Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Իրան առճակատման դեպքում ՀՀ էներգետիկ համակարգը կդիմադրի՞

Հուլիս 12,2019 15:40

«Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին`ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետից հետաքրքրվել էինք`եթե ԱՄՆ-ն Իրանի դեմ կտրուկ գործողությունների անցնի, ինչի հավանականությունը բացառված չէ`դատելով վերջին աշխարհաքաղաքական զարգացումներից, Հայաստանն ունի՞ պահուստային տարբերակ, որպեսզի էներգետիկ ճգնաժամից խուսափենք եւ երկու օր առաջ տեղի ունեցած խնդիրների, երբ հոսանքազրկվեց հանրապետության մեծ մասը, առաջ չկանգնենք:

«Տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն: Չի կարելի ասել, թե բացարձակ ռիսկեր չկան։ Դրանք միշտ կան եւ որեւէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ։ Բայց կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են: Ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որպեսզի որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»,- ասաց փոխվարչապետը` հստակեցնելով, որ երբ կառավարության նիստում վարչապետը հայտարարում էր, որ երկու օր առաջ տեղի ունեցածը արտաքին ազդեցությունների պատճառ էր, հենց տեխնիկական խնդիրները նկատի ուներ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ գազի սակագնի շուրջ ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններից: Հիշեցնենք, այդ բանակցությունները համակարգում է Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետն ասաց, որ բանակցությունները շարունակվում են, դրանք բավական բազմաշերտ են հստակ հայտարարություններ, մանավանդ սակագնի փոփոխության մասով, դեռ հնարավոր չէ անել: Նա ասաց, որ գազի սակագինն առայժմ պահպանվում է «Գազպրոմ Արմենիայի» շահույթի հաշվին, բայց դա չի կարող անվերջ լինել:

Լրագրողները հետաքրքրվեցին`իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ԿԲ նախագահի`իշխանության նախընտրած թեկնածուն Մհեր Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ եկող տարի լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը: Մհեր Գրիգորյանն ասաց, որ իր հետ նման բանակցություններ չեն եղել:

Զրույցի մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031