Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք և մեր երկու երկրները

Հուլիս 14,2019 12:00

Շուտով տեղի կունենան Արցախի նախագահի ընտրությունները, որին ոչ միայն Արցախում ու Հայաստանում են ուշի-ուշով սպասում, այլև, կարելի է ասել, ամբողջ աշխարհում: Չնայած որ՝ Արցախը, փաստորեն, չճանաչված երկիր է: Չճանաչված է, բայց չափազանց մեծ ճանաչվածություն ունի: Ավելի ճանաչված է, քան՝ շատ ու շատ ճանաչված երկրներ: Որովհետև Արցախի հարցը վաղուց արդեն համաշխարհային նշանակության հարց է, և Արցախի հարցով ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու այլ հզորներ էլ են հետաքրքրված:

Չնայած Արցախի նախագահի պաշտոնը մեր հայրենակիցների համար ավելի շուտ պարտավորություն ու ծառայություն է, քան՝ վայելք ու արտոնություն, բայց արդեն իսկ վստահաբար կարող ենք ասել, որ Արցախի նախագահի ընտրություններին նշանավոր ու երևելի թեկնածուների պակաս չի զգացվելու, որովհետև, չնայած ասացինք, որ Արցախի նախագահի պաշտոնն ավելի շուտ ծառայություն է, քան՝ վայելք, բայց Արցախի գործիչներից շատերն են փափագում այդ ծառայությունը մատուցել ազգին ու հայրենիքին, և այդ իսկ պատճառով էլ, կարծում ենք, մրցակցությունը չափազանց մեծ է լինելու:

Մրցակցությունն արդեն իսկ սկսվել է, և վտանգ կա, որ այդ մրցակցությունը կարող է այն աստիճան թեժ լինել, որ շոշափելիորեն վնասի Ղարաբաղի ներքին կայունությանը: Այդ առումով չափազանց լուրջ անելիքներ ունի Նոր Հայաստանի իշխանությունն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև, չնայած Արցախը Հայաստանին չի միացել և չնայած չճանաչված անկախ պետություն է, արդուհանդերձ, աշխարհը Արցախը որպես Հայաստանի մաս է ճանաչում, և, ըստ էության, մենք էլ ենք Արցախը Հայաստանի մաս համարում, և դա է պատճառը, որ Արցախի հարցով հիմնականում Փաշինյանն ու Ալիևն են բանակցում, այլ ոչ թե՝ Բակո Սահակյանն ու Ալիևը, և չնայած Հայաստանն ու Արցախը պահանջում են, որ հետայսու Արցախի հարցով բանակցություններին ու քննարկումներին Հայաստանի ղեկավարությանը համահավասար նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը մասնակցի, այդուհանդերձ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և թե՛ ողջ աշխարհում բոլորը հասկանում են, որ բոլոր դեպքերում Արցախի հարցով բանակցություններում հայկական կողմից գլխավորն ու վճռորոշը Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն է, և չնայած մեր կողմից Արցախն ընդունված պետություն է, մենք էլ ենք, փաստորեն, Արցախը Հայաստանի մաս համարում, և, բնականաբար, Արցախ կոչվող պետության ղեկավարին ենք համարում, և այդ է պատճառը, որ Արցախի հետ կապված մեր բոլոր պահանջներն ու տեսլականները Հայաստանի առաջին դեմքին ենք ներկայացնում, և քանի որ համաձայն Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության՝ Հայաստանի ներկայիս առաջին դեմքը վարչապետն է, Արցախի հետ կապված մեր բոլոր ցանկություններն ու երազանքներն առաջին հերթին Հայաստանի վարչապետի հետ ենք կապում, և չնայած բոլորս էլ գտնում ենք, որ Արցախը պիտի բանակցությունների կողմ դառնա, բայցև բոլորս էլ գտնում ենք, որ այդ բանակցություններում գլխավորն ու կարևորը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումներն ու բանակցություններն են:

Կարճ ասած, բավական անսովոր իրավիճակ է՝ մանավանդ հայերիս համար, որովհետև հայերս դարեր շարունակ պետություն ու պետականություն չենք ունեցել և հիմա միանգամից երկուսն ունենք: Երկուսն ունենք և երկուսն էլ հավասարապես մերն ենք համարում և երկուսն էլ հավասարապես սիրում ենք և երկուսի կայացման համար էլ հավասարապես պայքարում ենք, որովհետև երկուսն էլ հակառակորդներ ու չուզողներ ունեն, ընդ որում՝ թե՛ ներսում և թե՛ դրսում, և չնայած չենք հավատում, որ կարող է գոյություն ունենալ այնպիսի հայ, ով Հայաստանի ու Արցախի պետությունների լիարժեք կայացումը չցանկանա ու չկամենա, այդուհանդերձ, բաց աչքով ու զարմանքով տեսնում ենք, որ կան հայեր, ովքեր իրենց անգիտակից, անհավասարակշիռ ու անհաշվենկատ վարքով ու մտածողությամբ կարող են լրջորեն վնասել Հայաստան ու Արցախ պետությունների կայացմանը. իհարկե՝ ոչ միտումնավոր ու կանխամտածված, այլ ընդհակառակը՝ անհեռատես, չկանխամտածված ու ընդհանրապես չմտածված, և էդպիսիք եղել են ու կան մեր վերջին անկախության էս երեք տասնամյակներին, և, ցավոք սրտի, էսօր էլ կան. իրենց քաղաքական գործիչ համարողներ, ովքեր հանուն իրենց անձնական շահի՝ կարող են անտեսել մեր երկրի, ավելի ստույգ՝ հայոց մեր երկու երկրների շահերը, որոնց շահերն այսօր, ավելի քան երբևէ, պահաջում են մեր երկու պետությունների սինքրոն և ներդաշնակ համագործակցությունը:

Հավասարապես բոլորիցս են պահանջում:

Հեղափոխականներից ու հակահեղափոխականներից հավասարապես:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ,

13.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քոչվորը բոլոր ժամանակներում փնտրում է թույլ հիվանդ տեղաբնիկ ազգերին ու նրանց թալանելով ու ոչնչացնելով իր քոչվորական կենսակերպն է ապահովում, դրանով միաժամանակ ազատելով առողջ տեղաբնիկ ազգերին այդ թույլ ու հիվանդ ազգերի վտանգավոր հիվանդածին վարակից: Դրա համար տեղաբնիկի ու քոչվորի միջեւ ոչ մի ռազմավարական միություն հնարավոր չի՝ կամ գայլը կուտի հիվանդ եղնիկին ու կբարգավաճի, իսկ եթե հիվանդ եղնիկ չկա, բոլորն էլ առողջ են՝ գայլը սովից կսատկի: Իսկ եթե կյանքից ավելի բարձր արժեքներ կան, որ երկու կողմն էլ ընդունում է, այդ արժեքներով էլ նրանք հարաբերվում են՝ դա իրենց քոչվոր ու տեղաբնիկ տեսակների պահպանումն է կյանքի գնով: Եղիշեի հայտնի խոսքի ՝՝չիմացյալ մահը մահ է, իմացյալ մահը անմահություն՝՝ իմաստով եթե փորձենք հասկանալ, որի՞ն է պատկանում մեր ցեղասպանությունը՝ այն չիմացյալ թե՞ իմացյալ մահ է, եթե չիմացյալ, դա մեր մեղքն է ու դրանից պետք է հետեւություն ու գործողություններ անել, որ նման բան չկրկնվի , իսկ եթե իմացյալ, ապա հանուն ինչի՞ այդքան անիմաստ զոհ տվեցինք, այդքան զոհով մենք ծովից ծով Հայք ամենաքիչը պետք է ունենայինք:
    Արցախի հարցում մենք իհարկե խնդիր ունենք, բայց դա հայերի ներքին խնդիրն է, Արցախը պետք է ունենա նույն պետական կարգավիճակը, ինչ ունի Լոռին, Շիրակն ու մյուսները, եթե Արցախի ժողովուրդը չի ուզում նման կարգավիճակ, ապա որպես հայ նրանք պետք է նախաձեռնությամբ հանդես գան Լոռու, Շիրակի ու մնացած ժողովրդի առջեւ եւ առաջարկել նրանց էլ նույն կարգավիճակ ձեռք բերել, ինչ որ ուզում են ունենալ արցախցիները, որպեսզի բոլորս էլ ունենանք նույն կարգավիճակը: “Եթե սարը չի գնում..“

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031