«Ներքին ազատությունը բանականության ազատություն է, որն արտահայտվում է մտածողության անկախության մեջ, անկախություն՝ հեղինակությունների եւ սոցիալական նախապաշարումների կողմից թելադրվող մտածելակերպից, ինչպես նաեւ կարծրատիպային դատողություններից եւ ընդհանրապես սովորություններից: Նման ներքին ազատությունը բնության հազվագյուտ պարգեւ է եւ չափազանց ցանկալի նպատակ է ցանկացած անհատի համար»: Մտքի հեղինակը Ալբերտ Էյնշտեյնն է, որն, իմ կարծիքով, 20-րդ դարի մեծագույն հեղափոխականներից մեկն է՝ մարդ, որն օժտված էր անկախ մտածելու «բնության հազվագյուտ պարգեւով»:
Մենք՝ սովորական մահկանացուներս, բնականաբար, չենք կարող Էյնշտեյն դառնալ, բայց նրան գոնե մի քիչ նմանվելու ձգտում պետք է ունենանք: Իրականում մարդկության զգալի մասն այդ ձգտումը չունի, որովհետեւ սահմանափակվում են սոցիալական նախապաշարումներով, առասպելներով, բնազդներով: Միլիարդավոր մարդիկ հենց այդպես էլ ապրում են՝ իրենց նեղություն չտալով իմաստավորելու իրենց ունեցած պատկերացումները: Ասացեք խնդրեմ, 13 կամ 14-րդ դարի մարդկանց շա՞տ էր հուզում՝ արդյոք Արեգա՞կն է պտտվում Երկրի շուրջ, թե՞ հակառակը: Ընդունված էր մտածել, որ ճիշտը առաջինն է, եւ ոչ ոք «խելքին զոռ չէր տալիս» մտածելու՝ արդյոք դա այդպես է, թե չէ՝ նաեւ այն պատճառով, որ այդ հարցն առօրյա կյանքի հետ առանձնապես կապ չունի: Ավելին՝ շարքային եվրոպացուն, այդ թվում նաեւ կրթված եւ զարգացած մարդկանց, միանգամայն բնական էր թվում, որ եթե որեւէ մեկը ինչ-որ մտքեր է հայտնում, որոնք հակասում են եկեղեցական դոգմաներին (կամ հոգեւորականներն էին ասում, որ հակասում է), ապա նրան պետք է այրել խարույկի վրա:
Մարդկությունն այդ առումով սկզբունքորեն չի փոխվել: Օրինակ, միլիարդավոր մարդիկ աշխարհում վստահ են, որ իրենք աղքատ են ապրում (ինչը դարձյալ չափազանց հարաբերական է), որովհետեւ իշխանությունները, հարուստներն իրենց թալանում են: Եթե հայտնվում են տաղանդավոր մարդիկ, հմուտ հռետորներ, որոնք այդ թեզը կարողանում են վերածել գործողությունների, ապա տեղի են ունենում հեղափոխություններ: Դրանից հետո հաղթած հեղափոխականները սովորաբար փորձում են համոզել, որ աղքատությունը պայմանավորված է նաեւ այլ գործոններով, բայց նախորդ, իրենց իսկ՝ հեղափոխականների կողմից պաշտպանված «պարադիգման» փոխելը եթե ոչ անհնար է, ապա՝ չափազանց դժվար:
Դրա համար մտքի հեղափոխություն է պետք, որը կարող են իրականացնել ներքին ազատություն ունեցող, անկախ մտածող մարդիկ: Սոցիալական նախապաշարումները, առասպելները փոխելը նման է աշխարհի «երկրակենտրոն» մոդելը «արեգակակենտրոն» մոդելով փոխարինելուն: Գուցե անգամ՝ ավելի բարդ է: Նախապաշարումների դեմ գնացողներին հիմա այրում են «ֆեյսբուքյան խարույկի» վրա:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ Երկրի կենտրոնն իմ մասն է (Մասիսը) Արարատը:
Բոլոր մյուսները
ներմուծված
Մաստակ: