեջ առերեւույթ պարունակում են հանցագործության մասին տեղեկություններ՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Հ. Ավագյանը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով (184-րդ հոդվածի 1-ին մաս) դիմել եմ սույն գործով մեղադրող՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Ա. Շահբազյանին՝ խնդրելով իրավասու մարմիններին հանձնարարել տուժողի ցուցմունքների առնչությամբ կատարել քննություն եւ անհրաժեշտության դեպքում հարուցել քրեական գործ»։ Խոսքը 2018 թվականի մարտի 15-ի դատական նիստի ընթացքում հայտնած փաստական տվյալների մասին է:

Դատավոր Հ. Ավագյանի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելուց հետո այն գտնվում է դատավոր Գեղամ Մարգարյանի վարույթում, որի նախագահությամբ տասներկու դատական նիստ է հրավիրվել:

Օրեր առաջ՝ հուլիսի 10-ին նշանակված էր հերթական դատական նիստը: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, տուժողը ներկայացրեց, թե ինչպես են իրեն առեւանգել Զառ գյուղից, ինչպես է իր ծանոթներին առեւանգումից վայրկյաններ առաջ ի պահ տրված գումարը վերցրել հարեւանը՝ Արմենը. խոսքը երեսուն հազար դոլար, վեց հազար եվրո գումարի մասին է: Նրան գումարի համար մի քանի հոգով տարել են «Էդեմ» հյուրանոցային համալիր, պարբերաբար ծեծել է Արմենը, որպեսզի հայտնի գումարի տեղը: Ապա փակելով հյուրանոցի տվյալ համարի սենյակի դուռը, գնացել էր, սակայն Իրան չորրորդ հարկից իրեն ցած էր նետել՝ ստանալով մարմնական վնասվածքներ՝ կոտրել էր երկու ձեռքերը: Նա բուժօգնություն էր ստացել «Աստղիկ» հիվանդանոցում, գիպսի մեջ են եղել երկու ձեռքերը: Դիմելով ոստիկանության Մալաթիայի բաժին՝ խնդրել էր, որպեսզի իր գործը չուղարկեն Կոտայքի մարզի ոստիկանություն: Սակայն, այնուամենայնիվ, ուղարկվել էր:
Ըստ տուժողի, մեղադրյալ քննիչին էլ հովանավորում է ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում աշխատող քննիչներից մեկը, որն անցնում է ՀՔԾ-ում գործից առանձնացված մասով՝ բնակարան մուտք գործելու, մնացյալ գումարը գողանալու: Այդ քննիչի տվյալները խմբագրությունում են, ու զարմանալի է, որ առերեւույթ հանցագործության մեջ մեղադրվողի լիազորություններն առժամանակ չեն դադարեցվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

13.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031