Ոստիկանության վեցերորդ վարչությունը մոտ 20 օր առաջ մտել է Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնք եւ ստուգումներ իրականացրել։ Արդյունքում բացահայտվել են չարաշահումներ, եւ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։
Արծվաշենի գյուղապետը Մամիկոն Խեչոյանն է, որը գյուղը ղեկավարում է 1997 թվականից։ Նրա որդին՝ Թարխան Խեչոյանը, ընտրություններին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող ու իր արարքների համար մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը։ Հայրն էլ ժամանակին աշխատել է Հայկի հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ, երբ վերջինս մարզի գործկոմի նախագահն էր։ Մեզ պատմեցին, որ Մամիկոն Խեչոյանն այս ստուգումների եւ քրգործի պահով գյուղում տարածել է, թե ինքը մտածելու բան չունի՝ իրենց թիկունքն ամուր է։
– Ձեր գյուղում պարտադի՞ր է իշխանական թեկնածուներին աջակցելը։
– Ամբողջ հանրապետությունում ա պարտադիր։ 1992 թվականից սկսած՝ ով իշխանության ա եղել, ինչքան ուժ կա, իրա համար ա աշխատել։
Կարդացեք նաև
– Հիմա, եթե նորից իշխանություն փոխվի, Դուք կամ Ձեր որդին պիտի սատարեք արդեն նո՞ր իշխանություններին։
– Խի չի՞ եղել տենց, ՀՀՇ-ականները հանրապետականների՞ն չեն ընտրել։ «Յա նաչալնիկ, տի դուռակ» սկզբունքը ե՞րբ չի գործել Հայաստանում, Երեւանում չի՞ գործել, ձեր թաղամասում չի՞ գործել։
– Մեզ ասացին, որ այս ստուգումների հետ կապված՝ Դուք գյուղում հայտարարել եք, թե Հայկ Սարգսյանը ձեր թիկունքին կանգնած է, ձեզ ձեռք չեն տա։
– Չէ, չէ, ընդհանրապես։ Հայկը սկի իրա թիկունքին չի կարում կանգնի, ո՞ւմ թիկունքին կանգնի։ Ի՞նչ թիկունքին կանգնելու մասին ա խոսքը, եթե մաքուր իրավական գործընթաց ա, էսօր ո՞վ ում թիկունքին կանգնելու խնդիր ունի։ Կամ տենց բան եղե՞լ ա, ոչ մի անգամ չի եղել, ի՞նչ թիկունքին կանգնել, ի՞նչ բան։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։