Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը ՔՈԱՖ-ում «բացահայտում է» հեղափոխության հիմքերը

Հուլիս 13,2019 14:36

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր, նա մասնակցում էր Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ կենտրոն) «ՍՄԱՐԹամեջ»-ին:

Փաշինյանն իր ելույթը սկսեց, այսպես ասած՝ խոստովանությամբ՝ վաղուց էր ծրագրել ՔՈԱՖ կենտրոն, եւ տեսավ մոտավորապես այն, ինչ սպասում էր:

Դիմելով կենտրոնի հիմնադիրներին, վարչապետը շնորհակալություն հայտնեց նրանց գործադրած ջանքերի համար. «Այստեղ՝ Հայաստանի սրտում, ինչո՞ւ եմ ասում Հայաստանի սրտում, որովհետեւ սա Թումանյանի ծննդավայրն է, այդպիսով՝ Հայաստանի սրտում վերածննդի այսպիսի անկյունաքար ունեք եւ դա ի շնորհիվ ձեզ»:

Փաշինյանն ասաց, որ պատմագիտության մեջ ընդունված է ասել՝ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հենքը. «Մեր հեղափոխությունը նույնպես ունեցել է իր տնտեսական հիմքը, որովհետեւ, իրականում, հեղափոխությունը Հայաստանում սկսվել է շատ ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել: Իհարկե, քաղաքական մակարդակում մենք սկսել ենք քաղաքական գործընթացները, բայց իրականում՝ խորքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք շատերի համար կամ աննկատ են եղել կամ չեն ընկալվել որպես հեղափոխական եւ դրանք ստեղծել են հեղափոխության տնտեսական հիմքը: Իմ կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմքը այն մարդիկ են, որոնք գիտության, կրթության եւ բիզնեսի ոլորտներում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ կոռումպացված տրամաբանության շրջանակից:

2017 թվականին ես մի հոդված գրեցի «Հայկական ժամանակ» օրաթերթում, դրա իմաստն այն էր, որ Հայաստանը պատրաստ է տնտեսական թռիչքի: Ինչն էր նման եզրակացության պատճառը, որովհետեւ ես տեսնում էի՝ Հայաստանում տեղի էին ունենում նախաձեռնություններ: Ամենակարեւոր նախաձեռնությունը, որն, իմ կարծիքով, հեղափոխական նշանակություն է ունեցել Հայաստանում՝ սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում՝ անելիքի վերաբերյալ: Երբ մի իքս պահից մարդիկ հասկացան, որ պետք է ոչ թե ուղղակի ուտելիք, գումար, շոր, կոշիկ տալ Հայաստանի բնակիչներին, բայց գործունեության այդ ձեւը չի կարելի թերագնահատել, որովհետեւ այն ժամանակներում, երբ Հայաստանը սովի եզրին էր, այո, այդ կոշիկը, շորը, սնունդը փրկել է Հայաստանը աղետից։

Բայց եկավ մի պահ, երբ սփյուռքում հայտնվեցին գործիչներ, կամ սփյուռքի ընկալումը փոխվեց, եւ նրանք եկան եզրակացության, որ զուտ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության, որ պետք է Հայաստանում իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն մարդկանց:

Բայց ինչո՞ւ, որովհետեւ նա էլ է օգնել մարդկանց, երբ մարդը սոված է, նրանց տալիս է սնունդ, դա կենսական օգնություն է, եւ դրա անհրաժեշտությունը մենք տեսել ենք: Բայց այս մի նախաձեռնությունն էլ է բերում օգնություն, նույն խնդիրն է եւ բանաձեւը՝ օգնել մարդկանց, հին բանաձեւը՝ օգնել մարդկանց, որ նրանք վերապրեն դժվարությունը: Նոր բանաձեւը՝ նույն է բանաձեւն է, որի արդյունքում տեղի ունեցավ հեղափոխությունը»:

Փաշինյանի խոսքերով՝ նոր բանաձեւը հետեւյալն է՝ օգնել մարդկանց, որպեսզի իրենք հավատան իրենք իրենց, եւ սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձեւը.«Որովհետեւ ինչո՞վ են տարբերվում նախորդ շրջանները ՝ քաղաքական եւ մտածողական առումով, 2018-ի գարնանից, այդ բանաձեւը շատ պարզ էր, խնդրում եմ իմ ասածների մեջ քննադատության երանգ չտեսնեք, որովհետեւ այն, ինչ կասեմ, հավասարապես վերաբերում է ինձ: Նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, հույս էին կապում նրանց հետ, անելիքը տեսնում էին քաղաքական առաջնորդների դաշտում: 2018-ին մարդիկ հավատում էին իրենք իրենց, ոչ թե հարթակում կանգնածներին, որովհետեւ հասկացան, որ իրենք են որոշիչ ուժը Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ գործընթացը սկսել էր վաղուց, երբ մեր երեխաները, որոնք, ցավոք, մեր շատ գյուղերում ծնվում են ու տեսնում ցեխոտ ու կիսաքանդ ճանապարհներ, խարխուլ եւ կիսախարխուլ տներ, աշխատող եւ չարչարվող ծնողներ, որոնց աշխատանքն իրենց երջանկություն եւ բավարարվածություն չի բերում: Կողքից լսում էինք՝ ա՜յ , բալա ջան, մենք ո՞վ ենք, ի՞նչ կարանք անենք, կամ դու ի՞նչ կարաս անես, դու ո՛չ մեջք ունես, ո՛չ ծանոթ: Ու այսպիսի կենտրոնները եւ ընդհանարապես հեղափոխությունը մեր երեխաներին ասում են մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը: Այսպիսի կենտրոնները, նախագծերը, հեղափոխության գաղափարական իմաստն ու առանցքը, դա է՝ օգնել մեր երեխաներին, պատանիներին, մեծահասակներին, բոլորին, որպեսզի հավատան՝ կարող են փոխել աշխարհը, իմանան՝ աշխարհը փոխելուց առաջ իրենք պետք է փոխեն իրենց ու շրջապատը»:

Վարչապետն ասաց, որ հեղափոխությունն այն է, երբ 50 կամ 40 տարեկան մարդը կարող է երեխայի հետ այցելել նման կենտրոն եւ նույն սենյակում նստել ինչ-որ բան սովորել. «Ես ինձ անձամբ համարում եմ այդպիսի արժեքների կրող: Ես եղել եմ ԱԺ պատգամավոր եւ գնացել եմ 9-րդ դասարանի երեխաների հետ նստել եմ Ամերիկյան համալսարանի նստարանին եւ սովորել եմ անգլերեն: Հեղափոխություն դա է: Եթե մեզանից յուրաքանչյուրը ամեն օր նոր բան չի սովորում, նոր հմտությամբ, գաղափարով չի հարստացվում՝ կորցնում է ժամանակ, փորում է մեր բոլորիս եւ իր հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել այդ հուսահատության փոսից, բայց մենք քայլում ենք դեռեւս հույսի կածաններով: Մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին եւ մենք հստակ գիտենք՝ ինչ պետք է անել, Հայաստանը ագրարային երկրից պետք է վերածել արդյունաբերական երկրի»:

Նոր Հայաստանի քաղաքացին, Փաշինյանի խոսքերով ասած՝ հավատում է ինքն իրեն եւ նախարարը կամ կառավարության այլ պաշտոնյան քաղաքացու արտացոլանք է. «Իր արտահայատումը, որոնց մարդիկ իրենք են ստեղծում իրենց ընտրությամբ, ինչպես աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ ու պատկերով: Ժողովուրդն է կառավարությունը ստեղծում՝ իր պատկերով ու նմանությամբ: Մեզ համար մեծ պատիվ է լինել մեր ժողովրդի ցանկությունների եւ երազանքների, ուժի եւ իմաստնության արտացոլումը»:

Փաշինյանը վերադառնալով իր ելույթի սկզբում արտահայտած մտքին, այն մի փոքր պարզաբանեց. «Երբ ես ասում եմ՝ Հայաստանում որոշակի կղզյակներ են ստեղծվել, որտեղ մարդիկ ստեղծագործական գաղափարներ են զարգացրել, հարց կծագի՝ բա ինչո՞ւ դրանք չեն ճնշվել: Որովհետեւ նրանք գործել են մտածողության ուրիշ հարթության վրա, եւ օլիգարխին հետաքրքիր չեն եղել այդպիսի մանր բաները, որ պետք է մտածել, կրեատիվ մտածել, նրանց հետաքրքիր է եղել՝ ումից՝ ինչ կարելի է խլել: Եվ ահա այս իրականությունում ստեղծվել է նոր իրականություն, որը ներսից է պայթեցրել այդ հին իրականությունը եւ դրա հեղինակը Հայաստանի քաղաքացին է, հայ ժողովուրդը: Ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս կենտրոնի բոլոր մարդկանց, որոնք այդ փոփոխությունների հիմքն են դրել»:

Հայաստանի զարգացման 3-րդ փուլում, ըստ վարչապետի, սփյուռքը պետք է ունենա վճռական նշանակություն, այդ փուլը Հայաստանի արդյունաբերացման փուլն է եւ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ սփյուռքն այս փուլում լինելու է շատ ավելի ակտիվ, քան մյուս 2 փուլերում էր:

«Մեր պատմական փորձը բավարար է, որ դուրս գանք մեզ փոքրացրած, խեղճացրած պարտությունների ցիկլից, եկել է մեր հաղթելու ժամանակը, որովհետեւ երբ ծովի դար էր՝ մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր՝ մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր՝ մենք բախտ չունեինք: Ահա եկել է խելքի, մտքի դարը, մենք ունենք միտք, խելք, տաղանդ, նշանակում է՝ հաղթելու ենք: Այս կենտրոնի երեխաները մեր հաղթանակի խորհրդանիշն են ու մեր հաղթանակի հերոսներն են: Եվ նրանց հերոսական աստղը ամեն օրվա հետ ավելի պայծառ պիտի փայլի»:

Փաշինյանի ելույթի ավարտին դահլիճը հոտնկայս եւ բուռն ծափահարեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031