Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Իմ քայլը» խմբակցությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 6-7 ամսվա իրականացրած աշխատանքները:
Հանձնաժողովի «իմ քայլական» նախագահները ներկայացրեցին իրենց հանձնաժողովների կատարած աշխատանքները, թե քանի նիստ են հրավիրել, ինչ հանդիպումներ են նախաձեռնել ու մասնակցել:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունից խոսելով՝ ասաց, որ նախ շատ կարեւոր քաղաքական որոշմամբ իրենց հանձնաժողովը վերաբացվեց հունվարին. «Նախկինում այդ հանձնաժողովը փակվել էր այն պատճառաբանությամբ, որ մարդու իրավունքները ամենուր են: Մենք կարծում ենք, որ հենց այդ պատճառով է, որ պետք է ունենալ առանձին հանձնաժողով, որ այդ հանձնաժողովը առաջին ջութակը նվագեն մարդու իրավունքների հարցերով»: Խոսելով հանձնաժողովի աշխատանքների մասին՝ Մարիա Կարապետյանն օգտագործեց «ընդամենը» բառը. «Հանձնաժողովն այս ընթացքում հրավիրել է ընդամենը 8 նիստ եւ ընդամենը մի քանի նախագծերի է անդրադարձել»: Հիշեցնենք, որ սա այն հանձնաժողովներից է, որը տրված է ընդդիմությանը, նախագահը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:
Ընդունված նախագծերից Մարիա Կարապետյանն առանձնացրեց «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, «Բռնադատվածների» եւ «Փաստաբանության մասին» նախագծերը:
Կարդացեք նաև
Մարիա Կարապետյանը նաեւ խոսեց աշխատանքային հանդիպումների ու քննարկումների մասին, որոնք ունեցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, արդարադատության ւ առողջապահության նախարարների գլխավոր դատախազի հետ, Արցախի օմբուդսմենի հետ. «Հանձնաժողովն այցելել է Աբովյանի ՔԿՀ, որոշ անդամներ այցելել են Հրազդան ՔԿՀ, նաեւ հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացրել»:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի աշխատանքները ներկայացնելով՝ Մերի Գալստյանն ասաց, որ 7 աշխատանքային խումբ են ստեղծել, որոնց շրջանակներում մոտ 7 աշխատանքային քննարկումներ են իրականացրել՝ ամեն մի ոլորտում առկա խնդիրների գույքագրման եւ վեր հանման նպատակով: Նա մանրամասն ներկայացրեց, թե սկսած կաթի վերամշակումից, մինչեւ ոլորտի այլ խնդիրների լուծման նպատակով ինչ հանդիպումներ են ունեցել ու ինչ նախաձեռնություններով հանդես եկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ