Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի քննարկումը:
Բացելով նիստը՝ ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ողջունել է համատեղ նիստի կազմակերպումը՝ ընդգծելով երկրի համար կարևոր իրավաքաղաքական փաստաթղթի՝ ընտրական օրենսգրքի շուրջ տարբեր ձևաչափերով կազմակերպված քննարկումների անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բացման խոսքում կարևորել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև գործնական կապերի նշանակությունը և պատրաստակամություն հայտնել՝ անցկացնելու արդյունավետ քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ:
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է երկու հանձնաժողովների համատեղ նիստը՝ ընդգծելով, որ սրանով գործնականում դրսևորվում է խորհրդարանների միջև համագործակցությունը, որը փոխադարձ օգտակար է օրենսդրական փորձի փոխանակման տեսնակյունից: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները կազմակերպվել են՝ ապահովելով լայն մասնակցություն ինչպես Արցախի արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների:
Ներկայացնելով ԱՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը անդրադարձել է նաև խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին և պատասխանել երկու խորհրդարանների պատգամավորների առաջադրած հարցերին:
Կարդացեք նաև
Համատեղ նիստի արդյունքները ամփոփվել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանի և Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցի ընթացքում:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին