Aravot.am-ը Շենգավիթ համայնքում հուշակոթողի բացման արարողությանը մասնակցող Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ-ական 27-ամյա ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին մի քանի հարց ուղղեց:
Հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է Շենգավիթ համայնքը ղեկավարելը, որը մեծ է, բարդ եւ ոչ միատարր:
«Բոլոր վարչակասն շրջաններն էլ բազմաբնույթ են ե՛ւ մտածողության, եւ՛ կենսամակարդակի առումով: Չեմ կարծում, որ հեշտ է կառավարելը, բայց այնպես չէ, որ անկառավարելի է, կամ հնարավոր չէ ճիշտ կառավարել»,-ասաց նա:
Հարցրինք, թե իր դիտարկումներով համայնքն ի՞նչ խնդիրներ ունի:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, համայնքի խնդիրները շատ են. «Եթե չեմ սխալվում սոցիալապես անապահով խավն է ապրում Շենգավիթ վարչական շրջանում, աշխատանքներն այստեղ շատ-շատ են, ժողովրդի սպասելիքները՝ նույնպես: Բայց ամեն ինչ լավ է լինելու, խնդիրներ չեն առաջանալու, տարբեր հարցերի կարճաժամկետ, երկրարաժամկետ, միջնաժամկետ լուծման ուղիներ կան: Մենք կփորձենք մաքսիմում սեղմ ժամկետում լուծել բոլոր խնդիրները»:
Համայնքի ղեկավարը հատկապես առանձնացրեց աղբահանության հարցը. «Մենք չենք ասում, որ աղբահանության հարցը լավ է լուծվում, եթե խնդիր է լինում, մենք տուգանում ենք «Սանիթեք» ընկերությանը եւ պարտադրում, որ իր պարտականությունները լավ կատարի: Ցավոք սրտի, «Սանիթեքը» չի հասցնում պատշաճ կերպով կատարել իր առջեւ դրված խնդիրները, եւ քաղաքապետարանի կողմից ստեղծվել է աղբահանության նոր հիմնարկ, որը կաջակցի աղբահանության հարցերը պատշաճ իրականացնելուն: Առաջիկայում կունենանք մոտ քառասուն մեքենա, որոնց միջոցով աղբահանություն կիրականացվի ողջ քաղաքում»:
Ռազմիկ Մկրտչյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում մամուլում եւ սոցցանցերում շրջանառված այն կարծիքին, որ ինքն ընդամենը հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալած ակտիվիստ:
«Ես քմծիծաղով կպատասխանեմ նման կարծիքներին, եւ գնահատելով նման խոսակցությունները՝ կասեմ, որ դրանց լուրջ չեմ վերաբերվում: Մեկ-երկուսի կարծիքն է, բոլորինը չէ, ուղղակի մարդիկ ֆանտազիայի ժանրից բաներ են ասում, ես չեմ նեղվում դրանից: Ինձ ոչ թե նշանակել են Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, այլ գնահատել են իմ ունակությունները»,-պատասխանեց Ռազմիկ Մկրտչյանը:
Նա հրաժարվեց մանրամասնել, թե հատկապես իր որ ունակությունների մասին է խոսքը, ընդամենն ասաց, որ կենսագրությունը զետեղված է համայնքապետարանի կայքում: Նաեւ հավելեց, որ շուտով կներկայացնի իր արած աշխատանքը, որի արդյունքները ավելին կլինեն նախորդ տարիների համեմատ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ