Ինչի՞ արդյունքում է ձևավորվել այն մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում, երբ փաստացի գերակշռում է բացասականը: Ի դեպ՝ այս իրավիճակից վերջերս նեղսրտում են նաև իշխանության ներկայացուցիչները, բնութագրում դա որպես երևույթ, որի հարցում իրենց մեղավորությունը բացարձակապես չկա: Մյուս կողմից՝ կա տպավորություն, որ այս մթնոլորտը տեղափոխվում է նաև Արցախ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ստեղծված մթնոլորտի պատճառները մի քանի գործոնով է պայմանավորում: Գլխավոր խնդիրն, ըստ նրա, թաքնված է հին համակարգի նույնականացման մեջ:
«Ես ձեզ հետ զրույցում նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էի, որ այսօր արդեն ձևավորվում է անձնիշխանության համակարգ: Թեպետ անձնիշխանության համակարգն ու նախորդ՝ քրեաօլիգարխիկ համակարգերը բովանդակությամբ տարբեր են՝ մեկը քրեաօլիգարխիայի շահերն էր սպասարկում, մյուսը՝ անձնիշխանության, բայց դրանք էությամբ նույնական են:
Սա է հիմնական պատճառը, որ շատ երևույթներ այսօր ուղղակի կրկնվում են: Հիմա ստեղծված մթնոլորտը նույնությամբ կրկնում է նախորդ համակարգում առկա մթնոլորտին: Հիշենք, որ երրորդ նախագահը մեղադրում էր լրատվամիջոցներին երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու համար:
Այսօր առկա իրավիճակը, վերոնշյալում նկարագրվածը հենց այդ գաղջ մթնոլորտի տրամաբանության մեջ են: Միգուցե այն այլ անվանումներ է ստացել հիմա, բայց էությունը նույնն է:
Կարդացեք նաև
Սա ցույց է տալիս, որ այդ երկու համակարգերն իրար հոգեհարազատ են՝ բոլոր բացասական երևույթները տեղափոխվել են նաև այսօր ձևավորվող անձնիշխանության համակարգ:
Այն ժամանակ էլ էր նման մթնոլորտ ստեղծվում իշխանությունների կողմից, որովհետև երկրի զարգացման օրակարգ չկար: Եթե ուշադիր լինենք ու դիտարկենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պահվածքը, կտեսնենք, որ նրանցից շատ-շատերը այս մթնոլորտի համար հիմնականում մեղադրում են լրագրողներին, նաև փորձագետներին, ընդդիմությանը, դասեր տալիս նրանց:
Հիմա այսօրվա իշխանությունը ընդդիմությանը տալիս է այն դասերը, որոնք նախկին իշխանություններն էին իրենց տալիս, երբ իրենք այն ժամանակ ընդդիմություն էին»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հիմա իշխանության էությունը չի փոխվել, որովհետև համակարգի խաղի կանոններն են այդպիսին:
«Քանի որ անձնիշխանության համակարգ է ձևավորվում, և իրենք չեն պայքարում դրա դեմ, բնականաբար, իրենք մեղադրում են և՛ լրագրողներին, և՛ քաղաքացիներին, որոնք «չեն հասկանում հեղափոխության վեհ գաղափարները» ու սոցիալական ինչ-որ հարցերի մասին են բարձրաձայնում: Մեղադրում են բոլորին՝ անվանելով հակահեղափոխականներ: Հիմա մի քիչ տերմինաբանությունն է փոխվում, բայց էությունը նույնն է: Չի բացառվում, որ գա մի պահ, երբ այսօրվա առաջին դեմքը նույնպես լրագրողներին մեղադրի այն մթնոլորտի ստեղծման մեջ, որն առկա է:
Մեծ հաշվով, երևույթները նախորդ համակարգից «copy paste» են եղել այսօրվա համակարգում: Իսկ պատճառն այն է, որ ինչպես նախկին համակարգը չէր տալիս հասարակության զարգացման առաջընթացի հեռանկարը, այնպես էլ այս համակարգը չի տալիս: Հասկանալի չէ, թե ո՞ւր է գնում Հայաստանը նաև հիմա: Համակարգային տեսանկյունից ոչինչ չի փոխվել, դրա համար շատ երևույթներ նույնական են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս մթնոլորտը տանելու է այնտեղ, ինչին տարավ նախորդ համակարգը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: