Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ունեինք իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք ինչ եղավ». Արման Եղոյանը հերքում է, որ ասել է՝ 40 տարով են եկել իշխանության

Հուլիս 12,2019 14:37

«Երբ գալիս էի այստեղ, մտածում էի՝ ի՞նչ ցուցանիշներ կարելի է այստեղ ներկայացնել, որպեսզի դուք մեր էֆեկտիվությունը գնահատեք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 6-7 ամսվա իրականացրած աշխատանքները: Հանձնաժողովի նախագահները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները: Հերթը ֆինանսավարկայինինն էր:

Արտակ Մանուկյանն ասաց, որ քաղաքացիների դիմումների, քաղաքացիների ընդունելության հարցով նախորդ գումարման ԱԺ-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատելով՝ կարող են ասել, որ բավականին ավելացել են. «Հանրության կողմից բավականաչափ մեծ վստահություն կա ԱԺ-ի եւ մասնավորապես մեր հանձնաժողովի հանդեպ: Քաղաքացիների նամակները եւս շատ են»:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի աշխատանքները ներկայացնելով՝ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծեց, որ 3 նախագիծ, որոնց կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովում քննարկման արդյունքում ստացել է դրական եզրակացություն: Սա կարեւոր է այն առումով, որ նախկինում այն նախագծերը, որոնց կառավարությունը բացասական եզրակացություն էր տալիս, արդեն իսկ դատապարտված էին տապալման: Տիգրանյանի խոսքով՝ «Կարեւոր եմ համարում օրենսդրական այն փոփոխությունները, որոնք կատարվեցին կենսաթոշակային օրենսդրության մեջ, որի արդյունքում 80 հազար քաղաքացիներ այլեւս 25 հազարից ներքեւ կենսաթոշակ չեն ստանա, այսինքն, նվազագույն կենսաթոշակի շեմը բարձրացվեց»: Հանձնաժողովը կազմակերպել է քաղաքացիների 4 ընդունելություն, որին մասնակցել է 72 քաղաքացի, նաեւ ոլորտի մասնագիտական հանրույթի հետ ունեցել են փակ եւ բաց ձեւաչափով հանդիպումներ:

Լրագրողները Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին հարցրեցին՝ մամուլը գրել էր, որ դուք Աղվերանում հայտարարել եք՝ այս իշխանության եք եկել 40 տարով, այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը եւ ինչի՞ վրա է հիմնված այդ հայտարարությունը: Եղոյանը պատասխանեց, որ չի համապատասխանում իրականությանը. «Նման պնդում անել որեւէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունները նման պնդում անել չեն կարող: Մենք ունեինք իշխանություն,որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք ինչ եղավ: Այս արագ զարգացող աշխարհում ասում եմ՝ նույնիսկ բռնապետական իշխանությունները չեն կարող նման հայտարարություն անել, էլ ուր մնաց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները: Այս պահի դրությամբ մենք ընտրությունով ստացել ենք 5 տարվա մանդատ, կեսը անցավ, մնաց 4,5-ը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031