ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ստամբուլյան կոնվենցիայում խոսվում է սեռերի «նույնացման» մասին։ Բացի այդ, նա նկատեց, որ կոնվենցիան 2017թ. դեկտեմբերի 28-ին Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից կառավարությունում զեկուցվեց ընդամենը 40 վայրկյանի ընթացքում, ապա 2018-ին շատ արագ կերպով ստորագրվեց, եւ դրանից հետո նախկին իշխանությունը, բնականաբար, վավերացնելու էր փաստաթուղթը։
Արփի Դավոյանի կարծիքով կոնվենցիայի ընդդիմախոսների խնդիրն այն է, որ քաղաքական մեծամասնությունը փոխվել է, եւ ՀՀԿ-ի ժամանակ ստորագրված այս փաստաթղթի հետ հետագա աշխատանքը տանելու են ներկա իշխանությունները։ «Բայց հիմա առկա սուր քննադատություններն ու մեկնաբանություններն առնվազն անհասկանալի են։ Կոնվենցիայում բացառապես կանանց հանդեպ բռնության եւ ընտանեկան բռնության մասին է խոսվում, նաեւ դրանց կանխարգելման։ Ուղղակի մենք պետք է հասկանանք՝ վավերացնելու դեպքում մեր օրենքները ինչպես են աշխատելու այս փաստաթղթի հետ»։
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե այս կոնվենացիայում խոսվում է երրորդ սեռի մասին, եւ որ խնդիր կա գենդեր բառի մեջ, Դավոյանը նկատեց, որ խնդիրը ոչ թե կոնվենցիայում առկա գենդեր բառի մեջ է, այլ գենդեր բառի ու գենդերային հավասարություն հասկացության սխալ ընկալման։ Ըստ նրա՝ հարցն այն է, որ գենդերային հավասարությունն ամենեւին կին եւ տղամարդ սեռերի նույնականացումը չէ, այլ հանրության մեջ այդ սեռերի դերերի եւ իրավունքների հավասարության մասին է խոսքը, իսկ դա ամենեւին չի ենթադրում, որ մենք մեր ազգային արժեքները կորցնում ենք։
Անդրադառնալով քննադատություններին, որ կոնվենցիան հակասահմանադրական է, որ վնասում է մեր ազգային արժեքներին, նա նկատեց, որ նման պնդումներ են անում այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ լռել են մեր երկրում հակասահմանադրական բոլոր քայլերի ու որոշումների ժամանակ։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, թեպետ կոնվենցիան հիմա լայն քննարկումների առիթ է, այն ներառված չէ ոչ կառավարության, ոչ էլ ԱԺ օրակարգում։ Եվ Արփի Դավոյանի համար զարմանալի է, թե ինչու են նման հարցերը շատ պատահաբար նետվում օրակարգ, երբ դրանց մասին ներկա պահին խոսք չկա։
Զրուցակիցն ընդգծեց, որ կոնվենցիան հենց այնպես չի վավերացվելու, քննարկումներ են լինելու տարբեր շրջանակների հետ, խոսվելու է բոլոր խնդիրների մասին եւ հանգուցալուծումը լինելու է շահագրգիռ կողմերին լսելուց հետո։
ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում