Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը բռնագանձելու ժողովրդից գողացված, թաքստոցներում պահվող գումարները

Հուլիս 12,2019 20:20

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ Գյումրիում ևս տեղի ունեցավ հանրային քննարկում Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագծի ու 2019-2022 թվականն ընկած ժամանակահատվածում դրա իրականացման միջոցառումների շուրջ։ Նման քննարկում արդեն իսկ տեղի էր ունեցել մայրաքաղաքում։

Փոխնախարարը ներկաներին, որոնք հիմնականում ՀԿ ոլորտից էին, բավական մանրամասն ներկայացրեց կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը, ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ ստեղծվելու են երկու նոր պետական մարմիններ։

Դրանցից մեկը հակակոռուպցիոն կոմիտեն է, որը ըստ փոխնախարարի, լինելու է քննչական մարմին ու զբաղվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննությունների իրականացմամբ։ Երկրորդ մարմինը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որ զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով ։ Այս երկու մարմինների միջև օրենսդրորեն ձևավորելու են համագործակցության մեխանիզմներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն անչափ կարևոր մի հարցադրում արեց փոխնախարարին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են զարգացնելու կարողությունները հեռավոր տարբեր թաքստոցներում պահվող, քաղաքացիներից գողացված ակտիվները վերադարձնելու համար։

«Հանրությունը սպասելիք ունի, որ հեղափոխությունից հետո այդ գումարները պետք է բերեն, այդ սպասելիքներն ամբողջությամբ կապվում է նոր ձևավորվող ինստիտուցիոնալ համակարգի հետ։ Նախատեսո՞ւմ եք արդյոք այդ կարողությունները ինչպես զարգացնել, որ ձեռքերը մեր հասնեն հեռավոր, տարբեր թաքստոցներում պահված ակտիվներին, որովհետև եթե մենք այդ սպասելիքները չիրականացնենք, բնականաբար, հիասթափություն է լինելու», -ասաց Կարեն Զադոյանը։ Նա նաև նշեց, որ ձախողելու իրավունք չունենք։

Aravot.am-ի հետ զրույցում էլ Կարեն Զադոյանը վերահաստատեց իր խոսքերը․« Քաղաքացիներն իրականում սպասում են այդ ակտիվների վերադարձին,և եթե վերադարձը չլինի, հիասթափություն է լինելու, որովհետև դա քաղաքացիներից գողացված գումարն է, ակտիվներ են և պետք է վերադարձվի՝տիրոջը՝ քաղաքացուն, տարբեր ծրագրերի տեսքով՝ սոցիալական, առողջապահական, կրթական, բայց առաջին հերթին պետք է կարողանանք վերադարձնել, նոր որոշել ինչպես ենք բաշխում»։

Ըստ Կարեն Զադոյանի, եթե ունենանք ճիշտ ինստիտուցիոնալ համակարգ ու կարողություններ, ներգրավվեն փորձագիտական ու կարող ուժեր, հնարավոր կլինի վերադարձնել ակտիվները։

Փոխնախարարը Կարեն Զադոյանի հարցին պատասխանեց այսպես․ «Ակտիվների վերադարձի հետ կապված ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ նրան, որ արդարադատության նախարարի կողմից էլ բարձրաձայնվել է հայեցակարգային մոտեցումները և իրավակարգավորումները։ Ներկայումս այս նախագիծը գտնվում է քննարկման փուլում և այն իր տարողունակությամբ հանդերձ և ենթադրյալ հարցերի առկայությամբ պայմանավորված՝ կարող է և պետք է քննարկման առարկա դառնա մեկ այլ , առավել ոլորտային քննարկման ձևաչափով, ոչ թե ինքնին հակակոռուպցիոն ռազմավարության։

Ապօրինի ակտիվների վերադարձի հետ կապված հարցը՝որպես միջոցառում անպայմանորեն նախատեսել ենք հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, բայց նաև իմ համոզմունքն է, որ այդ օրենքը՝ նկատի ունենալով իր հանրայնությունը, չափազանց մեծ կարևորությունը, հանրային այն սպասումները, որոնք այս պահին ունենք, պետք է առանձին քննարկման առարկա դառնա՝ իր բոլոր կարգավորումներով ու նախատեսած լուծումներով»։

Փոխնախարարը վստահ է, որ Հայաստանում անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են հակակոռուպցիոն ռազմավարությունը հետևողականորեն իրականացնելու համար․ կա քաղաքական կամք, համապատասխան միջավայր, անհրաժեշտ գործիքներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Եթե հակակոռուպցիոն ռազմավարությունը չի արտահայտում ոլորտի բոլոր դերակատարների ու հանրության սպասելիքները, իհարկե, կմնա թղթի վրա, բայց այս ռազմավարությունն առանձնանում է նրանով, որ կա կամք, համենայնդեպս մինչև հիմա կա այդ կամքը, որպեսզի դրա մշակմանը մասնակից դարձնեն բոլոր դերակատարներին և հանրությանը հուզող բոլոր խնդիրներն այս ոլորտի գոնե իրենց արծարծումը գտնեն այս փաստաթղթում»։

Նա նաև ասաց, որ անչափ կարևոր է հակակոռուպցիոն մարմինների ռեալ անկախություն ունենալը։

«Եթե չունենան ռեալ անկախություն, չեն կարողանա իրենց դիտակետի տակ պահել այսօրվա իշխանությանը, շատ հնարավոր է և մտավախություն կա, որ սլանքներն ավելի կուղղվեն դեպի ընդդիմության ուժերին։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի անկախություն լինի և մարմինը կաշկանդված չլինի որևէ քաղաքական ուժով, այդ թվում ներկա իշխող քաղաքական ուժով՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ քայլը» դաշինք խորհրդարանում։ Եթե այս խնդիրը լուծվի, բնականաբար, արդեն երկրորդական է դառնում մոդելի ընտրության հարցը, այստեղ արդեն պետք է նայենք փաստարկները, թե մեր երկրի համատեքստին որ մոդելը կլինի։

Մեր կարծիքով, դա ունիվերսալ մոդելն է, որը լուծումներ է տալու բոլոր երեք ուղղություններով՝ հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում և պատժի անխուսափելիության ապահովում, բայց վերջնական որոշումը պետք է կայացվի մասնագիտական քննարկումների փաստարկված արդյունքում։ Եվ ես հույս ունեմ, եթե այդ բոլոր մոտեցումները ներառվեն ներառողական գործընթացը շարունակվի մինչև վերջ ու լինի լայն համախոհություն, նաև ինստիտուցիոնալ համակարգի հարցում, բնականաբար հաջողելու է։ Եթե չլինի լայն համախոհություն, այլ իշխանական ուժի թելադրանքով ընդունվի այս կամ այն մոդելը, ապա մենք ուղղակի պիտի սպասենք, տեսնենք ինչ արդյունքներ կգրանցի, նոր գնահատական տանք, բայց չենք կարծում, որ դա ճիշտ ճանապարհ կլինի։ Ճիշտ ճանապարհը բոլորի դերակատարումն է և որքան հնարավոր է լայն համախոհությունը։ Այդ դեպքում չի ձախողելու, այս ռազմավարությունը չի մնալու թղթի վրա, որովհետև բոլորը իրենց տեր են համարելու ու ամեն ինչ անելու են, իրենց ուժը ներդնելու են, որպեսզի չձախողի», -ասաց Կարեն Զադոյանը։

Aravot.am-ի հարցին՝ դժվար չի լինի՞ մեր ժողովրդին օրինապահ դարձնելը, հատկապես որ երկար ժամանակ բարձիթողի վիճակ է եղել, Կարեն Զադոյանն ասաց․ «Գիտեք, կանխավարկած կա, որ կոռուպցիան հայերի արյան մեջ է, չկա այդպիսի բան, կոռուպցիան ազգություն չի ճանաչում; Եթե ասիական երկրները, որտեղ շատ վատ, այսպես ասեմ՝ կոռուպցիոն բարքեր են տիրում, կարողացան հաղթահարել, վստահ եմ, մենք կհաղթահարենք ավելի շուտ, եթե մենք միասնական լինենք այս պայքարում, ունենանք մեկ տեսլական և ուժերը համատեղվեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031