Երեւանի տարբեր հատվածներում փողոցային առեւտուրը դեռեւս շարունակվում է: Երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ շրջայցի ժամանակ Մաշտոցի պողոտայում դարձյալ ականատես էր եղել փողոցային առեւտրի եւ հորդորել էր, որ հեռանան այնտեղից: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ իրավասու պաշտոնյայի հորդորից հետո հեռանում են, բայց քիչ ժամանակ անց կրկին վերադառնում եւ շարունակում են փողոցային առեւտուր իրականացնել:
«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ:
– Պարոն Մնացականյան, ո՞րն է պատճառը, որ փողոցային առեւտրով զբաղվողները չեն ենթարկվում ձեր հորդորներին եւ շարունակում են իրենց գործունեությամբ զբաղվել:
Կարդացեք նաև
– Ցածր իրավագիտակցությունը, կուլտուրայի բացակայությունը եւ հարգանքը Երեւան քաղաքացի ու երեւանցիների նկատմամբ, պատճառը դա է: Ես իրականում մի խելքը գլխին վաճառող չտեսա: Երեկ Երեւանի 2800-ամյակի առթիվ Վարդանյանների կողմից կառուցված այգում բամբակ սարքող 2 եղբայրներից մեկն ասում է՝ ես նոր եմ ազատվել բանտից․ պիտի մի բանով զբաղվեմ, մի եղբայրն էլ շուն է պահում կողքին: Մեկը բամբակ է սարքում, մյուսը շանն է սիրում, այդպիսի ցածր իրավագիտակցություն է, չգիտեմ՝ այդ մարդկանց մոտ ինչ վիճակ է: Ամենահեշտ փող աշխատելու ձեւն է: Մենք պարբերաբար ստուգայցեր անելու ենք: Նրանք պարզապես օգտվում են օրենքի բացից: Հիմա նախագիծը պատրաստ է, ուղարկել ենք կառավարություն, սպասում ենք, երբ Ազգային ժողովի նիստերը սկսեն, արդեն առգրավում կիրականացնենք: Մինչեւ առգրավում չլինի՝ փողոցային առեւտրի դեմ պայքարը շատ էֆեկտիվ չի լինի: Մենք հիմա բանակցելով պայքարում ենք:
– Մոտավորապես ինչքա՞ն ժամանակից հետո Կենտրոն վարչական շրջանը կազատվի փողոցային առեւտրից:
– Եթե օրենսդրությունը լինի՝ 1 օրում, եթե չլինի, անընդհատ պիտի պայքարենք: Երեկ նախազգուշացրինք, այսօրվանից արդեն որոշներին կտանենք բաժին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։