«Իմ քայլը խմբակցությունում ես բացառում եմ, որ կան թեւեր, որոնց մասին խոսում են, չկան խմբավորումներ»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են, որ այս խորհրդարանը պետք է գնահատական տա նախորդ իշխանությանը, թեկուզ դա լինի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարության տեսքով, նրանք հայտարարության նախագիծ էին ուղարկել ԱԺ, ձեր խմբակցություն ու քննարկվեց, ի՞նչ դիրքորոշում ունեք: Մակունցը պատասխանեց. «Այն առնչվում էր ոչ թե քաղաքական գնահատական հնչեցնելուն, այլ ճանապարհային քարտեզ էր, թե ինչ քայլեր ձեռնարկել ոլորտի զարգացման համար: Յուրաքանչյուր հանձնաժողով սահմանել է, թե որ հատվածները կարելի է կիրառել, որոնք են ընդունելի, նաեւ հանդիպումներ են ունեցել առանձին ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է քաղաքական գնահատական հնչեցնելուն, խմբակցության ներսում այդպիսի քննարկում չի եղել, բայց կարող եմ ներկայացնել իմ անձնական տեսակետը՝ առանձին քննիչ հանձնաժողովները, որոնք ստեղծվում են տարբեր ոլորտներին վերաբերող, այդ հանձնաժողովների կատարած աշխատանքի արդյունքում գնահատականներ կհնչեցվեն: Ունենք ապրիլյան պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողով, որի ուսումնասիրությունների արդյունքում կհնչեցվի քաղաքական գնահատական, վստահ եմ»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խոսել էր թավշյա հեռացման մասին, այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Լիլիթ Մակունցն ասաց. «Մենք ԱԺ-ում հայտնվել ենք քաղաքացու քվեով եւ բնականաբար խորհրդարանում կլինենք ընդգրկված կամ չենք լինի ընդգրկված դարձյալ քաղաքացու քվեով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ