Երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ հայտարարեց, թե նա Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը չի մասնակցելու, որովհետեւ կողմնակալ է։ Ի պատասխան՝ բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, որոնք հիմնավորում էին, որ ՍԴ ներկա կազմի մեծ մասը նույնպես չպետք է քննի Քոչարյանի գործը, որովհետեւ անաչառ լինել չի կարող։
Ու մինչ այս իրավիճակից դուրս գալու ելքեր էին փնտրվում, նախկին հանրապետական պատգամավոր ու ՀՀԿ կառավարության անդամ Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը «չորով» ահա այսպիսի որոշում ընդունեց։ Նպատակն ակնհայտ է՝ իբր Սահմանադրության անունից ամեն ինչ անել, որ Քոչարյանը խուսափի պատասխանատվությունից։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական, ու Սահմանադրական դատարանը, որն իբր պիտի ամենաանկողմնակալ կառույցը լիներ եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մնար, վերածվում է քաղաքական գործիքի։ Այո, ոչ թե քաղաքական մարմնի, այլ ընդամենը գործիքի, որը հաճույքով ու վարպետորեն օգտագործում են նախկինները։
Ամենամեծ զավեշտն այն է, որ Սահմանադրական դատարանն իբր ՀՀ Սահմանադրությունն է պաշտպանում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ բոլորը շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 20 տարիներին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խախտելով Սահմանադրության հնարավոր բոլոր հոդվածները, Հայաստանում զավթել են իշխանությունն ու հետա– գայում պահպանել այն՝ այդ ընթացքում ծայրից ծայր ապականելով արդարադատությունն ու իրավական համակարգը եւ ամեն տեղ նշանակելով յուրայիններին։ Իսկ երբ հեղափոխությունն այնուամենայնիվ հաղթել է, ու նախկինները հայտնվել են տեւական ազատազրկման հեռանկարին դեմ-հանդիման, նրանց կողմից նշանակված այդ նույն «Սահմանադրական դատարանի դատավորները» ատամներով պաշտպանում են նրանց՝ վկայակոչելով այն նույն Սահմանադրությունը, որի ոտնահարմամբ էլ իրենց տերերը զավթել էին իշխանությունը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում