Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշտ դիրքորոշում Արցախից

Հուլիս 13,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը», -վաշինգտոնյան բանակցություններից հետո արձանագրում է Ստեփանակերտը

Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից երկու շաբաթ անց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախ ժամանեց։ Հուլիսի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նա նշել էր. «Մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետեւ մենք այս ամենով կարողանում ենք համադրել եւ միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարեւոր գործառույթ է, որովհետեւ այդ գործառույթն արտահայտվում է նաեւ անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, եւ բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարեւոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզ բանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները եւ այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը եւ խնդիրները, որոնք ունենք մեր առջեւ»։

Մնացականյանն իր զրուցակցին էր ներկայացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: Արցախի նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել են Արցախի՝ որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի եւ ներգրավվածության կարեւորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիմնավորել է Արցախի նախագահի հետ քննարկումների անհրաժեշտությունը։ «Սա չափազանց կարեւոր գործառույթ է, որովհետեւ հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, եւ Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները եւ իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Ե՛վ բանակցային գործընթացի, եւ՛ խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարեւոր հարց է, եւ այդ համատեքստում է, որ ձեւավորվում է իմ այսօրվա այցի նպատակը: Դուք գիտեք, որ խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները եւ հանդիպումները շարունակական բնույթ են կրում, եւ այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբեւէ չի հապաղել եւ չի դանդաղեցրել այս գործընթացը. դա ի ցույց է դնում մեր լրջությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ»:

Նա առանձնահատուկ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մնում է կարեւորագույն գերխնդիր, եւ Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգությունից բխում է Արցախի կարգավիճակի հարցը. «Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որեւէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիստենցիալ անվտանգության որեւէ վտանգ»:

Բակո Սահակյանի հետ հանդիպումն ավելի քան երեք ժամ է տեւել, ի՞նչ են քննարկել կողմերը: Մնացականյանի փոխանցմամբ՝ փորձել են անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, նպատակ ունեն՝ ապահովելու ճիշտ ընկալումը: Պաշտոնական Բաքվի կողմից բանակցային գործընթացում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հարցը առաջ քաշելուն անդրադառնալով՝ Մնացականյանն ասել է. «Ինձ մի հարց եք տալիս, որի պատասխանն ունեք։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի արտահայտում համայնքի շահերը, որի մասին Դուք խոսում եք, եւ եթե այդ համայնքը չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, եւ այնտեղ առկա են նմանօրինակ խնդիրներ, ես չէ, որ պետք է դրանք քննարկեմ»։

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին: Նրանք անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի, ընդգծել խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ իրական քայլերի ձեռնարկումը։ Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այնուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Մասիս Մայիլյանը ճեպազրույցում անդրադարձել էին ղարաբաղյան կարգավորմանը: Մ. Մայիլյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած հանդիպումից առաջ եւ հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են ունենում. «Մենք մշտապես կարեւորել ենք Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, եւ այն մեր օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի ակտիվ են այդ հարցն առաջ տանում, եւ համոզված եմ, որ այն կունենա իր դրական արդյունքները»: Այնուհետեւ, խոսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության վերականգնումը մեր առաջնահերթություններից է. չէ՞ որ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ դեռեւս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Եթե որոշ մարդկանց համար դա տարածք է, մեզ համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության մեջ»:

Մնացականյանին նաեւ հարց են ուղղել, թե Վաշինգտոնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երեւանին ու Բաքվին, որոնց մասին խոսում է պաշտոնական Վաշինգտոնը։ «Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, եւ Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները եւ շատ հստակ ձեւավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարեւոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում: Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, եւ սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն եւ ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում»:

Հունիսի 14-ին Արցախի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ գերատեսչական մակարդակով բարձրացնելով Ադրբեջանի կողմից Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասի օկուպացման հարցը, հարցը քննարկվե՞լ է Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Մնացականյանը նկատել է. «Մեր հարցերի քննարկման, դրանց առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որեւէ սահմանափակում չունենք, որեւէ կերպ կաշկանդված չենք, որեւէ կերպ մեզ ոչ մեկը չի կարող կանգնեցնել՝ առաջ դնելու մեզ համար կենսական նշանակության հարցեր»։

Մնացականյանը դարձյալ շեշտել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նկատելով, որ այն բացարձակ առաջնային խնդիրներ է Հայաստանի մոտեցման մեջ: Իսկ հարցին՝ թե ի՞նչ առաջընթաց կա Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու այդ ճանապարհին, հավելել է. «Մենք խոսել ենք սրա մասին, մենք արտահայտել ենք այն եւ բացատրել, թե ինչու ենք առաջ բերել այս հարցը: Անցյալ տասնամյակներում եղել է ձեւավորված մի միջավայր, եւ մենք ի հայտ ենք բերել մեր տեսակետը, մեր մոտեցումը եւ բացատրել, որ Լեռնային Ղարաբաղը ձեւավորված քաղաքական միավոր է, որի բնակչությունն իր կամքը արտահայտում է իր իշխանությունների միջոցով, որոնք ունեն բնակչությունից ստացված այդ մանդատը։ Այդ բնակչությանը ես չեմ ներկայացնում, որովհետեւ Արցախի բնակչության կողմից Հայաստանի կառավարությանը մանդատ չի տրված՝ ընտրություններին չմասնակցելու առումով: Սա շատ պարզ խնդիր է, եւ հասկանալով, որ Արցախը քաղաքական սուբյեկտ է, քաղաքական միավոր, ունի բնակչության կողմից ձեւավորված իշխանություն` իր կամքը արտահայտելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմներով, լինելով այդ սուբյեկտը՝ ինքը չի կարող չլինել, չի կարող չունենալ լիարժեք ներգրավվածություն: Տարիներ շարունակ եղել է մի միջավայր, եղել է մի գործընթաց, եւ եթե մենք եկել եւ անմիջապես սպասում ենք, որ այդ հարցը պետք է լուծվի, միգուցե չափազանցնում ենք մեր ակնկալիքները»։

Մնացականյանի խոսքից, սակայն, կարելի է հասկանալ, որ բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հարցը պաշտոնական Երեւանը շարունակում է պնդել բանակցությունների ընթացքում, սակայն դրա շուրջ համաձայնություն չկա։

Վաշինգտոնյան վերջին բանակցություններից հետո Ստեփանակերտից Արցախի ԱԳ նախարարի մակարդակով հայտարարությունները կարելի է կոշտ որակել։ Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում բովանդակային քննարկումներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում ու բավական լրջորեն, եւ հայկական կողմը հարկ է համարում հանդես գալ ավելի խիստ տոնայնությամբ հայտարարություններով:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  12.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031