Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհում ներկայումս 70 միլիոնից ավելի տեղահանված անձ կա, որոնցից 25 միլիոնը փախստականներ են

Հուլիս 12,2019 22:22

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 12-ին կազմակերպվել էր քննարկում փախստականների եւ ապաստան հայցող անձանց խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին Օստը, պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, հասարակական մի շարք կազմակերպություններից:

Գայանե Աբրահամյանը նշել է, որ փախստականները եւ ապաստան հայցող անձինք համարվում են առավել խոցելի եւ իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել ուշադրություն պահանջող: Նրա խոսքով՝ փախստականների համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է, որոնք գնալով ավելի մեծ ծավալներ են ձեռք բերում՝ իրենց վրա սեւեռելով միջազգային հանրության ուշադրությունը եւ պահանջելով պետությունների միջեւ համագործակցությունն ու օժանդակությունը հասցնել որակական նոր մակարդակի: Ընդգծվել է, որ առկա խնդիրները վերանայելու, նոր օրակարգ, ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն կա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պատ Արմեն Ղազարյանը, կարեւորելով խորհրդարանական հարթակում հարցի քննարկման ձեւաչափը, անդրադարձել է փախստականների ինտեգրման հիմնախնդիրներին: Նա նշել է, որ ինտեգրման ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն կա՝ արդիական համարելով նաեւ Ադրբեջանից բռնի տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին Օստը նշել է, որ աշխարհում ներկայում 70 միլիոնից ավելի տեղահանված անձ կա, որոնցից 25 միլիոնը փախստականներ են, ովքեր աջակցության կարիք ունեն: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարությանը` ծառացած հարցերը լուծելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշել է, որ Հայաստանը ցեղասպանություն վերապրած պետություն է, եւ հայը լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը խոր մտահոգություն եւ կարեկցանք է դրսեւորել աշխարհում քաղաքացիական բնակչության տառապանքների եւ տարբեր երկրների ավերման նկատմամբ: Սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 22 հազար փախստական: Գեմաֆին Գասպարյանն անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանված շուրջ 500 հազար փախստականների հայրենազրկմանը եւ իրավունքների շարունակական խախտումներին:

Ելույթներում բանախոսներն անդրադարձել են օրենսդրական առկա կարգավորումներին, նոր ճանաչված փախստականների ինտեգրմանը, պաշտպանությանը, հակամարտության կարգավորման համատեքստում՝ ադրբեջանահայության հիմնախնդիրներին, նյութական եւ բարոյական վնասների փոխհատուցմանը, աշխատանքային ստաժի հաշվառմանը, կենսաթոշակային հաշվարկներին վերաբերող խնդիրներին:

Բանախոսներին ուղղված հարցերը վերաբերել են ՀՀ-ում փախստականների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններին, փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային իրավական ու ներպետական երաշխիքներին:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031