Լրահոս
Օրվա լրահոսը

6 տարի առաջ հայտարարված դպրոցականների՝ Բրազիլիա մեկնելու ավիատոմսերի ձեռքբերման մրցույթի հետքերով

Հուլիս 12,2019 13:00

«Խաղ» պետական բյուջեի գումարների հաշվին

«Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հայցը 5 տարի է, ինչ դատարաններում է:

Հայցվորը դատի է տվել «Բրենդ Մեդիա Տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` պահանջելով պատասխանող ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 16.722.036 ՀՀ դրամ, որից 12.882.600 ՀՀ դրամը` որպես չմատակարարված ապրանքի համար նախապես վճարված գումարի հետվերադարձ, 3.839.436 ՀՀ դրամը` որպես վնաս, ինչպես նաեւ` լուծել դատական ծախսերի հարցը (պետական տուրքի եւ փաստաբանական ծառայության վճարի):

Հայցվոր ֆեդերացիան հայտնել էր, որ 2013թ. փետրվարի 22-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ֆեդերացիան պետք է ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարների հաշվին կազմակերպեր «Դպրոցահասակ երեխաների մասնակցությունը դպրոցական խաղերին»:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2013թ. նոյեմբերի 5-ին հայտարարվել է 18 հատ Երեւան-Դուբայ-Ռիո դե Ժանեյրո-Բրազիլիա-Ռիո դե Ժանեյրո-Դուբայ-Երեւան ուղղությամբ ավիատոմսերի ձեռքբերման մրցույթ:

Նշվել էր ավիատոմսերի ժամկետը 2013թ. նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը, քանի որ այդ ժամանակահատվածում Բրազիլիայում տեղի էր ունենալու դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա 2013» խաղերը:

Մրցույթին հայտ ներկայացրած 4 կազմակերպություններից հաղթող է ճանաչվում «Բրենդ Մեդիա Տրանս» ՍՊ ընկերությունը:

2013թ. նոյեմբերին ֆեդերացիայի եւ բրենդականների միջեւ կնքվում է ավիատոմսերի առուվաճառքի պայմանագիր: Պատասխանողը պարտավորվում է հայցվոր-ֆեդերացիային հանձնել 18 հոգու համար նախատեսված Երեւան-Դուբայ-Ռիո դե Ժանեյրո-Բրազիլիա-Ռիո դե Ժանեյրո-Դուբայ-Երեւան ուղղությամբ ավիատոմսեր, որոնց արժեքը կազմում էր 12,882,600 ՀՀ դրամ: 2013թ. նոյեմբերի 26-ին՝ մեկնելու օրը պատվիրակությանը օդանավակայանում գրանցման ժամանակ հայտնում են, որ պատասխանող ընկերությունը չի կարողանում ապահովել պատշաճ ավիատոմսեր՝ մեկնումը կազմակերպելու համար: Ֆեդերացիան ստիպված «Աէրոստար» ՍՊԸ-ից ձեռք է բերում նոր ավիատոմսեր՝ դրանց համար վճարելով 16,722,036 ՀՀ դրամ, եւ պատվիրակությունը մեկնում է Բրազիլիա՝ չտապալելով միջոցառումը:

Ֆեդերացիան պահանջում է պատասխանողից ընկերությունից երեք օրվա ընթացքում վերադարձնել վճարված գումարը:

Պատասխանողը մինչ օրս գումարը չի վերադարձրել:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հունվարի 29-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվում է վարույթ: Նույն թվականի ապրիլի 9-ի որոշմամբ նշանակվում է դատաքննություն: 2014 թվականի մայիսի 27-ի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում պատասխանողը:

Նշենք, որ վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնում է բողոքում առկա թերությունները շտկելու համար:

Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում առկա թերությունները չի շտկում եւ կրկին չի ներկայացնում վերաքննիչ բողոք:

Դատարանի վճիռը ըստ այդմ մտնում է օրինական ուժի մեջ:

Սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքն ընդունում է վարույթ:

«Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Մեհրաբյանը 2017 թվականի հունվարի 11-ին ներկայացնում է վերաքննիչ բողոքի պատասխան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվում է եւ գործն ուղարկվում է նոր քննության:

Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ի «նոր» վճռով գումարի բռնագանձման պահանջի մասին ֆեդերացիայի հայցը մերժվում է:

Դատարանը վճռում է ֆեդերացիայից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 16,722,036 ՀՀ դրամի երեք տոկոսը՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
2014 թվականի դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով 16.722.036 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրվել «Բրենդ Մեդիա Տրանս» ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա, պահպանվում է մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Եռահատոր քաղգործը մուտքագրվում է վերաքննիչ դատարան այս տարվա ապրիլին:

Օրեր առաջ վերաքննիչ դատարանը 2018թ. դեկտեմբերի վճռի դեմ հայցվոր կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել է` նշված վճիռը բեկանել եւ փոփոխել է, հայցը բավարարել` «Բրենդ Մեդիա Տրանս» ՍՊ ընկերությունից հօգուտ մարզական ֆեդերացիայի բռնագանձել 16.722.036 դրամ։

«Բրենդ Մեդիա Տրանս» ընկերությունից հօգուտ ֆեդերացիայի բռնագանձել հայցադիմումի եւ վերաքննիչ բողոքի համար սահմանված, վերջինիս կողմից արդեն իսկ վճարված պետական տուրքի գումարները` համապատասխանաբար 335.000 դրամի եւ 501.661 դրամի չափ, ինչպես նաեւ հայցվորի փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 250.000 դրամ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

11.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031