Հուլիս 14-ին Շենգավիթ համայնքի բնակիչ Ազատ Մուրադյանի և նրա ընկերների աջակցությամբ համայնքում՝ Մանթաշյան 51 շենքի բակում Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար բացվեց: Հուշակոթողի վրա, որի հեղինակը Վահրամ Բաբայանն է, 106 հերոսների անուններ են: Ներքին Չարբախի եկեղեցու հոգեւոր հովիվը օծեց հուշակոթողը:
Միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, ԵԿՄ-ից, ՀԱԲ-ից ներկայացուցիչներ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նույն համայնքի բնակիչ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը պատմեց, թե ինչպես է ծնվել նման հուշակոթող խաչքարը, նշեց, որ Ազատ Մուրադյանն ու իր ընկերները նախորդ տարի օգոստոսին հուշաղբյուրի բացումն են իրականացրել ու խոստացել, որ առաջիկայում նաեւ հուշակոթող կբացվի, ինչն այսօր իրականություն է:
Կարդացեք նաև
«Շատ պատասխանատու է այս օրը այստեղ կանգնած խոսք ասել մեր հերոսների մասին, որովհետեւ այս տղաները մեր պետությանը, երկրին, բոլորիս համար տվել են ամեն ինչ, ամենաթանկը՝ իրենց կյանքը: Եվ մենք, ցավոք, սրտի շատ քիչ բան կարող ենք անել նրանց համար: Առավելագույնը, որ կարող ենք անել, իրենց հիշատակը մեր սրտերում վառ պահելն է, նաեւ պետք է հերոսական ոգով դաստիարակենք մեր երեխաներին»,-ասաց Գեւորգ Պապոյանը:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի հերոսների մասին դեռ շատ կխոսեն, ու շատ հուշակոթողներ կբացվեն նրանց հիշատակին: Ապա շեշտեց, որ այս հուշակոթողի գաղափարը հղացած եւ այն ընկերների հետ կյանքի կոչած Ազատ Մուրադյանը Ապրիլյան պատերազմի հերոսների մեջ որեւէ բարեկամ չունի: Նրա խոսքերով, հերոսները յուրաքանչյուրի բարեկամն են:
Հավելենք, որ Ազատ Մուրադյանը պարգեւատրվեց ՀԱԲ-ի, ԵԿՄ-ի, հերոսների մայրերի ՀԿ-ների կողմից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ