Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող են նաեւ տեղային հանրաքվեներ իրականացվել, որպեսզի մեր քաղաքացիները լիարժեքորեն ընդունեն խոշորացման անխուսափելիությունը, նոր միայն անցնենք խոշորացման»

Հուլիս 12,2019 13:30

«Առավոտը» Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ զրուցեց խոշորացման հետագա փուլերի եւ մարզպետների ինստիտուտի առավել արդյունավետ գործելու համար անհրաժեշտ փոփոխությունների մասին:

– Խոշորացման մեկ փուլ արդեն անցել է, հատկապես քաղաքների շրջանում, օրինակ՝ Եղվարդ, Չարենցավան քաղաքներում: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի շարունակությունը, մասնավորապես նաեւ կառավարության ծրագրում էլ ամրագրումներ կան խոշորացման հետ կապված:

– Մեր քաղաքական թիմը, մասնավորապես վերջին շրջանում բազմաթիվ անգամներ ասել է, որ մենք հակված ենք համայնքների խոշորացման շարունակականությանը, քանի որ առնվազն վերջին մեկ տարվա մեր պաշտոնավարման ընթացքում ի հայտ եկած խնդիրների հաղթահարման առումով, նախկինից ժառանգած խնդիրները հիմնովին լուծելու ճանապարհին մենք հավելյալ անգամ համոզվեցինք, որ խոշորացված համայնքներում ավելի հեշտ է իրականացնել զարգացման ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական, շինարարության ոլորտի հետ կապված, քան մեկուսի համայնքներում: Առաջին գործոնն այն է, որ առանձին համայնքներում փոքր բյուջեի պատճառով չենք կարողանում սուբվենցիոն ծրագրեր իրականացնել, մինչդեռ մի քանի համայնքներից բաղկացած խոշորացված համայնքն արդեն կարողանում է ավելի մեծ բյուջե ունենալու դեպքում ֆոնդային մասում լրացնել, գումարներ կուտակել եւ դրանք ուղղել այդ առանձին բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանը: Այդ մտայնությամբ էլ մենք մտադիր ենք հետագայում խոշորացումները շարունակել: Սակայն ինչպես վարչապետն է նաեւ ժամանակին նշել, դրանք պետք է ուղեկցվեն հանրային լայն լսումներով, ինչպես նաեւ կարող են տեղային հանրաքվեներ իրականացվել, որպեսզի մեր քաղաքացիներն՝ իրենք լիարժեքորեն ընդունեն այդ ճանապարհի անխուսափելիությունը, արդյունավետությունը, նոր միայն անցնենք խոշորացման:

Այդ պատճառով որոշ տարածաշրջաններում այս պահին կան նաեւ լսումներ, քննարկումներ, իսկ առհասարակ Կոտայքի մարզի մասշտաբով ասեմ, որ մեր համայնքների մեծ մասում, որտեղ կա համայնք-քաղաքացի փոխադարձ հաշվետու կառավարում, ավագանու ինստիտուտի՝ արդեն որոշակիորեն կայացում, համայնքի ղեկավարը հաշվետու է իր ընտրողին ու ավագանու ինստիտուտին, այդ համայնքներում մենք տեսնում ենք՝ քաղաքացիների մոտ կա այն համոզումը, որ խոշորացման ճանապարհով մենք կարող ենք ավելի արդյունավետ կառավարել մեր համայնքները, եւ մեր համայնքային, տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետորեն կարող է իրացնել իր լիազորությունները, այդ թվում նաեւ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի միջոցով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր ներդնել, այլ զարգացման ծրագրեր իրականացնել: Ինքս անձամբ հակված եմ այդ ճանապարհին, քանի որ, օրինակ, Եղվարդ խոշորացված համայնքի օրինակը բերեմ, մի շարք բնակավայրերում մենք իրականացրել ենք բազմաթիվ ենթակառուցվածքների, արտադպրոցական դաստիարակության հաստատությունների հիմնանորոգում: Այս տարի եւս սուբվենցիոն ծրագրերով ներկայացված են մի քանի ծրագրեր: Անցյալ տարի Զովունի բնակավայրի արվեստի դպրոցի հիմնանորոգում, մանկապարտեզի շենքի առանձին մասնաշենքի հիմնակառուցում, երկրորդ խմբի բացում՝ լիարժեք նոր գույքով, ներհամայնքային ճանապարհների ու մի առանձին թաղամասի ջրագծի հարցի լուծում: Սարալանջ բնակավայրում եւս համայնքային կենտրոն ենք կառուցել եւ գլխավոր ճանապարհներ ենք ասֆալտապատել, լուսավորել եւ այլ բազում օրինակներ:

– Հետագայում ի՞նչ ծրագրեր կան. խոշորացումը միայն գյուղակա՞ն համայնքների շրջանում եք նախատեսում, թե՞ նաեւ ցանկալի է քաղաքային համայնքների շուրջ՝ Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան:

– Հրազդանն իր բնույթով կարելի է ասել՝ խոշորացված է: Այն արդեն ոչ ֆորմալ խոշորացման շրջանից շատ ավելի առաջ ոչ ֆորմալ ձեւով խոշորացված է եղել, քանի որ հարակից յոթ գյուղերի, բնակավայրերի միություն է՝ այդ թվում Ջրառատ, Աղբյուրակ թաղամասը, Վանատունը, որոնք առանձին գյուղական բնակավայրեր են ենթադրում: Հիմա մասնավորապես Հրազդանի, Ծաղկաձորի կամ մյուս քաղաքների հետ կապված նոր փնջեր ձեւավորելու օրակարգ այս պահին չունենք: Ավելի շատ դեռ առաջին պլանում են այն համայնքները, որոնք առանձին, մեկուսի բնակավայրեր, համայնքներ են, եւ վարչատարածքային առումով խելամիտ է նրանց խոշորացումը մեկ ընդհանուր փնջի մեջ: Օրինակ՝ Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ, Թեղենիկ հատվածը, կամ Նոր Հաճն, Նոր Արտամետ, Մրգաշեն եւ Քանաքեռավան ուղղությունը: Այս պահին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ այդ փնջերի կազմման փուլում ենք: Դեռ վերջնական քարտեզագրում չենք արել, դեռ որոշում չունենք, թե որ շրջանում ենք սկսելու խոշորացումը: Այն, որ քաղաքականությունը դրան է տարվում եւ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն, ձեռնամուխ լինենք դրան, դա փաստ է, բայց կոնկրետ այս պահին դեռ նման որոշում չկա, ինքներս նաեւ տարածքային կառավարման մարմինների շրջանակներում խելամիտ ենք համարում խոշորացումը հետագա համայնքների համաչափ զարգացման, տարածքային զարգացման առումով, որ այս փուլում սուբվենցիոն ծրագրերով եւ հրատապ ծրագրերով ու կյանքի որակը փոխելուն միտված ծրագրեր իրականացվեն մեր համայնքներում: Խոշորացումը դրա կարեւորագույն գործոնը կարող է դառնալ:

– Արդեն մեկ տարի մարզպետ եք. մեկ տարվա փորձառությամբ ի՞նչ կարգավորումների, փոփոխությունների կարիք կա մարզպետների ինստիտուտի համար, որ ավելի արդյունավետ աշխատեք:

– Տարածքային կառավարման ինստիտուտները նախկին տասնամյակներին բավականին խեղված են եղել մեր երկրում: Մարզպետի ինստիտուտը նախկինում կարծես թե չէր ծառայում այն առաջնահերթություններին եւ առհասարակ այն տեսլականին, որը Սահմանադրության կամ անցյալ տարի արդեն ուժը կորցրած՝ նախագահի հրամանագրի համաձայն կոչված էր ծառայելու: Մարզպետի ինստիտուտն ավելի շատ ուժի կենտրոն էր դարձել, որ կոնկրետ քաղաքական ուժի կամ ուժերի համար ուղիղ խնդիրներ էր լուծում: Այս մեկ տարում մեր թիմը փորձել է տարածքային կառավարման ինստիտուտն ամրացնել, մասնավորապես Կոտայքի մարզում մեզ պատվիրակված կամ վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում ենք կառավարության ծրագրային քաղաքականություն եւ ինչպես նաեւ իրականացնում համայնքների ղեկավարների նկատմամբ սեփական լիազորությունների վերահսկողական գործառույթներ: Այն լիազորությունները, որ այսօր ունենք, բավականաչափ ընդգրկում ունեն, պարզապես պետք է դրանք նաեւ ճիշտ համադրել Հողային օրենսգրքի, ՏԻՄ օրենքի եւ մնացած իրավակարգավորումների հետ: Շատ դեպքերում ունենում ենք կազուսային իրավիճակներ, երբ, օրինակ, համայնքներում սեփական լիազորություններն իրացնելիս համայնքի ղեկավարները կայացնում են որոշումներ, որոնք ուղղակիորեն հակասում են համայնքի, պետական շահին, բայց մարզպետի ինստիտուտը, որն օժտված է վերահսկողության գործառույթով, չի կարողանում առկախել նման որոշումների գործադրումը: Միայն վերահսկողական գործառույթը ենթադրում է պոստ ֆակտում արձանագրում եւ միջոցների ձեռնարկում, այդ թվում նաեւ իրավական գնահատական: Ստիպված ենք լինում անմիջապես հակադարձել իրավապահ մարմինների միջամտությամբ կամ իրավապահների ուշադրությունը հրավիրել այդ փաստին: Ցայտուն օրինակը Աբովյան քաղաքի այդ տխրահռչակ 67 լոտից բաղկացած աճուրդն էր, երբ ամիսներ շարունակ առաջարկում էի համայնքի ղեկավարին՝ տեսնելով կոռուպցիոն ռիսկերը, նաեւ Հողային օրենսգրքի հոդվածների խախտումներով հայտարարված աճուրդ: Օրենսդրական որեւէ կարգավորում չկար դրանք չեղարկելու, կամ ինքս գործուն միջամտություն ունենայի, որ դրանք հեռացվեին:

Բոլոր փաստարկներն, առաջարկներն անտեսելով՝ վերընտրված քաղաքապետը գնաց այդ աճուրդներին՝ միայն իրավապահների ուշադրությունը հրավիրելով այդ աճուրդներին: Այս պահին արդեն քրեական գործ կա հարուցված: Ուստի ստիպված ենք լինում պոստ ֆակտում իրավական գնահատական տալ համայնքի ղեկավարի գործողություններին, որը կարելի էր պարզապես կանխել կամ գոնե հանցափորձի կամ հնարավոր հանցակազմ պարունակող դրվագները չեղարկել: Դրանով է, որ տարածքային կառավարման մարմիններն օժտված չեն: Չնայած մյուս կողմից էլ տեղական ինքնակառավարումը մեր Սահմանադրությամբ անկախ է մեր երկրում: Բայց այդ անկախությունը որոշ համայնքների ղեկավարների կողմից առավել չարաշահվում է եւ ծառայում է սեփական շահերի, քաղաքական շրջանակների կամ որոշ դեպքերում կլանային շահերի սպասարկմանը: Այդ պարագայում որպես կառավարության ներկայացուցիչներ պետք է միջամտենք եւ կասեցնենք նման գործունեությունը: Գործող Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ մեզ վերապահված չէ այդպիսի գործողություններ, ինչի ականատես եղանք վերջին շրջանում մի շարք բնակավայրերում:

Տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը մեր երկրում սաղմնային վիճակում են, չնայած 1996 թվականից մենք այս ինստիտուտի գոյությունն ունենք, բայց վերջին մեկ-երկու տարիներին են կայանում այս երկու ինստիտուտները: Խոշորացումին զուգահեռ նաեւ տարածքային կառավարման ինստիտուտն է զարգանում: Գուցե կգա մի փուլ մեր երկրում, որ խոշորացված համայնքների վերահսկողություն իրականացնող տարածքային կառավարման մարմիններ կարող են անհրաժեշտ չլինել. շատ դեպքերում ասում են, որ մարզպետարանների լուծարումն էլ անխուսափելի է: Բայց քանի դեռ տեղական ինքնակառավարման ինստիտուտները չեն կայացել եւ դրանք վերահսկելու ավելի արդյունավետ գործիքակազմ կառավարությունը չունի, կարեւորում եմ մարզպետի ինստիտուտը եւ խիստ պահանջված եմ համարում մարզպետի գործունեությունը տարածաշրջաններում: Մարզպետարանի աշխատակազմի վերահսկողական գործառույթների ճիշտ իրականացումը մեր համայնքներում անհրաժեշտ է, որպեսզի կառավարության իրականացրած բարեփոխումները, քաղաքականությունն ամբողջապես ճիշտ պրոյեկտվի համայնքներում եւ չբախվի արգելապատնեշների, կլանային ու սեփական եսի շուրջ կառուցվող տեղական ինքնակառավարման երեւույթներին, այլ միայն ծառայի համայնքի զարգացմանը՝ ի շահ պետության եւ նրա քաղաքացու:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

11.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031