Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մանվելյան. Հնարավոր է՝ ՋԷԿ-երը չեն կարողացել բավարարել, սա էլ բերել է հաճախականության տատանման

Հուլիս 12,2019 17:14

Aravot.am-ի հարցին՝ ի վերջո ո՞րն էր էներգետիկ համակարգի խափանման պատճառը, երեկ ԱԱԾ ղեկավարն ասաց, որ նախնական տվյալներով պարզ է, բայց պետք է խորը ուսումնասիրություն անեն, Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, սա տեխնածին էր, ոչ մի դիվերսիոն բան չկար: Շատ հնարավոր է, որ սա կապված է ամառային սեզոնի հետ, քանի որ ատոմակայանն էլ անջատված է ծանրաբեռնվածությունը ընկել է երկու ՋԷԿ-երի՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի: ՋԷԿ-երը չեն կարողացել բավարարել, սա էլ բերել է հաճախականության տատանման»:

 

Մեր հարցին՝ այսինքն՝ խնդիրը կապված չէ՞ իրանական կողմի հետ, ինչպես որ ենթադրում էին եւ հուլիսի 10-ին իր ասուլիսում նշել էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, պարոն Մանվելյանն ասաց, որ չի կարող ասել:

Այսօր սակայն փոխնախարար Հակոբ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում վթարի պատճառի նոր վարկած էր առաջ քաշել՝ չբացառելով, որ խնդիրը Երեւանի ՋԵԿ-ում կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պարոն Մանվելյանի կարծիքով, այսօր էներգետիկ համակարգում կառավարման լուրջ խնդիրներ ունենք. «Պետք է մշակվի էներգետիկ անվտանգության ռազմավարություն, որովհետեւ այս տարվանից մենք պետք է մաս կազմենք ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկային: Ես մի քանի անգամ փորձել եմ հասկանալ՝ մերոնք հասկանո՞ւմ են, թե ինչ է նշանակում ԵԱՏՄ շուկա, ինչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում եւ ինչ խնդիրներ է առաջացնելու»:

 

Մասնագետը նաեւ գտնում է, որ ճիշտ քայլ չէր Էներգետիկայի նախարարությունը փակելն ու լիազորությունները տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության վրա դնելը:«Այսպես կոչված բարեփոխումների արդյունքում լուծարվեց Էներգետիկայի նախարարությունը, եւ սա, որոշակի խնդիրներ է ստեղծում: Բավականին լրջագույն ռիսկեր կան, որովհետեւ անհասկանալի է, թե այդ նախարարությունից ինչ մնաց, անհասկանալի է՝ ինչո՞ւ հատկապես միացրին տարածքային կառավարման նախարարությանը, սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

Արմեն Մանվելյանի համոզմամբ, հուլիսի 10-ին տեղի ունեցած էներգետիկ համակարգի խափանումը տեխնածին էր, բայց, ըստ նրա, ցանկացած նմանատիպ խնդիրների հետեւում մարդկային գործոն կա: «Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է գրագետ այս համակարգը կառավարվում, արդյոք կատարվում է որոշակի վերլուծություն, արդյոք մենք հասկանում ենք զարգացման տենդենցները, այն վտանգներն ու ռիսկերը: Սրանք հարցեր են, որ պատասխաններ չունեն»,-ասաց պարոն Մանվելյանը:

Նրա խոսքով, 2013 թվականին էլ այսպիսի խնդրի առաջ կանգնել ենք, բայց 2-3 ժամվա ընթացքում հարցը լուծվել է եւ բնակչության մեծ մասը չի էլ իմացել խնդրի մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031