Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի բարեփոխման հնարավորություններն են

Հուլիս 12,2019 22:55

ՀՀ արդարադատության նախարարությունը եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկեցին e-request էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի գործարկման եւ դրա համատեքստում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան  Դոյդոյանը համառոտ ներկայացնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները նշեց, որ դրանք մասամբ մշակվել են եւ իրենք ցանկացել են մշակված նախագիծը որպես գաղափար ներկայացնել նախ լրատվամիջոցների դատին, լսել նրանց կարծիքը, առաջարկները, որովհետեւ սա մի հարց է, որն անմիջականորեն բարելավելու է հենց լրատվամիջոցների ամենօրյա աշխատանքը: 2003 թվականին ձեւակերպված եւ օրենք դարձած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի որոշ դրույթներ, որոնք այն ժամանակ էլ որոշակիորեն խնդրահարույց են եղել, պրակտիկայի առումով բավականաչափ հետ են մնացել եւ պետական մարմնի համար որեւէ հարց չեն լուծում: Հարցմանը, որ հիմնականում էլեկտրոնային է, ներկայացվող պահանջներն են, որ պետական մարմին հարցման դիմող յուրաքանչյուր անձ պետք է հարցման մեջ նշի իր անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատավայրի կամ ուսումնական հաստատության հասցեն եւ հարցումն, անպայման, պետք է ստորագրված լինի (էլեկտրոնային ստորագրություն): Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ քաղաքացիությունը եւ էլեկտրոնային ստորագրությունը, ոչ մի հարց չեն լուծում եւ տեղեկատվությունը տրամադրող կողմի համար կարող են ժամկետների անհարկի ձգձգման պատճառ դառնալ: e-requuest համակարգը ստեղծված է հենց այդ տրամաբանությամբ: Այսինքն, գործ ունենք բաց տեղեկությունների վերաբերյալ հարցման հետ, մի բան, որն ստանալու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր անձ անկախ զբաղեցրած դիրքից, մասնագիտությունից, քաղաքացիությունից:

Շուշան Դոյդոյանն ասաց, որ ճիշտը համապարփակ ռեֆորմ իրականացնելն է: Այսինքն, ոչ թե օրենքում մեկ-երկու բան փոխելը, այլ ոլորտը ամբողջական, համալիր բարեփոխելը: «Բայց երեւի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սա եզակի օրենքներից է, որ 16 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Ճիշտ է, կան թերություններ, կան բացեր,  բայց այս օրենքն իրապես ապացուցել է, որ կենսունակ է տեխնիկայի նման զարգացման գործընթացներում լինել օգտագործելի, կիրառելի»:

Քննարկմանը ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները նշեցին տեղեկատվություն ստանալու գործընթացում իրենց առջեւ ծառացած խնդիրները, արեցին կոնկրետ առաջարկներ, որոնք հետագայում ավելի մանրամասն կքննարկվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031