Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. ՍԴ դատավոր եւ անդամ տարանջատումը մտացածին է

Հուլիս 15,2019 10:07

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է`

1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատարական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ , որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:
1.1. Հայաստանի իշխանությունների հրավերով ՀՀ է ժամանել ԵԽ բարձրաստիճան պատվիրակություն` քննարկելու դատաիրավական բարեփոխումները:

«ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։»։

Կարծում եմ կարիք չկա երկար-բարակ բացատրել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ մեղմ ասած համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնվել են այդ մտքից հրաժարվել, ինչն իհարկե խիստ խրախուսելի է:

2. Հանձնաժողովի մյուս կարևոր շեշտադրումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին է վերաբերում: Հանձնաժողովը տեղեկացվել է Վահե Գրիգորյանի մեկնաբանություններին և արդյունքում շեշտել հետևյալը.

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Այստեղ ևս ամեն ինչ կարծում եմ հստակ է: Ավելորդ գունազարդ մեկնաբանությունների կարիք չկա՝ ՍԴ դատավոր եւ անդամ տարանջատումը մտացածին է։ Հավելեմ, որ հանձնաժողովը լիազորել է հանձնաժողովի նախագահ Զ. Բուքիքիոյին հետևել այս հարցի շուրջ զարգացումներին և ըստ անհրաժեշտության հանդես գալ հրապարակային հատարարությամբ:

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արդարադատության նախկին նախարար,

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3348808068478374

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031