Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում:
Փոխնախարար Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել քննարկման կազմակերպման համար՝ նշելով, որ տեղեկատվության ազատության մատչելիության ապահովումը պետական մարմինների պարտավորություններից մեկն է:
Ներկայացնելով բուն բարեփոխումը՝ փոխնախարարն անդրադարձել է գրավոր հարցումների ներկայացման համար անհրաժեշտ պայման հանդիսացող ստորագրության առկայության և հարցումը ներկայացնողի քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջներին: Բարեփոխմամբ առաջարկվում է վերացնել գրավոր հարցման ստորագրված լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջը, ինչն էականորեն կհեշտացնի էլեկտրոնային www.e-request.am հարթակով պետական մարմիններին հարցմամբ դիմելու գործընթացը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն