Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում խոսքի ազատությունը սպառնալիքի տակ է. Դունյա Միյատովիչ

Հուլիս 12,2019 19:45

Ադրբեջանում խոսքի ազատությունը շարունակում է մնալ սպառնալիքի տակ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով իր քառօրյա այցն Ադրբեջան:

Նա հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների մասին, որոնցում ընդգծվում է կառավարության քննադատների, քաղհասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների կամայական ձերբակալությունների ու կալանավորումների տագնապալից պատկերը:

Միյատովիչն ընդգծել է, որ «իրենց հայացքների համար կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակումը շարունակում է մնալ առաջնահերթություն», և վերահաստատել է զրպարտությունն ապաքրեականացնելու իր կոչը:

Բացի այդ, հանձնակատարը բարձրացրել է նաև լրագրողների, փաստաբանների, քաղակտիվիստների և իրավապաշտպանների՝ երկրից դուրս գալու արգելքի հարցը:

«Իշխանությունները պետք է զերծ մնան ճամփորդությունների կամայական արգելքի անհամաչափ փորձից և անհապաղ չեղարկեն այն արգելքները, որոնք հակասում են երկրից դուրս գալու իրավունքին»,- ասել է Միյատովիչը:

Հանձնակատարի այցի ևս մեկ կարևոր ուղղություն էր Ադրբեջանում փաստաբանների դրությունը: Միյատովիչը նշել է, որ Եվրախորհրդի անդամ երկրների շարքում Ադրբեջանում ամենաքիչ թվով փաստաբաններն են: Դա խաթարում է հասանելիությունն արդարադատությանը, հատկապես գյուղական շրջաններում, որտեղ փաստաբանների թիվը շատ փոքր է:

Հանձնակատարի խոսքով՝ ինքը տեղեկացված է 2019թ. ապրիլի 3-ի նախագահական հրամանի մասին, որով նախատեսվում են օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումներ արդարադատության համակարգում, որոնք պետք է հանգեցնեն արդարադատության հասանելիության բարելավմանը: «Ի հավելումն այդ բարեփոխումների՝ կառավարությունը պետք է ակտիվացնի ջանքերը՝ երկրում փաստաբանների պակասի խնդրի արդյունավետ լուծման համար, մասնավորապես շրջաններում, այդ թվում՝ ապահովելով, որ փաստաբանների կոլեգիայի ընդունելությունն իրականացվի որակավորման թափանցիկ գործընթացի և օբյեկտիվ չափանիշների ճանապարհով»,- ասել է նա:

Ընդգծելով, որ փաստաբանների խոսքի ազատությունը կապված է անկախ փաստաբանության հետ՝ հանձնակատարը մտահոգություն է հայտնել պաշտպանների խոսքի ազատության խախտումների մի շարք դեպքերի առնչությամբ: «Փաստաբանները պետք է հետևեն էթիկական նորմերին և հնարավորություն ունենան զբաղվելու մասնագիտական գործունեությամբ՝ չվախենալով վրեժխնդրությունից»,- ասել է Միյատովիչը:

Հանձնակատարը նաև անդրադարձել է ներքին տեղահանվածների խնդիրներին՝ բարձր գնահատելով դրանց լուծմանն ուղղված պետության քայլերը:

Այդ կապակցությամբ Միյատովիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման կարևորությունը, որպեսզի ներքին տեղահանվածները հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում:

Միյատովիչը այցը տեղի է ունեցել հուլիսի 9-12-ին: Այցի շրջանակում նա հանդիպել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, արդարադատության նախարարի, ներքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քաղաքական հարցերը նա քննարկել է նախագահի աշխատակազմի՝ միջազգային կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031