Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան առաջին իսկ օրվանից սպասարկում է նախարար Էրիկ Գրիգորյանին և երբևիցե չի ծառայել ծրագրի պատշաճ իրականացմանը. «Իրատես»

Հուլիս 12,2019 10:36

Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի հետնաբակում կայանած է «Toyota Camry 2.5L» մարդատար ավտոմեքենան, որը սպասարկում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:

Այս նյութում կփորձենք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ նախկին ԲՆ նախարարներին սպասարկող «Honda Accord» մակնիշի` 015ԼԼ55 պետհամարանիշով ավտոմեքենան փոխարինվեց «Toyota Camry 2.5L»-ով (ի դեպ, նույն պետհամարանիշով), և ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին հետագայում իր ծրագրերն առաջ տանելու համար:

Պարզվում է, որ վերը նշված մեքենան գնվել և ՀՀ բնապահպանության նախարարության (ներկայումս՝ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին (ՊՀ) է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակը`«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում: Ձեռքիս տակ գտնվող համապատասխան փաստաթղթերի համաձայն` նպատակը եղել է նպաստել վերը նշված ծրագրի «Չափողականություն, հաշվետվայնություն և հավաստագրում» բաղադրիչի պատշաճ իրականացմանը, այսինքն` աջակցել ծրագրի պատասխանատու կողմ հանդիսացող նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին: Սակայն այդ մեքենան առաջին իսկ օրվանից սպասարկում է նախարար Էրիկ Գրիգորյանին և երբևիցե չի ծառայել ծրագրի պատշաճ իրականացմանը: Ս.թ. ապրիլի 11-ին կառավարության նիստի օրակարգում տեսնում ենք «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույք ամրացնելու մասին» 17-րդ կետը: Որպես զեկուցող հանդես էր գալիս նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այս նիստից հետո որոշ լրատվամիջոցներ անդրադարձան այդ որոշմանը և տվեցին իրենց գնահատականը. «Լատենտային կոռուպցիա. միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին»… Նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում (12 ապրիլ 2019 թ.) անմիջապես հանդես եկավ մի սրտաճմլիկ հայտարարությամբ, թե. «Այսօր «թերթերից» մեկը մի «սենսացիոն» լուր էր դրել, թե իբր միջազգային կազմակերպությունը կաշառել է կառավարությանը՝ մեքենա նվիրաբերելով։ Սովորաբար չեմ անդրադառնում նմանատիպ հրապարակումներին, բայց կից նկարներով տեղադրում եմ վերջին ժամանակահատվածում բնապահպանության նախարարության կողմից տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված տասնյակ մեքենաների նկարներից մի քանիսը։ Հ. Գ. Դրամաշնորհով ևս 4 նոր ամենագնաց մեքենաներ կստանանք առաջիկա օրերին»:

Իհարկե, դրամաշնորհով գնված 4 ամենագնացներն արդեն տեղ հասել են, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրանք հետագայում կիրառելու է պահպանվող տարածքներում, սակայն ինչ վերաբերում է վերը նշված «Toyota Camry 2.5L»-ին, այն գնվել է մի ծրագրի շրջանակներում, որ ամրագրվեր նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակին: Դա իր պաշտոնական նամակում հաստատել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դիմիտրի Մարիյասին:

Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ բնապահպանության նախարար(ներ)ի սպասարկման համար 2014 թվականին գնվել և ՀՀ ԲՆ-ին է տրամադրվել 2013 թվականի արտադրության «Honda Accord» մակնիշի (015 ԼԼ 55 համարանիշով) մեքենան, սակայն Է. Գրիգորյանին ներկայումս սպասարկում է և ՀՀ կառավարության նիստի օրակարգում հայտնված` վերը նշված ծրագրի գնած և իբր թե ՀՀ բնապահպանական ծրագրերի գրասենյակին հանձնվելիք մեքենան, որի համարանիշը, ի դեպ, դարձյալ 015 ԼԼ 55 է:

Մինչդեռ նախարարն այս ամենն իր ֆեյսբուքյան հարթակում անամոթաբար հերքում է, թե` նման մեքենա նախարարությունը նվիրատվություն չի ստացել, նաև տեղադրում KfW հարավի կենսոլորտային տարածքի միջոցներով, ինչպես նաև ՌԴ-ի կողմից տրամադրված` ռուսական արտադրության ամենագնացների նկարներն ու հաստատում, թե միակ նվիրատվությունը դրանք են:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

«Էկո Մեդիա» ցանցի համահիմնադիր

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031