Ռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա) հայ կինոհանդիսատեսին հասու է դարձել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն պատմում է Սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջկա` Գիեդանիի մասին, որը մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում կարգուկանոնին: Ամեն ինչ փոխվում է, երբ նա ընկերանում է Կլաուդիա անունով մի ըմբոստ աղջկա հետ:
«Իմ ֆիլմը տրամագծորեն հակառակ է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմին (նկատի ունի Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի» արժանացած հայտնի ֆիլմը-Գ.Հ.): Տեսանկյունների տարբերություն կա: Սովորաբար նման ֆիլմերը ներկայացնում են բարձր խավի տեսակետը բնիկների վերաբերյալ: Օրինակ «Ռոմա» ֆիլմում ոչ թե բնիկների տեսանկյունն է ներկայացված, այլ ռեժիսորի հիշողությունները` իր մանկության վերաբերյալ: Իմ ֆիլմը լրիվ դրա հակառակն է»,-ասաց Սալան` զուգահեռներ տանելով երկու ֆիլմերի միջեւ` չհամաձայնելով, որ իր եւ Ալֆոնսո Կուարոնի ֆիլմերի միջեւ ընդհանրություններ կան:
Ապա հավելեց. «Իմ ֆիլմում ամեն ինչ ներկայացված է բնիկ աղջկա՝ Գիեդանիի տեսանկյունից: Այստեղ կարեւոր տարրը հպատակ լինելն է, կամ չլինելը, ենթարկվելը կամ չենթարկվելը: Եթե «Ռոմայում» հերոսը ենթարկվում է, իմ ֆիլմում հակառակն է: Այստեղ նաեւ դասակարգային պայքարի խնդիրն է արծարծված: «Ռոման» հարմար է դիտել միջին ու բարձր խավի հանդիսատեսին, իմ ֆիլմը նրանց հարմարավետության զգացողություն չի պատճառի, որովհետեւ շեշտադրում եմ այն, որ միշտ չէ, որ հարաբերությունները հարթ են բնիկների ու բարձր եւ միջին խավի միջեւ»:
Շավի Սալան հավելեց, որ Սապոտեկ հնդկացիական ցեղի հանդեպ հարազատություն է զգում, քանի որ ինքը Կատալոնիայից է. «Այն, ինչի միջով անցել եմ, իրենք էլ են անցել: Մենք մի հինգ տարի ապրել ենք այդ ցեղի հետ եւ հասկանում ենք նրանց խնդիրները: Երկուսս էլ ինքնության պահպանման խնդիր ունենք»:
Կարդացեք նաև
Ռեժիսորը հայտնեց, որ Գիեդանիի հերոսուհուն երկար է փնտրել եւ գտել է միայն 2 տարի անց. «Ինձ համար սցենարից հետո երկրորդ կարեւոր հարցը դերասանների հարցն է»:
Նշենք, որ Շավի Սալան Վալենսիայի Ալիկանտե քաղաքից է, Մեքսիկայի քաղաքացիություն ունի: Լրագրություն է ուսանել: Սցենարիստ է, ռեժիսոր և կինոպրոդյուսեր: Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի: Սալայի 9 կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոնների են մասնակցել՝ ավելի քան 80 մրցանակ շահելով և միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին: «Գիեդանիի պորտը» Սալայի առաջին խաղարկային ռեժիսորական աշխատանքն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ռեժիսորի լուսանկարը` http://beamos.es կայքից