Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Հայաստանը կանգնած է «պառակտված քաղաքակրթություն» դառնալու եզրին

Հուլիս 12,2019 17:31

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՊԱՌԱԿՏՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒ՞Ն

2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևուրումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:

Հայաստանի ներքին քաղաքական կյանքում իրական քաղաքական բևեռվածություն հաճախ է եղել: Հայ հասարակությունը անոդ vs կատոդ սկզբունքով տարբեր ուժգնությամբ բևեռացված էր և 1996-ին, և 1998-ին, և 2003-ին, և մասամբ՝ 2013-ին: Իսկ 2008 թվականի քաղաքական ցնցումը և առաջացած անջրպետները նախադեպը չունեին մեր նորագույն պատմության մեջ:

Սակայն այն, ինչ 2018 թվականի ապրիլից այս կողմ կատարվում է մեր երկրում լոկ հետցնցումային քաղաքական տարանջատումներ չեն և սրանով են այսօրվա իրողությունները տարբերվում նախորդներից և դառնում առավել վտանգավոր:

Ի՞նչ է կատարվում այսօր: Իմ կարծիքով, բոլոր նախորդ քաղաքական բևեռացումները ունեին բացառապես քաղաքական իմաստ և նշանակություն: Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները իրենց սոցիալ-կենցաղային մշակույթում, իրենց մտածելակերպի արքետիպերում հիմնականում ընդհանրական էին, նույնական:

Առկա պոլյարիզացիաները բացառապես քաղաքական էին և չէին առնչվում մտածելակերպային, ազգային, ավանդական և պատրիարքալ հիմքերին: Հայ հասարակությունն իր պետականաշինության վերևի հարկերում բաժանված լինելով ըստ քաղաքական ճաշակի և նախընտրությունների, իր բազիսում, իր հիմնահարկում և ֆունդամենտում ուներ իր անցյալի, իր արժեհամակարգի, իր սոցիալ-կենցաղային մշակույթի համընդհանուր չգրված, սակայն խորը արմատավորված ալգորիթմներ:

Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները՝ բոլորը, վերջիվերջո, «միջին վիճակագրական հայեր» էին:

Այն, ինչի ականատեսն ենք այսօր մենք, իր էությամբ ամբողջությամբ այլ երևույթ է և շատ ավելի խորն է, քան պարզապես քաղաքական հիմքով հասարակության շարունակվող տրոհման գործընթաց: Ես հակված եմ կոչել այսօրվա իրավիճակը «քաղաքակրթական պատռվածք»: Հետիշխանափոխական Հայաստանում «բարի-չար», «լավ-վատ», «ճիշտ-սխալ» կոորդինատային առանցքներում առաջացել են ճգնաժամային ճողվածքներ:

Գաղտնիք չէ, որ կայացած հասարակությունները առաջնորդվում են ոչ միայն գրված օրենքներով, այլև հազարամյակների ընթացքում առաջացած, մշակված և հանրային նորմ դարձած բազում չգրված օրենքներով: Ու հենց այդ չգրված օրենքների ավանդական համակարգն է այսօր խորը ճգնաժամի մեջ: Ավանդական հասարակական բարոյագիտության և բարեվարքության համակարգերը հոգեվարքի մեջ են, նախկին «չիկարելիները» իրենց տեղն են զիջել «կուզեմկանեմներին»: Բավական է դուրս գալ փողոց, կամ մեքենա վարել, կամ այցելել հասարականան վայր, կամ պարզապես շփվել երբեմն ծանոթ-ընկեր-բարեկամ ձևաչափով, և նկատելի է դառնում հանրային այդ չարորակ տրանսֆորմացիան:

Եվ սա պարզապես «մակարդակի», դաստիարակության կամ կրթության հարց չէ: Սա լրիվ ուրիշ օպերա է:

Հայաստանը կանգնած է «պառակտված քաղաքակրթություն» դառնալու եզրին, որտեղ մոլեգնող կեղծ-ազատականությանը համառ դիմադրություն է ցուցաբերում հասարակական տրադիցիոնալիզմը: Այս երևույթը մեզանում գոնե տեսանելի մակարդակում, ի տարբերություն այլ նմանօրինակ երկրների, դեռևս աշխարհաքաղաքական չէ: Սակայն դրա արտաքին քաղաքականացումը ապագայում չի բացառվում:

Եվ միանշանակ է, որ նման իրավիճակում հայտնված հասարակությունների դիմադրողականությունը համարժեք չի լինում նրան սպառնացող վտանգներին և եթե այսպես շարունակվեց, ապա պետության իմունային համակարգի գլխին կախված ռիսկերը կարող են ավարտվել աղետով:

Խնդիրը իրականում շատ ավելի ճակատագրական է, քան պարզապես Նիկոլ vs Սերժ, կամ Նիկոլ vs Ռոբերտ, etc քաղաքական դիմակայությունները:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218680531622579

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031