Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավարացյանը ներկայացրել է հրաժարականի դիմում եւ այդ դիմումը մնացել է անհետեւանք». Մակունցը մտահոգված է ԲԴԽ նոր անդամների ընտրությամբ

Հուլիս 12,2019 15:29

Դատավորների ընդհանուր ժողովում ի վերջո ընտրվեցին ԲԴԽ-ի երեք անդամները Ռուբեն Վարդազարյան, Մեսրոպ Մակյան եւ Նախշուն Տավարացյան: Այս ընտրությունից տարակուսած են ընդդիմադիրները, Տավարացյանին հիշում են Ա1 պլյուսի փակմամբ: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցին՝ երեկվա այս ընտրությանը ձեր գնահատականը ո՞րն է, եթե վեթթինգ իրականացվի, հենց այդ ԲԴԽ-ն է իրականացնելու, խնդիրներ չե՞ն լինի: Մակունցը պատասխանեց. «ԲԴԽ-ն, որը պատասխանատու է լինելու վեթթինգի գործընթացի համար, առաջինը հենց իրենք պետք է անցնեն վեթթինգը՝ անկախ նրանից, թե ում կողմից են առաջադրվել, երբ են առաջադրվել: Իրենք պետք է անցնեն այդ գործընթացը: Ինչ վերաբերում է նոր անդամներին, ես չեմ կարող դատել՝ որպես մասնագետ, որովհետեւ իրավաբան չեմ, բայց այն խնդիրը, որը մատնանշեցիք, նաեւ այն տարակուսանքը, որը տեսնում ենք մամուլում, նաեւ քաղաքացիական հասարակության կողմից, առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»:

Հարցին՝ եթե ԲԴԽ-ն է վեթթինգ իրականացնում, ապա ԲԴԽ անդամների վեթթինգն ո՞վ պետք է իրականացնի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Այն, ինչը վերաբերում է դատավորի բարեվարքության ստուգմանը, ինչը մենք անվանում ենք վեթթինգ, պերմանենտ գործընթաց է, որը պետք է իրականացվի պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ: Բարձրագույն դատական ատյանների պարագայում կա հնարավորություն, որ այդ բարեվարքության ստուգման գործընթացում հենց այդ մարմինը նախատեսի գործընթաց ու շարունակի ընթանալ ինքնամաքրման ճանապարհով: Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի ձեւավորմանը եւ երեկվա ընտրությանը, ԲԴԽ-ն ձեւավորվում է երկու մարմինների կողմից՝ ԱԺ եւ Դատավորների ընդհանուր ժողով: ԱԺ-ում մենք փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որոնք վայելում են ոչ միայն «Իմ քայլի», այլ նաեւ բոլոր ԱԺ խմբակցությունների վստահությունը: Մենք իրավունք չունենք որեւիցե եղանակով ներխուժել Դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ, որովհետեւ դա կդիտարկվի սահմանադրական մի շարք նորմերի խախտում, բայց ինչ վերաբերում է երեկվա ընտրությանը, ես չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, բայց առնվազն ինձ համար զարմանալի է մեկ տարի անց այդ երդմնակալության արարողության կատարումը այն պարագայում, երբ որ տիկին Տավարացյանը ներկայացրել է հրաժարականի դիմում եւ այդ դիմումը մնացել է անհետեւանք: Սա որոշակի առումով անհասկանալի է եւ գուցե լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար: Չափազանց գեղեցիկ օրինակ է ուսանողներին ներկայացնելու, թե ինչ կարող է լինել: Այդ օրինակը չի կարող բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը եւ ինձ թվում է Դատավորներն ընդհանուր ժողովը պարզապես պետք է հաշվի առնի, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ փորձում ենք բոլորս հնարավորինս բարձրացնել վստահության շեմը, որը թույլ կտա ունենալ իրոք անկախ դատական իշխանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031