Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. Նախկինում մի քանի դեպուտատ իրանց ցույց տալու համար մեր անունները տալիս էին, հիմա մեր անունը տվող էլ չկա

Հուլիս 14,2019 21:36

Ուղիղ 15 տարի Կապանի «Ազատամարտ» կոմիտեն ղեկավարող Խորեն Հարությունյանը կես կատակ, կես լուրջ ասում է, որ նախագահի պաշտոնը ցմահ է։

«Ամեն տարի ինձ են ընտրում առանց ընտրակաշառքի ու կեղծիքի»,-ասում է նա։ Իշխանափոխությունից հետո, ըստ Խորեն Հարությունյանի, կոմիտեի աշխատանքում ոչինչ չի փոխվել։ Ինքը «ճշտով է միշտ աշխատել»։ Մի քիչ նեղսրտում է Սյունիքից ընտրված պատգամավորների, եւ ոչ միայն նրանց, անուշադրությունից։

«Նախկին օրենսդրում կռվին մասնակցած մի քանի դեպուտատ իրանց ցույց տալու համար մեր անունները տալիս էր։ Այսինքն՝ մեզ չէին մոռացել, ինչ որ տեղ հարցեր լուծվում էին, իսկ հիմա մեր անունը էլ տվող չկա», – նշում է արցախյան գոյամարտի եւ քառօրյա պատերազմի մասնակիցը։

Արցախյան գոյամարտում տարածաշրջանից զոհվեց 218 ազատամարտիկ, 300-ը տարբեր աստիճանի վիրավորում ստացան, 18-ն էլ համարվում է անհայտ կորած։ Ապրիլյան քառօրյային էլ երեք զոհ են ունեցել։

Կոմիտեի ֆինանսական միջոցները հիմնականում Զանգեզուրի պղնձամոլեբդինային եւ Կապանի կոմբինատների ներդրումներից են կայանում։ Կան նաեւ անհատներ, որոնք օգնում են։ Հետաքրքիր է, որ տարեցտարի փոխվում է զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչու չէ՝ նաեւ վիրավոր ազատամարտիկների մտածելակերպը։

«Փող խնդրելու հոգեբանությունը, կարծես, վերացել է։ Հիմա փորձում եմ մարդկանց զբաղվածության խնդիրը լուծել։ Իհարկե, գումարներ տրվում են հիվանդանոցի ու բուժման, դժբախտ դեպքերի ժամանակ»,-ասում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով որ ազատամարտիկների խնդիրներին մի քիչ հատուկ ուշադրություն է պետք։

Չնայած ուշադրության պակասին՝ անհրաժեշտության դեպքում Խորենն եւ իր ընկեր-ազատամարտիկները կմեկնեն առաջին գիծ։ «Բոլորս էլ այս աշխարհում ժամանակավոր ենք։ Մի օր ծնվել ենք, մի օր էլ մեռնելու ենք, միակ մնայունը հայրենի հողն է , որտեղ դեռ մեր սերունդները պետք է ապրեն։ Հայրենիքի համար պետք է պատրաստ լինես կյանքդ անգամ զոհելու»,-ասում է Խ. Հարությունյանը։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031