Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Օջախը մի տեղ է, որտեղ անհատի ինքնությունը ճնշում են, սատկացնում, ոչնչացնում՝ ավանդական պատկերացմամբ»

Հուլիս 13,2019 17:27

Արմավիրի մարզից մի երիտասարդ այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ կենտրոն) «ՍՄԱՐԹամեջ»-ին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, նա նախ նշեց, որ հեղափոխության օրերին ու դրա վերջնակետին հասնելուն մեծ դեր են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաները. «Պատկերացրեք՝ հեղափոխություն անելու անհրաժեշտություն կա ոչ 21-րդ դարում, չկան այդ տեխնոլոգիաները, ինչ կառաջարկեիք դուք»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Եթե դուք ասեիք, որ ստեղծել եք ժամանակի մեքենա եւ կարիք կա տեղափոխվել 1518 թվական, ես կմտածեի ձեր հարցի մասին»:

Ապա անդրադառնալով այդ տեխնոլոգիաների դերին հեղափոխության օրերին, Փաշինյանը նշեց՝ Ֆեյսբուքն ու Յութուբը ուղղակի գործինքներ էին, դրանք բովանդակությունը չէին, տեխնոլոգիաները հնարավորություն էր ասելիքը տեղ հասցնել:

«Ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես ընդհատակում եւ բանտում էի: Երբ ընդհատակ անցա, ես այն ժամանակ Հայաստանում ամենամեծ լսարան ու տպաքանակ ունեցող թերթի խմբագիր էի: Երբ ես 3,5 տարի անցկացրեցի բանտում եւ ընդհատակում, ես դուրս եկա եւ տեսա, որ տպագիր թերթ հասկացությունը դարձել է անիմաստ: Դա ամենամեծ շոկն էր, երբ ես ուրիշ աշխարհից հեռացել էի, եւ վերադարձա ուրիշ աշխարհ: Կարող է այդ շոկն էր, որ ես սկսեցի ավելի շատ կենտրոնանալ՝ էս ի՞նչ գործիքներ են»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա ներկայացրեց Վարդան Ազատյանի հեղինակած գրքույկը՝ «Ովքեր արեցին հեղափոխությունը», որտեղ ըստ Փաշինյանի հեղինակը փորձել է ստանալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ եւ ինչպես՞ս, ի՞նչն էր պատճառը.«Իմ կարծիքով տրամաբանական պատճառն ինքն առաջին կետում դնում է հետեւյալ կարգախոսը. Եթե հիշում եք՝ ես ասում էի՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի հանրապետությունը: Նախկինում ասում էի՝ կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում: Այսինքն՝ հեղափոխության կարգախոսի կուլմինացիան երեխաներն էին, որոնք առաջինն արձագանքեցին հեղափոխությանը:

Ե՞րբ իշխանության համար հեղափոխությունը անկառավարելի, անբեկանալի դաձավ՝ երբ պարզվեց, որ դպրոցականները դուրս են եկել փողոց եւ ուզում են անել հեղափոխություն: Մենք ապրում ենք Հայաստանում, կարեւոր են ընտանիքը, երեխան, օջախը: Երբ ծնողները տեսան, որ երեխաները դուրս են եկել փողոց, ու իրենց երեխաներին վտանգ է սպառնում, ի՞նչ պիտի անեին, ասեի՞ն՝ շուտ արի տուն, երեխեքն իրար նայելով՝ ամաչեին, որովհետեւ այնտեղ արդեն մարդիկ էին, որոնք սիրահարված էին, տղաներն արդեն իրենց սիրած աղջիկների համար պատասխանատու էին, եւ ծնողի զանգն ունի այլընտրանք, նույնը՝ աղջիկները, իրենք իրենց տղաների կողքին լինելու պատասխանտվություն ունեն դժվար պահին: Ու ծնողները տեսնում են տուն չեն գնում, նրանք պետք է դուրս գային կանգնեին երեխաների կողքին: Արդյունքում ամբողջ Հայաստանը կանգնած էր հեղափոխության շարքերում: Սա գրքի կարճ բովանդակությունն է»:

Փաշինյանը շարունակեց. «Ասում են հեղափոխությունը… Սորոսը, Պողոսը, Պետորսը, արեւմուտքը, հյուսիսը, հարավը: Սա մաքուր, գենտիկ մակարդակում հայկական հեղափոխություն էր: Այստեղ ուրիշ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ 000.1 տոկոս չկա: Միակ օտար բանը որ եղել հեղափոխությունում՝ Այֆոնն ու Ֆեյսբուքն են, բայց բովանդակությունը մաքուր հայկական էր՝ հենված ավանդական արժեքների վրա: Բայց այդ ավանդական արժեքներին հաղորդվել է 21 դարի բնույթ: Եվ այդ արժեքների մեջ, որ սովորաբար դեմ դիմաց են դնում՝ ազատություն եւ օջախ հասկացությունները, օջախը մի տեղ է. որտեղ, ավանդական պատկերացմամբ, անհատի ինքնությունը ճնշում են, սատկացնում են, ոչնչացնում են: Մենք ասում ենք՝ ո՛չ, օջախը ավելի լայն հասկացություն է: Հայաստանն է մեր օջախը, ժողովուրդը՝ մեր ընտանիքը: Սա է եղել հայկական հեղափոխության բանաձեւը: Մենք այլեւս դուրս ենք եկել գիտակցումից, երբ տան ներսի պատասխանատուն մենք ենք, երբ տանից դուրս ենք գալիս ու շքամուտքում տեսնում փառերը կախված, ասում ենք՝ մեր գործը չէ»:

Փաշինյանն ասաց, որ նոր Հայաստանում այլեւս չպետք է լինի տարանջատում՝ ղարաբաղցի, իջեւնացի, գյումրեցի կամ սփյուռքահայ. «Մենք ասում ենք՝ նոր Հայաստանում բոլորը միեւենույն ժամանակ հա՛մ ղարաբաղցի են, հա՛մ գյումրեցի, հա՛մ սփյուռքահայ, արմավիրցի: Մենք ասում ենք՝ ընդհանրապես սփյուռք-Հայաստան հասկացություն գոյություն չունի: Մարդը չի ապրում միայն այնտեղ, որտեղ ապրում է ֆիզիկապես: Մարդն ապրում է այնտեղ, որտեղ ապրում է սրտով: Օրինակ Գարո Արմենը ի՞նչ սփյուռքահայ, նա մաքուր հայաստանցի է, լոռեցի»:

Նշենք, որ Գարո Արմենը COAF-ի հիմնադիրն է եւ Սմարթ կենտրոնի նախաձեռնողը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031