Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային հավաքականները ժամանել են Երեւան

Հուլիս 13,2019 15:28

Հուլիսի 14-ին, ժամը 18:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Իսպանիա հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլը:

Հայ ֆուտբոլասերները բացառիկ հնարավորություն են ունենալու անձամբ ներկա լինել ու անմիջականորեն ականատես դառնալ Եվրոպայի այս տարիքային խմբի ուժեղագույն հավաքականների՝ Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականների խաղերին:

Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկվել է «A» խմբում, որտեղ մարզիչ Արթուր Ոսկանյանի սաների մրցակիցներն են Պորտուգալիան, Իտալիան եւ Իսպանիան: Հետեւաբար, «B» խումբը կազմել են Չեխիայի Հանրապետությունը, Իռլանդիան, Ֆրանսիան եւ Նորվեգիան:

ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն բացման խաղի նախօրեին «A» խմբի թիմերի գլխավոր մարզիչները հանդիպեցին լրագրողներին, իսկ «B» խմբի թիմերի մարզիչների հանդիպումը կկայանա վաղը:

Կարմինե Նունցիատան՝ Իտալիայի գլխավոր մարզիչը, ասաց. «Մենք խաղալու ենք այնպես, որպեսզի հնարավորինս առաջ ընթանանք: Փորձելու ենք դառնալ մրցաշարի հերոսները: Ֆավորիտներից երկուսը մեր խմբում են ընդգրկված բայց պետք է նայենք առաջ եւ խաղանք:

Հայաստանի հավաքականը շատ լավ է նախապատրաստվել: Կարեւոր է նաեւ տանը խաղալու հանգամանքը: Նրա հետ հանդիպմանը պետք է տրամադրվենք նույն վճռականությամբ եւ ամբողջությամբ նվիրվենք այնպես, ինչպես մյուսների հետ: Ֆուտբոլը լի է բազմաթիվ անակնկալներով եւ Հայաստանը տանը խաղալով կարող է նաեւ անակնկալներ մատուցել»:

Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը նշեց. «Բավականին բարդ խումբ է: Թե՛ Իտալիան, թե՛ Իսպանիան ամեն ինչ անելու են, որպեսզի անցնեն հաջորդ փուլ: Հայաստանն առավելություն ունի, որ խաղում է սեփական հարկի տակ: Բնականաբար, մենք նույնպես անելու ենք ամեն բան մրցաշարում ավելի հեռու գնալու համար: Իտալիայի հետ վաղը կայանալիք մեկնարկային հանդիպումից առաջ կարեւոր է, որ վնասվածք եւ ինչ-որ խնդիրներ ունեցող ֆուտբոլիստներ չունենք:

Ես հավատում եմ, որ ձեր թիմում շատ բաներ փոխվել են դրական ուղղությամբ եւ կարծում եմ, որ Հայաստանի հավաքականն այս առաջնությունում իր ասելիքը դեռ ունի»:

Իսպանիայի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան էլ ասաց. «Մեր ֆեդերացիայի եւ թիմի ամբողջ նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է: Հավակնոտ ենք լինելու: Հասկանում ենք, որ սա երկար ճանապարհ է եւ նպատակին հասնելու համար պետք է տքնաջան աշխատենք: Ժամանելուն պես առաջինը մտածում ենք Հայաստանի հավաքականի հետ բացման խաղի մասին: Վերլուծել ենք ձեր թիմի այս տարի անցկացրած բոլոր խաղերը: Ձեր թիմը շատ լավ է աշխատել, որպես կոլեկտիվ: Ունի պաշտպանության լավ մեխանիզմ՝ հարձակողական մտադրություններով: Եվ այդ ամենին հասել եք նաեւ Խինես Մելենդեսի աշխատանքի շնորհիվ: Պարոն Մելենդեսը 20 տարի աշխատել է մեր ֆեդերացիայում, եղել է իմ ուսուցիչը եւ մարզիչը»:

Սանտի Դենիան նաեւ կատակով ասաց, որ Մելենդեսը տիրապետում է իրենց բոլոր գաղտնիքներին եւ դրանից իրենք շատ անհանգստացած են:

Aravot.am-ի հարցին, թե քանի որ մարզիչը բավականին գովեց Հայաստանի հավաքականը, նրան տեսնո՞ւմ է խմբի հաղթողի դերում, Սանտի Դենիան պատասխանեց. «Սպասում եմ, որ «A» խմբի մրցաշարը կավարտվի միավորների մեծ խտությամբ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամեն բան հնարավոր է եւ ցանկացած հանգուցալուծման դեպքում չենք զարմանա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031