Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից առաջ ՀՀ-ն պետք է դիմի ՄԻԵԴ եւ կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ եզրակացություններ՝ խորհրդատվություն ստանա

Հուլիս 12,2019 13:33

«Պետք չէ ենթադրել, թե նոր ենք արթնացել եւ խոսում Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Խոսել ենք եւ մտահոգություններ հայտնել նաեւ չորս-հինգ տարի առաջ, երբ քննարկվում էր ընտանեկան բռնության հարցը, որն այդ կոնվենցիայի մի մասն է: Այս կոնվենցիայի հետեւանքները նվազագույնի պետք է հասցվեն»,-«Ազգային օրակարգ» կուսակցության եւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց սահմանադրագետ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գեւորգ Դանիելյանը:

Նրա բնորոշմամբ՝ շատ է խոսվում այն մասին, որ ըստ կոնվենցիայի՝ պետք է հարգել խտրականության արգելքի սկզբունքը. «Իշխանության ինքնավստահությունը հասկանալի է, բայց բավարար չէ, մանավանդ, երբ իշխանության որոշ ներկայացուցիչների մեկնաբանություններում իրավագիտությանը մոտ աղերսներ երբեմն չկան: Իրենք կարող են պնդել, որ ընտանիքի մոդելը չի խախտվելու, բայց շեշտեմ, որ կոնվենցիան վավերացնելու պահից ձեր տեսակետն արժեք չի ունենալու: Որ պահից վավերացվեց՝ բոլոր տեսակետները դառնալու են երկրորդական, դրանք ընդամենը հանրային կարծիք են»:

Գեւորգ Դանիելյանը կարծում է, որ կոնվենցիայի վավերացումից առաջ ՀՀ-ն պետք է դիմի ՄԻԵԴ եւ կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ եզրակացություններ՝ խորհրդատվություն ստանա. «Այն խտրականության արգելքի վրա է կառուցված: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե համատեղ բնավող զուգընկերներին ինչու պետք է արտոնություններ տանք: Եթե ընկերները չեն համարվում զուգընկերներ, ստացվում է, որ իրենց չենք պաշտպանում բռնությունից: Դրա համար պետք է հրաժարվել «զուգընկերներ» հասկացությունից: Եթե ընտանիքում բռնության թիրախ հանդիսացող ամուսիններին հավասարեցնում ենք զուգընկերների հետ, այդ կարգավիճակը հավերժ պետք է տարածել»:

Ապա Գեւորգ Դանիելյանը հարցադրում արեց. «Իսկ ինչո՞ւ ենք անտեսում երեխաների իրավունքները: Սահմանադրությունն ասում է, որ երեխաների իրավունքներն առաջնահերթ պետք է դիտարկել: Եվրոպայի փորձագետ-հոգեբանների վիճակագրության համաձայն՝ միասեռականների ընտանիքներում որդեգրված երեխաների 70%-ը հոգեկան խնդիրներ ունեն: Իհարկե, փոքր երեխան չի կարող ասել՝ ուզո՞ւմ է որդեգրվել միասեռականների ընտանիքում, թե ոչ, դա մենք ենք որոշելու, ինչից առաջ պետք է հաշվի առնել փորձագիտական տվյալները»:

Սահմանադրագետի բնորոշմամբ՝ բարդ կլինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դիմադրելը, բայց պետք է դիմել ՄԻԵԴ, որպեսզի տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չմնա:

https://www.facebook.com/aravot.am/videos/335229534083380/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031