«Բավականին լարված եւ անորոշ փուլում ենք այսօր ՀՀ-ում, որովհետեւ իշխանափոխությունից հետո մի շարք խոստումներ չեն իրականացվել»,-«Ազգային օրակարգ» կուսակցության եւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը: Նրա բնորոշմամբ. «Ավելացել է անհանդուրժողականությունը, շարունակվում է բաժանարար գծերի կառուցումը: Մենք անընդհատ վկա ենք, թե ինչպես են ազգային ավանդական արժեքների եւ ինստիտուտների վրա իշխանության կողմից ճնշումներ եւ հարձակումներ լինում»:
Վերջին իրողությունը, ըստ Արա Հակոբյանի, դատաիրավական համակարգի հետ կապված ճնշումներն էին. «Խոսքը ՍԴ-ի մասին է: Մեր կարծիքով՝ իշխանությունն իր ներքին քաղաքական գլխավոր նպատակ է դրել ունենալու բացարձակ մենիշխանություն: Այդ պատճառով ունենալով վերահսկելի դաշտ՝ խնդիր է դրել իր ենթակայության տակ առնել դատաիրավական համակարգը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ