Լրագրողական 3 կազմակերպություններ՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը եւ Երեւանի մամուլի ակումբը, մշակել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ եւ հուլիսի 11-ին հանդիպել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քննարկել օրինագիծը:
«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ օրինագիծը հանձնել են հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի դատին: Թե ինչու են օրենքի նոր նախագիծ մշակել, Աշոտ Մելիքյանը նախ շեշտեց, որ գործող օրենքը 29 անգամ փոփոխության է ենթարկվել. «Ոլորտի խնդիրները լուծված չեն, բարեփոխումներ չեն կատարվել, ուստի ավելի ճիշտ էր նոր օրենք մշակել: Այն դրվելու է լայն քննարկման՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» եւ Երեւանի մամուլի ակումբի կայքերում»:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ օրենքի նախագիծը կատարյալ չէ, բայց առկա խնդիրների լուծումները տալիս է. «Նախագծով առաջարկվում է անալոգային ժամանակաշրջանում իր «դարն ապրած» լիցենզավորման ծանր ընթացակարգից հրաժարվել: Նոր՝ թվային ժամանակաշրջանում դա կարող է լինել ավտորիզացիայի (հեղինակազորում) գործընթաց, որն ավելի պարզ է եւ հնարավորություն կտա հեռարձակման ոլորտում հարաբերությունների վերանայման, մրցակցության զարգացման: Մյուս կետը, որին անդրադարձել ենք. մինչ օրս ՀՀ-ում թվայնացման գործընթացում չի ստեղծվել մասնավոր հեռարձակման թվային ցանց՝ մուլտիպլեքս: Գործող օրենքն անբարենպաստ պայմաններ է նախատեսում դրա համար: Մասնավոր մուլտիպլեքսի արդեն 4-րդ մրցույթն է հայտարարված, բայց հիշեցնենք, որ նախորդների պարագայում հայտատուներ չեղան: Առանց մասնավոր մուլտիպլեքսի՝ բոլոր հեռարձակողները կենտրոնանում են մեկ՝ թվային ցանցում, որը պետական մուլտիպլեքսն է, որը ոլորտի զարգացման համար ոչինչ չի խոստանում: Օրինագիծն առաջարկում է հնարավորություն տալ մարզերում փոքր եւ միջին բիզնես զարգանալուն: Այսինքն, պարտադիր չէ, որ մասնավոր մուլտիպլեքսն ընդգրկի ողջ ՀՀ-ն, ինչպես գործող օրենքն է պահանջում»:
Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ ըստ օրինագծի՝ թվայնացման գործընթացից դուրս մղված 10 հեռուստաընկերություններ հնարավորություն կունենան վերադառնալ թվայնացման ցանց՝ դառնալով մուլտիպլեքսի տեր, եթե ցանկանան, կամ հնարավորություն ունենան. «Պետությունը պարտավոր է հավասար պայմաններ ստեղծել»:
Կարդացեք նաև
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այս օրինագծով «Հանրային» հեռուստաընկերությունն առավելագույնս հաշվետու է լինելու հանրությանը. «Օրինագիծը սահմանում է հանրային լսումներ, քննարկումներ, անկախ կառույցների հարցումներ: Առաջին անգամ նախատեսվում է ունենալ ներքին օմբուդսմանի ինստիտուտ, որը հանրության շահերի պաշտպանն է լինելու հեռուստաընկերության ներսում, ընդունելու է տարբեր բողոքներ՝ լրագրողական էթիկայի խախտումների եւ վիճելի հարցերի վերաբերյալ, եւ որոշում է կայացնելու, ապա՝ այն փոխանցելու «Հանրային»-ի խորհրդին՝ քննարկման համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ