Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ համակարգում վթարի նոր վարկած. հավանական է, որ խնդիրը Երեւանի ՋԵԿ-ում կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում է եղել

Հուլիս 12,2019 13:40

Փոխնախարարն ասաց՝ ուսումնասիրության դինամիկան փոխվել է

Հուլիսի 10-ին Իրանում, նախնական վարկածով, էներգետիկ համակարգում վթարի արդյունքում հանրապետության մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման մասին այսօր լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց, որ խոշոր վթարի հարցով բոլոր տարբերակները դիտարկվում են: Վարդանյանն այսօր ներկա էր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի շինաշխատանքների մեկնարկին:

Հիմա, ըստ փոխնախարարի, վերլուծություն է կատարվում, եւ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կավարտվի Երեւանի ՋԷԿ-ի, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ մյուս բոլոր խոշոր ենթակայանների ֆազային լարումների վերլուծությունը, որից հետո, երբ պարզվի, թե որ հատվածից է վթարը սկսվել, հետո արդեն վթարի պատճառների վերաբերյալ վերլուծություն կկատարվի: Ըստ Վարդանյանի, կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծում են:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ վթարի առկա 2 վարկածն արտաքին են, ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, փոխնախարարը պատասխանեց՝ ներքին վարկած էլ կա, ու ներկայացրեց վարկածի տարբերակները՝ մեկը՝ հնարավոր տատանումն է իրանական կողմում, մյուսը՝ մեր ներքին ռեսուրսների, այսինքն՝ տեխնոլոգիական խնդիր կայաններից մեկում:

Վարդանյանը վստահեցրեց՝ վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է եւ հավանական է, որ խնդիրը Երեւանի ՋԵԿ-ում կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում է եղել:

Փոխնախարարը վստահեցրեց՝ վթարն այնքան խոշոր էր, որ հնարավոր էր համակարգը, փոխնախարարի խոսքերով ասած՝ զրոյի վրա նստեր, ունենայինք ամբողջ էներգամատակարարման դադարեցում, որի վերականգնելը մի քանի օր կտեւեր. «Բայց համակարգի պատրաստ լինելու շնորհիվ 40-45% էներգամատակարարում կար, եւ հնարավոր եղավ վթարի հետեւանքներն արագ վերացնել»:

Հարցին՝ եթե Մեծամորի ատոմակայանն այդ պահին միացված լիներ, աշխատեր, հնարավո՞ր է վթարը ազդեր նաեւ դրա աշխատանքի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ ավելի հեշտ կլիներ, որովհետեւ կունենայիք եւս մեկ ռեակտիվ էներգիայի աղբյուր: Մինչեւ վթարը ատոմակայանին հասնելը բազմաթիվ ռելեական սարքավորումներ կան, որոնք կաշխատեին, ինչպես աշխատեցին Երեւանի ՋԷԿ-ում եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031