Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մի վերք իրականում դաս է

Հուլիս 13,2019 10:00

Ճապոնական արմատներ ունեցող բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյի «Հուղարկավորված հսկան» վեպի գործողությունը ծավալվում է միջնադարյան Անգլիայում: Բրիտերի եւ սաքսերի երկարատեւ թշնամանքի եւ պարբերաբար բռնկվող պատերազմների ֆոնի վրա ներկայացվում է տարբեր հերոսների եւ, մասնավորապես, կորած որդուն փնտրող տարեց զույգի ճակատագիրը: Կվիրիգ անունով վիշապուհին մարդկանց հիվանդացնում է մի յուրահատուկ ախտով, որի պատճառով նրանք չեն հիշում մի քանի տարվա վաղեմության իրադարձությունները: Բայց թե՛ ազգերի եւ թե՛ իրար սիրող անհատների համար վիշապուհու սպանությունը եւ հիշողության վերականգնումը հղի է վտանգավոր հետեւանքներով՝ ազգերը հիշելու են իրենց հրկիզված գյուղերը, տանջամահ արած երեխաներին, պատերազմն իր բոլոր արհավիրքներով, իսկ ամուսինները կգիտակցեն, որ իրենց կյանքում եղել են ոչ միայն փոխադարձ սիրո եւ քնքշանքի պահեր, նրանք հիշելու են, որ իրար վիրավորել են, իրար ցավ են պատճառել:

Վեպում, ինչպես նաեւ կյանքում, մարդիկ, բնականաբար, գերադասում են հիշողության վերադարձը՝ դժվար է պատկերացնել մարդու, որը գիտակցաբար կցանկանար ապրել մոռացության թմբիրի մեջ: Բրիտերի եւ սաքսերի համար դա նշանակում է, որ Կվիրիգի կործանումից հետո նրանց մեջ կրկին արթնանալու է փոխադարձ թշնամանքը, ատելությունը, վրեժխնդրության ծարավը: Իսկ տարեց ամուսիններն, ըստ երեւույթին, ստիպված կլինեն իրար հրաժեշտ տալ:

Բայց, կարծում եմ, կա գիտակցության ավելի բարձր մակարդակ, երբ մեր հիշողությունը ոչ թե «անջատված է» (ինչպես որ դա անում են «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմում հատուկ գործակալները, երբ ուզում են, որ ներկաները մոռանան արտառոց, ոչ բնական երեւույթների մասին), այլ «միացրած է», բայց ծառայում է բարի նպատակների, չի խաթարում ոչ անհատների, ոչ էլ ազգերի հանգիստը:

Մենք իրականում չենք կարող մոռանալ ո՛չ այն վիրավորանքները, որ մեզ են հասցրել, ո՛չ էլ այն ցավը, որն ուրիշներին ենք պատճառել: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե մոռացել են, կամ՝ որ իրենք չեն վիրավորել եւ չեն վիրավորվել, այդ մարդիկ պարզապես ինքնախաբեությամբ են զբաղված: Բայց այդ դեպքերը ոչ թե առիթ են անընդհատ «դարդ անելու» եւ րոպեն մեկ սեփական խեղճությունը կամ անլիարժեքությունը զգալու, այլ հնարավորություն են՝ զգացմունքները դրական հունով ուղղորդելու համար: Ամեն մի վերք իրականում ոչ թե վերք է, այլ հնարավորություն եւ դաս:

Այնպես որ, երբ մարդիկ, ինչ-որ տհաճ երեւույթ նկատի ունենալով, ասում են՝ «մոռացի՛ր», դա ճիշտ խորհուրդ չէ: Եվ ամենակարեւորը՝ անիրագործելի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Փորձությունը փորձանք է դառնում, երբ մարդ կամ ազգ փորձ չունի այդ փորձությունը հաղթահարելու, դրա համար են ասում ուզում ես խաղաղություն՝ պատրաստվի պատերազմի: Սա էլ նշանակում է, որ փորձությունների աղբյուրը մենք պետք է լինենք, մենք մեզ, մեր երեխաներին ու մեր ազգին պետք է փորձությունները հաղթահարելու ու դրանով փորձ ձեռք բերելու միջոցով ոչ միայն խուսափենք փորձանքներից, այլեւ մեր հակառակորդներին պարտադրենք ընդունեն մեր առավել առաջադեմ փորձը, դառնան ուժեղ ու իրենց ազգային արժեքներով, այսինքն՝ արժեհամակարգով մեզնից չտարբերվեն: Դրա համար մենք պետք է ժամանակի հետ համընթաց զարգանանք ու հզորներից էլ հզոր լինենք, թե չէ էդ հզորները մենաշնորհների նման ճահճանալու հատկություն ունեն ու դրա պատճառով ժամանակից հետ են ընկնում ու փլուզվում՝ իրենց ավերակների տակ գցելով նրանց վրա հույսները դրածներին: Ժամանակին կորցնելով պետականությունը, մենք ապավինել ենք ժամանակի հզոր ազգերին, փոխանակ ապավինեինք միայն մեր ազգին ու մեր նման ճակատագրի ազգերին: Հիմա էլ նույն սխալը չկրկնենք, հզորների հետ հարաբերվում ենք այնքանով, որքանով մենք պատրաստ ենք գլխանց կանխիկ եւ ոչ թե ապառիկ վարկի տեսքով վճարել, իսկ մեր ճակատագրակիցներին՝ ինչքան էլ նրանք թույլ ու անիրավունք լինեն, համարել մեր ռազմավարական դաշնակիցը ու նրանց հետ կառուցել վերպետական ուժային, քաղաքական ու տնտեսական ռազմավարական միություններ:

  2. Alfred says:

    հիշողությունը աստծո տված պատիժն է մարդուն՝ հիշողությունը երբեք լավը չի լինում։քաղցր հիշողություն արտահայտությունը հիվանդ մարդկանց է յուրահատուկ։ լավ բան թե վատ բան հիշելով միշտ վերջում ախ ես քաշում

  3. gib.gibindus says:

    Յարը մարդու յարա կուտա… Հենա ասել ա մեր աշուղ ախպերը: Թե չէ վիշապուհի, ճապոնական ծոգումով անգլիացի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031