Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրահարույց է իրավիճակը, որը պահանջում է լուծում, հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով». Լիլիթ Մակունցը՝ սահմանադրական ճգնաժամի մասին

Հուլիս 12,2019 15:51

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Նախշուն Տավարացյանը գտնում էր, որ սահմանադրական ճգնաժամ չկա, մինչդեռ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ կա, ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը եւ առհասարակ այս խնդրի հանգուցալուծումը: Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է: Եվ ակնհայտ է, որ մասնագիտական տիրույթում կա ոչ միակարծիք վերաբերմունք երեւույթի նկատմամբ, 213 հոդվածի նկատմամբ: Գործ ունենք խնդրի հետ,որին պետք է տրվի լուծում: Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունն ունի որեւէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ: Դեռեւս չունենք հստակ դիրքորոշում, թե ինչպիսին պետք է լինի հանգուցալուծումը: Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով»:

Նա ասաց, որ որեւէ գնահատական չի տա՝ կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ, դա մասնագիտական տիրույթի հարց է. «Խնդրահարույց է իրավիճակը, որը պահանջում է լուծում: Այն պարագայում, երբ շատ որոշումներ կախված են հենց հարցի սահմանադրականությունը քննելուն, դիտարկելուն՝ սահմանադրական է, թե ոչ, ապա այստեղ պետք է ե՛ւ շտապել, ե՛ւ հապճեպ որոշումներ չկայացնել»:

Մակունցն ասաց, որ հնարավոր է օրենսդրական փոփոխություններ արվեն, հարցին՝ հնարավո՞ր է 213 հոդվածի փոփոխություն՝ նա պատասխանեց. «Չեմ բացառում, չնայած մասնագետներն այդտեղ խնդիր են տեսնում, ասում են, որ այդտեղ մեկնաբանման խնդիր ընդհանրապես չկա»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Վահե Գրիգորյանի նամակը ստացել են, ուսումնասիրում են եւ դրան անդրադարձ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031