Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ զուգընկեր…տղամարդ ու կնիկ՝ դա պետք է գրվեր». Բոստանջյանը՝ Գեւորգ Դանիելյանին

Հուլիս 12,2019 14:08

«Պարոն Դանիելյան, «ստրիպտիզի» մասին օրենք բերեցիք, ասացի՝ ամոթ չէ՞ հայ ժողովրդի համար նման բանը, հետո հանվեց օրենքը: Հետո, ինչո՞ւ չկասեցրիք ընտանեկան բռնության օրենքը»,-«Ազգային օրակարգ» կուսակցության եւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր Ստամբուլյան կոնվենցիայի խնդրահարույց դրույթները բարձրաձայնող սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանին այսպես դիմեց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրան դուր չեկավ Դանիելյանի շեշտած՝ «ընտանիք կազմող զուգընկերներ» հասկացությունը: «Ի՞նչ զուգընկեր…տղամարդ ու կնիկ՝ դա պետք է գրվեր: Ո՞վ է բստրել այդ իրավունքների կատեգորիան»,-հարցադրումներ արեց Վարդան Բոստանջյանը, ապա դարձավ Դանիելյանի համոզմանը, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց առաջ ՀՀ-ն պետք է դիմի ՄԻԵԴ-ին՝ եզրակացություն ստանալու համար: Բոստանջյանը վրդովված ասաց. «Հե՜րն եմ անիծել ՄԻԵԴ-ի, բա ա՞զգը, բա կրո՞նը»:

Գեւորգ Դանիելյանն այսպես արձագանքեց. «Առաջին անգամ եմ լսում, որ ընտանեկան բռնության մասին օրենք եմ բերել: Իմ ժամանակ նախագիծ անգամ չի մշակվել, ես 2010թ.-ից Արդարադատության նախարար չեմ եղել: Իսկ մերկապարերի վերաբերյալ օրենքը պետք է ընդունվեր, եւ ձեր առաջարկով չէ, որ այն հանվել է: Իմ առաջարկն այն էր, որ այդ ամենը քաղաքից դուրս տարվեր, ինչը չարվեց, հետեւանքները տեսնում եք: Առաջին անգամ եմ լսում, որ Սահմանադրության մեջ մենք «զուգընկերներ» ենք գրել, սխալվում եք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031