Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Իրան 4 հզոր էլեկտրագծերի մուտքի ու ելքի վրա պետք է հատուկ սարքեր դրվեն, որպեսզի տատանումների դեպքում այդ գծերն առանձնացվեն»

Հուլիս 13,2019 13:30

Ասում է Էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը

Նախօրեին հանրապետության բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Երեւանում, էլեկտրաէներգիայի մատակարարման մի քանի ժամ դադարեցումը, մի փոքր չափազանցված է: Այս կարծիքին է էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը:

Հուլիսի 10-ին, ժամը 13:46 րոպեին հանրապետությունը հոսանքազրկվել էր, այդ պահին, ինչպես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էր ասել՝ հաճախականության տատանման պատճառով անջատվել էին «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ Երեւանի ՋԷԿ-ը, այնուհետեւ՝ ավելի փոքր կայանները: Վարդանյանը որպես խնդրի առաջացման վարկած նշել էր Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարը. «Մեր էներգահամակարգը կապված է Իրանի էներգահամակարգի հետ: Ամեն տատանում մեզ մոտ, զգացվում է նաեւ իրենց մոտ, եւ հակառակը: Հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Իրանցի գործընկերները փաստել են, որ նույն ժամանակահատվածում իրենց մոտ վթարներ են եղել: Բայց հարյուր տոկոսով պնդել, որ տատանումները եկել են Իրանից, այս պահին չեմ կարող ասել»:

Էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց՝ իհարկե, մեր էներգետիկ համակարգի անվտանգությունը բազմաթիվ գործոններից է կախված եւ այսօրվա արտադրության հզորությունների կազմը՝ «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկինը՝ 450ՄգՎ, ՀԱԷԿ-ինը՝ 380 ՄգՎ, այսպիսի խոշոր հզորությունների առկայությունը Հայաստանի նման փոքր էներգահամակարգի ու փոքր սպառման համար չափազանց է. «Որովհետեւ այդ մեծ հզորությունների մի փոքր տեղաշարժը ամբողջ համակարգում ցնցում է առաջացնում: Եթե օրինակ՝ անջատվի ասենք թե՝ Արգել ՀԷԿ-ի մի ագրեգատը, էներգետիկ համակարգը կարող է դա չզգալ: Բայց եթե անջատվում է 350-400 ՄգՎ հզորությամբ կայանը, այդ ժամանակ ցնցում է լինում»:

Սահակյանի խոսքերով՝ Իրանի հետ մենք կապված ենք բավական հզոր էլեկտրագծերով, Իրանի էներգահամակարգը տասնյակ անգամ ավելի հզոր է, քան Հայաստանինը. «Եվ Իրանում մի փոքր վթարը բավականին լուրջ ցնցում է առաջացնում մեր համակարգում: Ընդհանրապես, համապատասխան պաշտպանական համակարգեր կան, որոնք, երբ Իրանում մի ցնցում է լինում, իրենք պետք է Հայաստանը առանձնացնեն Իրանից՝ միաժամանակ կախված այդ պահին ինչ տեսակի ռեժիմով է աշխատում կապը, եւ դա կարգավորել: Այդ ժամանակ մենք այդպիսի կաթվածային կորուստներ չէինք ունենա: Բայց քանի որ մեզ մոտ այդ տեսակ վթարները լինում են բավականին հազվադեպ, իմ կարծիքով այդ գործով լուրջ չեն զբաղվում, ասում են՝ դե լավ, 10 տարին մեկ անգամ է լինում: Փոխնախարարն էլ ասաց, որ վերջինը 2013 թվականին եղել, եւ մեկ էլ երեկվա դեպքը: Երբ ես աշխատում էի այդ համակարգում, եթե չեմ սխալվում, 2 անգամ նման դեպք եղել է, երբ Իրանում որեւէ ցնցում է եղել եւ մենք ստիպված անջատեցինք: Այն ժամանակ անգամ ՀԱԷԿ-ը անջատվեց: Այս անգամ մեր բախտը բերեց, որ ՀԱԷԿ-ը վերանորոգման համար կանգնած է: Եթե աշխատեր՝ ցանցում առաջին հերթին ատոմակայանըը կանջատվեր, իսկ ՀԱԷԿ-ն անջատելը խաղուպար չէ, վտանգը մեծ է»:

Էներգետիկ փորձագետը պատկերավոր ներկայացրեց Իրանում վթարի արդյունքում Հայաստանում տեղի ունեցածը. «Հայաստանը Իրանից ստանում է գազ, արտադրում էլեկտրաէներգիա եւ արտահանում Իրան: Այդ գիծը մոտավորապես 200-300 ՄգՎ բեռ ունի: Դե պատկերացրեք, ասենք՝ մի հզոր գետի հունը փակվում է, ինչպիսի՞ն կլինի ջրի էներգիան, ալիք է առաջանում ու արտադրողներին գցում ջրի տակ, կոպիտ օրինակ եմ բերում: Իսկ մենք 4 հատ գիծ ունենք Հայաստանը Իրանին կապող: Երբ այն կողմում ինչ-որ վթար կամ ցնցում է կատարվում, ենթակայաններում միանգամից պետք է գծերն անջատվեն, մենք զուգահեռ ռեժիմից պետք է անցնենք առանձանցված ռեժիմին: Այդ ժամանակ, վատագույն դեպքում, Երեւանի ՋԷԿ-ը կկանգներ եւ ոչ ոք չէր զգա դա: Այդ պահին մեր համակարգը եղել է, որքան ես հասկացա, 800-850 ՄգՎ, մոտ 250-300 ՄգՎ էլ տվել ենք Իրանին: Այդ դեպքում պետք է միանգամից ընդհատվի էլեկտրաէներգիայի հոսքը: Մեղրիի «Ահար» ենթակայանը պետք է անջատվի, հատուկ մեխանիզմ կա, երբ տեսնում են, որ քո «գործընկերը» ցանցում իրեն «լավ չի պահում»՝ պետք է անջատվես»:

Ըստ փորձագետի, Երեւանի ՋԷԿ-ն ու «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը բավականին հզոր են, եւ երբ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են արտադրել, Իրանում այդ վթարի պատճառով, միանգամից պահանջարկն ընդհատվել է, անջատել են, քանի որ չէին կարող արտադրանքը տեղ հասցնել:

«Ինձ թվում է՝ երեկվա անջատումները մի քիչ չափազանցված էին, կարող էինք ավելի սահուն անցնել այդ դեպքը, մանավանդ երեկվա վթարը համարվում է ցանցային վթար»,-ասաց փորձագետը: Նա նաեւ նկատեց՝ երբ մենք միացված ենք այլ երկրի համակարգին, իսկ մեզ մոտ ռեժիմն այլ է Իրանից, Հայաստանն ու Իրանը մի համակարգ են. «Ոնց որ Հայաստանը Իրանի մի մարզն է՝ էլեկտրաէներգիայի տեսակետից, Հայաստանը Իրանին կապող այդ 4 հզոր գծերի մուտքի ու ելքի վրա պետք է սարքեր դրվեն, որ այս կամ այն կողմից դեպքերի, վթարների, ցնցումների, տատանումների ժամանակ այդ գծերն անջատվեն: Դա պարտադիր է, անհրաժեշտ բան է»:

Պարոն Սահակյանի ներկայացմամբ՝ մենք արտադրել էինք այնքան էլեկտրաէներգիա, որը լրիվ բավարարում էր Հայաստանի պահանջարկը եւ դեռ մի բան էլ ավելի, որը արտահանվում էր Իրան. «Այնտեղ խնդիր ծագեց, մեր արտադրանքը չընդունեց Իրանը, եթե մեզ մոտ ավտոմատացված համակարգը լավ աշխատեր, պետք էր միանգամից «Հրազդանն» ու Երեւանի ՋԷԿ-երն իրենց արտադրանքը իջեցնեին Իրան գնացող էլեկտրաէներգիայի չափով: Այս դեպքում ոչ ոք չէր էլ զգա խնդիրը մասին: Բայց քանի որ այդ համակարգերը մեզ մոտ կաղում են, լավ չեն աշխատում, ու հազվադեպ է լինում նման խնդիր, լուրջ չեն ընդունում»:
Մեր դիտարկմանը, որ Փաշինյանն ասել է՝ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները, փորձագետն այսպես պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, նորից եմ կրկնում, կարեւոր է, որ Մեծամորի ատոմակայանը չէր աշխատում, մասայական անջատումները տվյալ պահին անհրաժեշտություն էր, ինձ թվում է, մի քիչ եթե ավելի տեղեկացված լինեին, ավելի քիչ ծավալի կլինեին անջատումները»:

Մասնագետը հիշեցրեց՝ հատուկ մշակված ծրագրեր կան՝ երբ էներգահամակարգում արտադրանքի եւ սպառման մեծ տարբերություն է առաջանում՝ անջատվում են որոշակի խումբ սպառողներ՝ երկրորդական սպառողներ, կառավարության որոշմամբ կա հաստատված ցանկ, թե նման դեպքում սպառողների որ խմբի էլեկտրաէներգիայի մատակարարումը անջատման ենթակա չէ: Արդյոք հենց այդ ցանկով էլ առաջնորդվել են, մասնագետը դժվարացավ ասել, ուսումնասիրություն է հարկավոր:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031