Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը

Հուլիս 12,2019 12:40

Ինչպես արդեն ազդարարվել էր, հուլիսի 10-ին Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը՝ երեկոյին ներկա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը և նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Անցնելով առաջ, ասենք, որ համընդհանուր կարծիքն այն էր, որ այսպիսի՝ բարձրագույն եվրոպական մակարդակի մենահամերգ այս բեմը վաղուց չէր տեսել։

Համերգից հետո զրուցեցինք մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ։

Իր խոսքով, «Հասմիկի ձայնը, նվիրումը տեքստին և յուրաքանչյուր բառի «իմաստի» արտահայտումը և հաղորդումը (նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես խոսում այդ լեզվով), իսկապես անհավատա՛լի էր։ Փառահեղ ձայնը ` անթերի տեխնիկան և զարմանալի երաժշտական ​​ինտուիցիան դարձնում են նրան եզակի արտիստ:
Սրան գումարենք նաև այն, որ նա չափազանց գեղեցիկ է՝ թոփ-մոդելի կազմվածքով:

Հասմիկի կողմից ընտրված գործերի ցանկը ծրագրի առաջին կեսի համար՝ Ռիխարդ Շտրաուսի բավականին բարդ երգերը, ցույց տվեցին մեզ այս նշանավոր երաժշտության խորը ըմբռնումը, որի հետ ակնհայտորեն Հասմիկն ունի շատ ուժեղ կապ: Աշխարհի ամենահայտնի օպերային փառատոնը, Զալցբուրգյան փառատոնը ներկայացրեց Հասմիկ Գրիգորյանին Շտրաուսի հիասքանչ «Սալոմե» օպերայում:

 

«Սալոմեի»՝ Հասմիկի մեկնաբանությունը, որն արժանացավ անցյալ տարվա լավագույն կանացի օպերային կատարմանը, դնում է իրեն օպերայի աշխարհի ամենահայտնի աստղերի՝ Աննա Նետրեբկոյի, Դիանա Դամրաուի, Իլդար Աբդազակովի, մյուսների հետ նույն շարքը, և այս տարվա օգոստոսին նա կշարունակի իր հաղթարշավը գալիք օգոստոսին «Սալոմեի» կատարումներով Զալցբուրգում։

Իսկ երևանյան համերգի ժամանակ Տատյանայի նամակի ընթերցման տեսարանի՝ Հասմիկի մեկնաբանությունը իմ երբևէ տեսած և լսած ամենավառ և խորաթափանց մեկնաբանություններից էր:

Նրա «ընթերցման» մեջ տեսնում ես առաջին անգամ կյանքում սիրահարված և խոցելի Տատյանային, և ով ստիպված է հսկայական խիզախություն ունենալ գրելու իր սիրելի Օնեգինին: Առաջին բառերից մենք զգում ենք նրա երկյուղը ու ամաչկոտությունը, և մեներգի ընթացքում մենք տեսնում ենք, որ Տատյանան աճում է և դառնում մի կին, որը հստակ գիտի, թե ի՞նչ է ուզում, և իր սրտին հետևելու է մինչև վերջ»:

Ձայնային տեսակետից անբասիր, էմոցիոնալ կատարումը արժանացավ օվացիաների վերացող անդադար «բրավո»-ների, ճիչերի լեփ-լեցուն դահլիճում: Հասմիկ Գրիգորյանի՝ Դվորժակի «Ջրահարսը» օպերայից մի հատվածի կատարումը՝ գեղեցիկ նրբերանգներով, նորից ու նորից ցնցեց դահլիճը:

Բնական է, որ Երևանում հատկապես կարևոր էր Անուշի մեներգի մեկնաբանությունը` Տիգրանյանի համանուն օպերայից:

Յուրաքանչյուր հայ երաժշտասեր բազում անգամներ տեսել և լսել է այս արիայի բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն, մաեստրո Օրբելյանի խոսքերով, առանց չափազանցության կարելի է պնդել, որ Հասմիկը իր կատարումով մի նոր նշաձող սահմանեց այս դերերգի համար: «Նրա մեկնաբանությունը ամենաանկեղծ և խորը մեկնաբանություններից էր, որ ես երբևէ տեսել և լսել եմ», ասաց մաեստրո Օրբելյանը։ Հայ հանդիսատեսը այս կատարումից հետո «պայթեցրեց» դահլիճը:

Տասնյակ «բիս»-երից հետո Հասմիկը կատարեց Պուչինիի «Ջաննի Շիչի» օպերայից Լորետայի մեներգի գեղեցիկ մեկնաբանությունը, և, վերջապե՛ս, համերգը ավարտվեց Պուչինիի «Մադամ Բատերֆլայի» մեներգով։

Օպերայի սիրահար, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող դեսպան Շոմբի Շարփն, որին ուղեկցում էր իր տիկինը՝ Սարա Ուոթերսոնը, ասաց․ «Բացարձակապես ապշեցուցիչ կատարումներ Հասմիկ Գրիգորյանի կողմից, խոսքերով չե՛ս էլ նկարագրի: 2019թ․Միջազգային օպերային մրցանակաբաշխության կին հաղթող Հասմիկը պարգևեց իր լավագույնը լեփ-լեցուն Հայաստանի ազգային օպերային թատրոնին, ստանալով չորս կանգնած օվացիա։ Շնորհավորանքնե՛րս Մաեստրո Կոնստանտին Օրբելյանին մի նոր գլուխգործոցի կապակցությամբ»։

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031