Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ երեխային նվիրած տունը ուզում են խլել հարազատները

Հուլիս 13,2019 13:00

Չլինելով հարազատների նկատմամբ գթասիրտ, հաճախ մարդիկ գթասրտություն են պահանջում օտարից, գթասրտություն՝ պետությունից

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան է դիմել հաշմանդամ Մ.Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը:

Նա բողոքում է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Մնացականյանի կողմից 2019 թ. հունվարի 8-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Ս. Հովհաննիսյանի կողմից 2019 թ. փետրվարի 20-ի կայացված որոշումների դեմ:
Ներկայացուցիչ-փաստաբանը տեղեկացնում է, որ 2018 թ. նոյեմբերի 22-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, եւ ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին հայտարարություն:

«13.08.2013 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանը, հաստատելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի համաձայն՝ 2004 թվականի մայիսի 23-ին մահացած Արմենակ Խաչատրյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում հանգուցյալի կինը՝ Ասյա Ստեփանյանը, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Սովետական հասցեում, ժառանգության գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Սովետական հասցեում գտնվող 94,2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տնից, 9 քմ մակերեսով անասնաշենքից, 26,1 քմ մակերեսով ավտոտնակից, 26 քմ մակերեսով թոնրատնից: Տնամերձ հողամասը կազմում է 0,27 հա (Հիմք թիվ 0319053 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ տրված՝ 25. սեպտեմբերի. 2003 թվական), ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արմավիրի տարածքային ստորաբաժանումից: Նշված բնակելի տունն իր տնամերձ հողամասով պատկանել է Վարթո Խաչատրյանին, մահացած 1991 թվականի սեպտեմբերի 3-ին, որի ժառանգն է եղել հանգուցյալի որդին՝ Արմենակ Խաչատրյանը, որն ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձեւակերպել իր ժառանգական իրավունքները, հաստատելով, որ վերջինիս մահվանից հետո միակ ժառանգը հանդիսանում է Ասյա Ստեփանյանը, վերջինիս տրամադրել է ժառանգության իրավունքի վկայագիր: 13.08.2013 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի ղեկավար Կ. Հովհաննիսյանի կողմից տրված տան եւ տնամերձի հասցեի վերանվանման մասին քաղվածքի համաձայն որոշում է կայացվել ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի բնակիչ Ասյա Ստեփանյանին պատկանող բնակելի տանը եւ տնամերձ հողամասին տալ հասցե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի 12 փողոցի թիվ 6 բնակելի տուն»:

Բողոքաբեր կողմը «հիշեցնում» է, որ կա իր վստահորդների երեխան, որի իրավունքները չեն հարգվել:

Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից 10.10.2008 թ.-ին տրված մինչեւ 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության որոշման թիվ 583389 տեղեկանքի՝ Արմեն Պողոսյանը գրանցված է որպես հաշմանդամ երեխա:

16.08.2013 թվականի ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ 0.27 հա մակերեսով ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղական համայնքի, 12 փողոցի թիվ 6 բնակելի տան հասցեի գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում Ասյա Ստեփանյանը:

«Որպես գույքի միանձնյա սեփականատեր` Ասյա Ստեփանյանը ցանկացել է այն ամբողջությամբ նվիրել թոռանը՝ Արմեն Պողոսյանին, քանի որ վերջինս գտնվել է սոցիալապես ամենախոցելի կարգավիճակում, մանկուց հաշմանդամ անչափահաս է: Ասյա Ստեփանյանի մյուս երեխաները եւ թոռները ինքնուրույն կարող էին ձեռք բերել եւ ունենալ, ինչպես նաեւ ունեն նյութական արժեքներ: Մինչդեռ, Արմեն Պողոսյանը մշտապես Ասյա Ստեփանյանի եւ ծնողների՝ Հ. Խաչատրյանի եւ Մ. Պողոսյանի հոգածության կարիքն է ունեցել եւ կունենա»,- նշել էր փաստաբան ներկայացուցիչը:

Հետաքննիչին, դատախազին նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկացվել է, որ դեռեւս 2013թ. սեպտեմբերի 27-ին Արմավիրի նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի ներկայությամբ կազմվել է բնակելի տան նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացի Ասյա Ստեփանյանը պարտավորվում է իր՝ նվիրառուի սեփականությունն անհատույց հանձնել Արմեն Պողոսյանին, որի անունից հանդես են եկել ծնողները՝ Հ. Խաչատրյանը եւ Մ. Պողոսյանը:

Գթասիրտ տատի մտքով երբեւէ չի անցել, որ այդ գույքին օրերից մի օր կարող է հավակնել իր որդին՝ Բաբե Խաչատրյանը, որն ամուսնու, հոր մահից առաջ եւ հետո մինչեւ 2008թ. մշտապես արտագնա աշխատանքների է մեկնել ՌԴ, Վրաստան, նույնիսկ ցանկացել է մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում:

Խաչատրյանների ընտանիքի հորդորից հետո նա վերադառնում է Հայաստան, ամուսնանում: Սկսվում են միջընտանեկան վեճերը, փաստաբանին հայտնել էին, որ հարսը մի քանի անգամ փորձել է առանց որեւէ պատճառի հարձակվել նաեւ վստահորդներիս հաշմանդամ եւ անչափահաս երեխայի՝ Արմեն Պողոսյանի վրա:

Երեխայի ծնողները՝ Հ. Խաչատրյանը եւ Մ. Պողոսյանը հայց են ներկայացրել դատարան՝ Բաբե Խաչատրյանին իր ընտանիքի անդամների հետ Արմեն Պողոսյանի տնից վտարելու մասին:

Նշենք, որ Ասյա Ստեփանյանն ամուսնու մահից հետո ինքն է կոմունալ ծառայությունների հետ կնքել պայմանագրեր, կատարել կոմունալ եւ տան սպասարկման հետ կապված ծախսերը, վճարել հողի հարկը, վճարել ժառանգատուի պարտքերը, գույքը պահպանել երրորդ անձանց հավակնություններից:

Մեկ այլ վճռով էլ՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Է. Է. Հովհաննիսյանի կողմից 2017 թ. դեկտեմբերի 15-ի՝ դատարանը Բաբե Խաչատրյանին ճանաչել է վիճելի գույքի 1/3 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Վերաքննիչ դատարանը թողել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ:

«Վիճելի հասցեի հետ կապված բոլոր վճարումները մինչեւ 2013 թ. կատարվել են միայն Ասյա Ստեփանյանի կողմից եւ անվամբ, իսկ գույքը նվիրելուց հետո միայն Արմեն Պողոսյանի անվամբ՝ նրա օրինական ներկայացուցիչների կողմից:

Ուստի, գյուղապետի կողմից տրված այն տեղեկանքները, թե իբր Բաբե Խաչատրյանը հոր մահից հետո բնակվել է վիճելի տանը, եւս ակնհայտ սուտ տեղեկություններ են»,-գրել է բողոքաբեր կողմը:

Կողմը խնդրել էր դատախազին, հանձնարարել նախապատրաստելու նյութեր եւ հարուցելու քրեական գործ՝ քաղաքացիական գործի շրջանակներում որպես վկաներ հրավիրված եւ հարցաքննվածներից երկուսի, հայցվոր Բաբե Խաչատրյանի նկատմամբ՝ դատարանում ակնհայտ սուտ ցուցմունք տալու հետեւանքով, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված եւ դատարան ներկայացված ակնհայտ կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ տրամադրելու փաստի առթիվ:

Բողոքը վարույթ ընդունելուց հետո սպասվում են այլ բացահայտումներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031