Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արհմիության նախագահը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին հորդորեց դադարեցնել գործադուլն ու անցնել աշխատանքի

Հուլիս 12,2019 15:03

Լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլեւանյանն այսօրվա իր ասուլիսին մասնակցելու հրավիրել էր թե կառավարության, թե պղնձամոլիբդենայինի գործատուների ներկայացուցչի: Սակայն նրա խոսքով՝ վերջինները օբյեկտիվ պատճառով չէին ներկայացել, բայց իրեն լիազորել էին հանդես գալ հայտարարություններով: «Հուլիսի 2-ից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, ակցիա է, որը բերել է կոմբինատի աշխատանքի դադարեցման: Ակցիայի մասնակիցների պահանջները, նպատակները եւ խնդիրները անմիջականորեն իրենց իրավունքները պաշտպանելու, աշխատավարձերը վճարելու պահանջներ են. մասնավորապես, առանձնակի վտանգավոր եւ վնասակար աշխատանքային պայմաններում աշխատանքի վճարումների պահանջները, որոնք չեն վճարվել կամ պատշաճ չեն վճարվել:

Ընդհանուր առմամբ ոլորտի հետ կապված խնդիր կա, որը պետք է լուծել: Եթե ավելի քան հազար աշխատողները որոշակի պահանջներ են ներկայացնում, նշանակում է այդ խնդիրներին լուրջ մոտենալու եւ քննարկելու հարկ կա: Պետք է փնտրել ոչ միայն նախապատճառը եւ այն լուծելու հնարավորությունը, այլեւ պրոֆիլակտիկ քայլեր մշակել, որպեսզի հետագայում նման բաներ չկրկնվեն: Հայաստանում լեռնաարդյունաբերական ոլորտի ցանկացած խոշոր կազմակերպության աշխատանքի դադարեցումը հսկայական վնաս է հասցնում երկրին»,-ասաց Է Փահլեւանյանը:

Բանախոսի խոսքով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մեկ օրվա չաշխատելու ընդհանուր վնասը գործատուների հաշվարկով կազմում է $ 100 հազար:

«Խնդիրը ոչ այնքան վնասն է, որքան խնդրի լուծման պրոֆիլակտիկան: Երբ ասվեց, որ հրավիրվել էին նաեւ ոլորտային նախարարության եւ գործատուների ներկայացուցիչներ, առավոտյան մենք խոսել ենք եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ ես լիազորվում եմ գործատուի, ոլորտային նախարարության եւ արհմիության՝ փոխհամաձայնեցված խնդրի լուծման տարբերակ առաջարկել: Դա եռակողմ հանձնաժողովի ստեղծումն է, որտեղ կլինեն կառավարության, գործատուի եւ արհմիության կողմից մասնագետ ներկայացուցիչներ: Այդ եռակողմ մարմինը այս փուլում կզբաղվի տվյալ խնդրի լուծման գործերով: Դա ոլորտային պահանջներն ու խնդիրները նորմալացնել սկսելու հնարավորություն է, որը խնդրի լուծման կոնստրուկտիվ քայլ կլինի», վստահեցրեց արհմիության նախագահը եւ կոմբինատի աշխատակիցներին հորդորեց դադարեցնել գործադուլն ու անցնել աշխատանքի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031